Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արարատում կպայքարեն «Պուտինը», «Ուզբեկը» եւ եւս 3 հայեր…

Սեպտեմբեր 28,2013 14:21

Ընտրապայքարը կընթանա մարզային ուժեղ կլանների միջեւ

Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո համայնքի ղեկավարումը ժամանակավորապես վստահվեց փոխքաղաքապետ Խաչիկ Մնացականյանին: Հոկտեմբերին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրության օրը դեռեւս նշանակված չէ, սակայն Արարատում արդեն ակտիվորեն շրջանառվում են թեկնածուների անունները: Հիշեցնենք, որ այս համայնքում ղեկավարի ընտրությունը ամեն անգամ թեժ է եղել: Արարատը համանուն մարզի ամենամեծ քաղաքներից մեկն է, եւ այստեղ մեծ է հետաքրքրությունը մարզային տարբեր տրամաչափի հեղինակությունների (մարզպետ-պատգամավոր-գործարար-ոստիկանապետ-այլն) նկատմամբ՝ քաղաքում իրենց դիրքն ավելի ամրապնդելու համար:

ԲՀԿ-ն այստեղ կառաջադրի «Արարատցեմենտ» գործարանի արտադրության պետ Սամվել Բարսեղյանի թեկնածությունը: Հետաքրքրական է, որ այստեղ շրջանառվում են երեք ՀՀԿ-ականների անուններ՝ Վլադիմիր Հովհաննիսյան, Հայկ Հայկյան եւ Կարեն Խաչատրյան: Հովհաննիսյանը երկար տարիներ եղել է համայնքի ավագանու անդամ: Հայկ Հայկյանը եւ Կարեն Խաչատրյանը 2004-ին նույնպես առաջադրված են եղել տարբեր կուսակցությունների կողմից եւ պարտվել են Հակոբ Թովմասյանին: ՀՀԿ-ական այս երկու թեկնածուներն էլ ունեն բազմակուսակցական հարուստ կենսագրություն. Կարեն Խաչատրյանը՝ «ուզբեկ» մականունով, եղել է «Հանրապետություն», ՕԵԿ, «Նոր ժամանակներ», ՀՅԴ կուսակցությունների անդամ: Իսկ վերջին կուսակցափոխության՝ ԲՀԿ-ից ՀՀԿ գնալու արդյունքում ստացել է քաղաքի ոստիկանապետի պաշտոնը: Խաչատրյանն առաջադրված է եղել նաեւ 2007թ.-ի ընտրություններում, սակայն ընտրապայքարի կեսից հանել է իր թեկնածությունը եւ սատարել Աբրահամ Բաբայանին: Հայկ Հայկյանը՝ ՀԺԿ, ՀՅԴ, ՕԵԿ քաղաքային կառույցի ղեկավար, երկար ճանապարհն անցնելուց հետո այժմ հանգրվանում է ՀՀԿ-ում եւ ԱԺ պատգամավոր Արամայիս Գրիգորյանի հովանավորյալն է, աշխատում է նաեւ պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում: Թե նշված երեք ՀՀԿ-ական թեկնածուներից ում կսատարի կուսակցությունը, հավանաբար պաշտոնական հայտարարությունը կլինի թեկնածուների պաշտոնական առաջադրումից հետո: Ըստ «Առավոտի» աղբյուրների՝ կուսակցության ներսում տարաձայնություններ կան այդ հարցում:

Այս ընտրապայքարում նույնպես թեկնածուների անվանացանկում կլինի Արարատի նախկին քաղաքապետ, անկուսակցական Հակոբ Թովմասյանի անունը, ով քաղաքը ղեկավարել է 2001-2007թթ.: 2007-ին համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի աննախադեպ թվեր էին շրջանառվում քաղաքում, «փողային» մեծ պայքար էր ընթանում պատգամավորական եւ մարզպետական թեւերի՝ Գրիգորյանների եւ Սարգսյանների միջեւ, արդյունքում՝ նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի թիմը հաղթեց, եւ քաղաքապետ ընտրվեց Աբրահամ Բաբայանը, քանի որ նրանց ձեռքին էին նաեւ վարչական բոլոր լծակները: 2011-ի ընտրության ժամանակ, երբ թեժ ընտրապայքար էր ընթանում Թովմասյանի եւ Բաբայանի միջեւ, վերջին շաբաթում Թովմասյանը ինքնաբացարկ հայտնեց: «Առավոտին» տված հարցազրույցում նա իր ինքնաբացարկը պայմանավորել էր իր թիմակիցների նկատմամբ կիրառվող՝ ոստիկանական ոչ իրավաչափ գործողություններով: Հիշեցնենք, որ այդ ժամանակ տարբեր պատրվակներով ձերբակալվեցին եւ ոստիկանության Արարատի շրջանային բաժին տարվեցին Թովմասյանի մերձավորներից ու թիմակիցներից շատերը: Թովմասյանը կամ, ինչպես արարատցիներն են ասում, Արարատի «Պուտինը» մարզում համարվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մարդը եւ մշտապես գտնվում է նրա հովանավորության տակ:

Այսպիսով՝ հավանաբար այստեղ ընտրապայքարը կընթանա Աբրահամյանների եւ Գրիգորյանների կլանների միջեւ: Վերջին երկու ընտրությունները փաստում են, որ Արարատում, ինչպես հանրապետության մյուս քաղաքներում, կարեւոր գործոն է ընտրակաշառքը: Հարցված արարատցիները վստահ են, որ «դեպուտատը» էլի փող կբաժանի, մեծ «ակնկալիքներ» կան նաեւ ԲՀԿ-ից: Մեզ հետ զրույցում Արարատի մի քանի մանկավարժներ էլ, որոնք չցանկացան ներկայանալ, կարծիք հայտնեցին, որ այս անգամ արարատցիներն ընտրակաշառքով չեն խաբվի. «Եթե լինեն մարդիկ, որոնք ունեն այդ փողի կարիքը, ապա արդեն կվերցնեն գումարը, բայց կընտրեն այլ թեկնածուի: Կարծում եմ՝ արարատցիներն արդեն եկել են գիտակցության, որ գումարով իրենց չեն խաբի ու չեն գնի եւ կգնան ճիշտ ընտրության»:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30