Հին Երեւանն այսօր չկա: Չի մնացել Հին Երեւանը հիշեցնող փողոց, թաղամաս, շենքերն էլ մատների վրա կարելի է հաշվել: Եվ կամաց-կամաց պակասում են մեզ հետ, մեր կողքին ապրող հին երեւանցիները՝ մարդիկ, ում հիշողության մեջ տպվել է հետպատերազմյան Երեւանը, մարդիկ, ովքեր տեսել են ստալինյան, խրուշչովյան, բրեժնեւյան, գորբաչովյան երեւանները:
Նրանցից մեկի հոբելյանն է այսօր: Եվ իր հոբելյանին ընդառաջ՝ Մ. Մանուելյանը հրատարակել է «Տատիկի հեքիաթներ» (Бабушкины сказки) գիրքը, որում շատ յուրատիպ ձեւով ներկայացնում է իր եւ իր ընտանիքի պատմությունը՝ ճամփորդելով ժամանակի եւ տարածության միջով: Այստեղ տեղ են գտել անգամ Չարենցը, Վազգեն Ա կաթողիկոսը, խաղաքարտ խաղացող Դրոն եւ այլք…
Թեեւ գիրքը ռուսերեն է, սակայն այնտեղ հետաքրքիր ձեւով տեղ ունի նաեւ հայերենը՝ երբեմն բարբառով, երբեմն՝ խոսակցական: Գիրքը ձեւավորված է հեղինակի (Մ. Մանուելյանը գրքում երբեմն ինքն իր մասին երրորդ դեմքով է գրում՝ Մ.-ն, երբեմն՝ Մայան, երբեմն էլ՝ առաջին դեմքով) զավակների եւ թոռների նկարներով, նրանցում տեղ են գտել նաեւ ընտանեկան արխիվից հետաքրքիր լուսանկարներ, այդ թվում՝ Մ.-ի հոր՝ Ալեքսան Մանուելյանի ուսանողական նկարներից, որոնցում «ժողովրդի թշնամի» հռչակված ընկերների դեմքերը Ա. Մանուելյանի եղբայրը ծխախոտով այրել էր՝ եղբորը չվտանգելու համար:
Գիրքն ընթերցվում է մի շնչով, նրանում կան ինչպես Երեւանի, այնպես էլ այլ քաղաքների՝ Գորիսի, հին Սպիտակի՝ Համամլուի եւ այլ քաղաքների այնքան նուրբ ու մանրակրկիտ նկարագրություններ, որ վաղուց իրենց դեմքը կորցրած քաղաքները վեր են հառնում մեր հիշողության կամ երեւակայության մեջ, իսկ դեմքը պահպանածները, ինչպիսին Գորիսն է՝ այնքան շնչավոր է, որ անգամ թափանցիկ օդն ես զգում եւ շտապում մի հարմար օր գտնել՝ այցելելու համար:
Կարդացեք նաև
Սակայն գրքի բազմաթիվ առավելություններից գլխավորը ոչ այնքան ինքնատիպությունն է, անկեղծությունը, մանկական անմիջականությունը, գույների բազմազանությունը, մեզ տրված՝ մեր անցյալի հետ առնչվելու աննախադեպ հնարավորությունը, որքան նուրբ եւ չպարտադրող հումորը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ