Տուրիզմի համաշխարհային օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հյուսիսային պողոտայում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» կազմակերպել էր տուրիստական էքսպո:
Էքսպոյի ընթացքում Հայաստանի 10 մարզերը ներկայացնում էին իրենց մարզի առանձնահատկությունները՝ տեսարժան վայրերը, ավանդական ուտեստները, իսկ 10 տուրիստական կազմակերպությունները, որոնք հիմնականում զբաղվում են ներգնա տուրիզմով, ներկայացնում էին իրենց ծառայությունները:
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» ծրագրերի պատասխանատու Արուսյակ Պողոսյանը նշեց, որ իրենց գերակա խնդիրն է զարգացնել ներգնա տուրիզմը.
«Քանի որ Հայաստանի ամեն մի մարզ առանձնահատուկ է և տարբերվող է իր մշակույթով, որոշեցինք շեշտը դնել հենց մարզերի վրա: Քաղաքամայր Երևանը բազմիցս լուսաբանվում է, և տուրիստի համար դժվար հասանելի չեն Երևանի տեսարժան վայրերը, փոխանակ՝ մարզերում կա տուրիստներին իրենց արժեքները ներկայացնելու խնդիր»:
Կարդացեք նաև
Հանրապետության մարզերը ներկայացնում են «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» մարզաբնակ անդամները, քանի որ, ըստ Արյուսակի՝ ամենալավը իրենք կարող են ներկայացնել իրենց մարզը:
Տուրիստական կազմակերպություններից մեկի աշխատակից Լիլիթը նշեց, որ ներգնա տուրիզմը օրեցօր զարգանում է այլազգի զբոսաշրջիկների շրջանում, և իրենց կազմակերպությունը դեռ չի ունեցել հայ զբոսաշրջիկ:
Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մեկը՝ Գեղարքունիքը, ներկայանում էր՝ Արծվաքարով և Սևանով: Արծվաքարը ներկայացնող Շողերը նշեց, որ իրենց քաղաքում տուրիզմը ընդհանրապես զարգացած չէ.
«Մեր մոտ բազմաթիվ տեսարժան վայրեր կան, որոնք շատ լավ կլիներ, որ օտարերկրացիները և մեր սփյուռքը գար, տեսներ: Մենք հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ մեր մարզը աչքի ընկնի, փորձում ենք մեր լուման ունենալ մարզում տուրիզմի զարգացման մեջ»:
Սևանը ներկայացնում էին «Սևան երիտասարդական ակումբի» կամավորները, որոնք բացի մարզը ներկայացնելուց նաև փորձում էին բարեգործություն կատարել Գավառի մանկատանը՝ վաճառելով թեյեր:
Տուրիստական էքսպոյով հետաքրքրված քաղաքացիներից մեկը նշեց, որ ներգնա տուրիզմը ձեռնատու է միայն այլազգի զբոսաշրջիկներին.
«Այսպիսի միջոցառումները ոչ միայն պետք են տուրիստների համար, այլ նաև տեղացիների համար էլ, հատկապես՝ երիտասարդների: Կարծում եմ, միջոցառումը արված է հատկապես տուրիստների համար, չնայած որ իրենք ավելի լավ գիտեն Հայաստանը, քան մենք: Որովհետև այնքան թանկ է, որ չենք կարող գնալ և տեսնել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ