News.am. Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի իրենց շենքի պատշգամբում լվացքի պարանից կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 84-ամյա Լենա Բ.-ն միայնակ էր բնակվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրանց հարեւանները: Նրանց փոխանցմամբ՝ ինքնասպանություն գործած կինը 1 աղջիկ ունի, որը բնակվում է Ռուսաստանում: Լենան հարեւաններին պատմել է, թե իրեն էլ են ցանկանում տանել Ռուսաստան: Հարեւանները 84-ամյա կնոջը բնութագրում էին բարի եւ հանգիստ կին, որը կապված էր իր տանը:
Ոստիկանության Վանաձորի բաժնից էլ NEWS.am-ը տեղեկացավ, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 18.15-ին տեղեկատվություն էր ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի պատշգամբում լվացքի պարանից կախված քաղաքացի կա, որի դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները 2-րդ հարկի պատշգամբից իջեցրել են 84-ամյա Լենա Բ.-ի դին: