Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժեշտի խոսք ուսուցչիս

Սեպտեմբեր 28,2013 13:35

2013թ. սեպտեմբերի 25-ին, կյանքի 62-րդ տարում, ծանր հիվանդությունից անժամանակ հեռացավ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ Զառա Տեր-Ղազարյանը:

Հայ երաժշտագիտության նորագույն պատմության մեջ Զառա Տեր-Ղազարյանը հզոր ինտելեկտով առանձնացող գիտնական, մանկավարժ էր: Նրա իմաստուն, քաջ, խոհեմ ու բոցավառ խոսքն առանձնանում էր միայն իրեն բնորոշ տաղանդով: Կոնսերվատորիական լսարանում, գիտաժողովներում, պատասխանատու բեմերում, սովորական զրույցներում նա հաստատում էր իր անսովոր ու եզակի ձեռագիրը: Նրա ազդեցիկ կերպարն ու գործը չէր կարող անտարբեր թողնել ժամանակակիցների ընկալման վրա: Զառա Հայկովնան այնպիսի անհատներից էր, որոնք միշտ վեհ են մնում ու ցանկացած պահին բարձրացնում ու մաքրում են սեփական միջավայրը: Նա ոգեղեն գեղեցկության կրող էր: Իր 40-ամյա մանկավարժական ուղին օրինակ ու չափանիշ էր շնորհակալ ուսանողների, հարգելի կոլեգաների համար: Ասում են` անփոխարինելի մարդ չկա, բայց Զառա Հայկովնան նման ճշմարտության եզակի բացառությունն է:

Զառա Տեր-Ղազարյանը հայ երաժշտական աշխարհ եկավ միանգամից, ոգեշունչ ու միշտ հետաքրքիր բովանդակությամբ. եկավ մտավորականների ընտանիքից, թրծվեց 1960-ականների կրթական հզոր ու ազնիվ դպրոցում, ստեղծեց մանկավարժի ու գիտնականի իր անդավաճան ավանդույթը: Զառա Տեր-Ղազարյանի ճանապարհն անցել է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցից մինչեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա. երկու հարազատ կրթօջախ, որոնցից յուրաքանչյուրին թողեց գիտնականի իր պատգամը. դպրոցի 50-ամյակին նվիրված «Ճանապարհ դեպի Պառնաս» գիրքը, իսկ կոնսերվատորիային ավանդեց հաճույքով ու սիրով գրված «Արեւմտաեվրոպական երաժշտության պատմություն» առաջին հայալեզու դասագրքի ձեռագիրը: Նրա գիտական հետաքրքրությունների կիզակետը հայ երաժշտությունն էր ու Արամ Խաչատրյանը` Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում: Այս ընթացքը վավերացվեց «Ա. Խաչատրյանի ստեղծագործության վաղ շրջանի ձեւավորումը» թեկնածուական աշխատանքով, ապա` կոմպոզիտորի նամականու երկու ժողովածուների հրատարակմամբ: «Իմ անավարտ գործերը կիրագործեմ առաջին իսկ ֆիզիկական հնարավորության դեպքում»,-սա էր նրա կյանքի վերջին ամիսների հույսը:

Զառա Հայկովնայի երկրային ուղին ընդհատվեց կյանքի ու գործունեության գագաթին` լուռ մոլորության մեջ թողնելով բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան: Տարածությունը մեզ չթողեց լինել նրա կողքին: Ժամանակը հոսեց` թողնելով իր հետեւից միայն հուշեր` բարի ու լավ: Բայց ապրածի հետքը չունի ժամանակ ու տարածություն: Մենք կհիշենք Զառա Հայկովնային` կյանքի սիրով ու կորովով, երիտասարդ ավյունով, նրա միշտ հետաքրքիր հայացքով:

ՕԼՅԱ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30