Այսօր Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուների քարոզչության վերջին օրն է: «Ժառանգություն»-ից առաջադրված պատգամավորի թեկնածու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանն այսօր Կապանի մշակույթի հարակից հրապարակում իր վերջին հանդիպումն ունեցավ ընտրողների հետ:
Այսօր նրան էին միացել նաեւ մայրաքաղաքից ժամանած մարտական ընկերները, հանդիպմանը ներկա էր գտնվում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սամվել Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ արդեն բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի բոլոր հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցներին հրահանգվել է ընտրել հանրապետական թեկնածու Արմեն Կարապետյանին:
«Ինչքան հանրապետական կա՝ 4 քաղաքապետով, գյուղապետերով, դուրս են եկել իմ դեմ: Հիմա վերեւից հրահանգ է իջեցված, որ իրենց թեկնածուին ընտրեն: էսօր դպրոցների, բոլոր հիմնարկ ձեռնարկությունների աշխատողներին ստիպել են, որ մասնակցեն մյուս թեկնածուի՝ Արմեն Կարապետյանի հանրահավաքին ու ասել են, ով չգա՝ աշխատանքից կհեռացնենք: Արդեն տեղեկություններ կան, որ սկսել են ցուցակներ կազմել՝ փող բաժանելու համար: Զգուշացնում եմ բոլորին, ով զբաղվի այդ գործով, ինձ մոտ արդեն մի քանի անուններ կան, պատասխան է տալու օրենքով մեր առաջ՝ ազատամարտիկների առաջ», -ասաց Սամվել Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը բնակիչներին դիմելով, համոզմունք հայտնեց, որ Սամվել Հայրապետյանը ժողովրդի այլընտրանքն է, ով ԱԺ-ում կբարձրացնի սյունեցիների աշխատատեղերի, արժանապատվության, կենսաթոշակների, ազատամարտիկների, բնապահպանության եւ տարբեր ոլորտներին վերաբերող բոլոր այն հիմնահարցերը, որոնք հուզում են շարքային սյունեցիներին:
«Թիվ 38 ընտրատարածքում ինչ ճնշում էլ բանեցնեն՝ սահմանապահ զորք է, օտար է, յուրային է, նախկին մարզպետ է, որ 6 ամիս առաջ բերման ենթարկեց Սամվելին, ով իմ շտաբի պետն էր, բոլորը թող իրենց գործով զբաղվեն: Եթե դուք ուզենաք՝ Սամվելը կիրակի օրը դառնալու է ձեր պատգամավորը ԱԺ-ում, ով անվախ բարձրաձայնելու է ձեր խնդիրների մասին: Հենց իր նման պարկեշտ մարդը պետք է ներկայացնի Կապանը, Սյունիքը, Նժդեհի ժառանգությունը: Գիտեմ ճնշումների, թվեր խփելու հրահանգի մասին, որ իջեցվել է, ով ուզում է տոկոս խփել ժողովրդի հաշվին՝ ինքն է խփվելու»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ անդրադառնալով ռուս սահմանապահների հետ կապված միջադեպին՝ քննադատեց եւ անթույլատրելի համարեց նրանց արարքը:
Իսկ Երեւանից Կապան ժամանած գնդապետ Խաչիկ Ավետիսյանը կոչ արեց կապանցիներին կիրակի օրը գնալ ընտրատեղամաս եւ անվախ ընտրություն կատարել: ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընտրազանգվածին խնդրեց Սամվել Հայրապետյանին գործուղել ԱԺ, քանի որ նրա օգնության կարիքն ունի խորհրդարանում:
«Այնպես արեք, որ Սամվելը լինի իմ կողքին ԱԺ-ում, ես նրա կարիքն ունեմ, որովհետեւ հենց նրա նման մարդիկ պետք է լինեն ԱԺ-ում: Կարեւոր չէ, թե մարդն ինչ գեղեցիկ խոսքերով կխոսի, կարեւորն այն է՝ ինչպիսի գործ նա կանի, իսկ դուք գիտեք Սամվելն ինչ գործ է արել մեզ համար, մեր հայրենիքի համար: Այսօր, ըստ էության, ազգային-ազատագրական պայքար է, եւ հենց Սամվելի նման մարդիկ պետք է գան եւ ազատագրեն մեր հայրենիքը», – հավելեց Զարուհի Փոստանջյանը եւ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի բոլոր համայնքների բնակիչներին բարի ընտրություն մաղթեց՝ հորդորելով կատարել խղճին համահունչ ընտրություն:
Իսկ Կապան քաղաքի բնակիչներից մեկը թեկնածուի նախընտրական հանդիպման ժամանակ բարձրաձայնեց ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի գործունեության տարիներին կատարված խախտումների մասին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Տեսանյութում ելույթ ունեցողը ԼՐԻՎ ճիշտ է:
Ես ինքս Կապացի եմ և պարբերաբար լինում եմ այնտեղ: Իմ աչքերով տեսածն եմ ասում. ուրեմն Կապան քաղաքում ՊԵՏԱԿԱՆ հովանավորությամբ (ժողովրդի համար) ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ նշույլ անգամ չկա: Այսինքն՝ մի պետական բնակելի շենք կառուցեն,մի հասարակական- պետական ժամանցի տեղ/հավաքատեղ կառուցեն,կամ նման մի շինություն: ՈՉԻՆՉ – բացի մի քանի օլիգարխահոտ օբյեկտից,ոչինչ չկա:
Այսինքն՝ Կապանի կառավարման գործում ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱԿԱ է ու վերջինիս տեղը գրավել է Քաջարանի ՄԱՍՆԱՎՈՐ հանքի/ԶՊՄԿ-ի շուջը հավաքված հանքայն կլանի 1-2 ՉԸՆՏՐՎԱԾ անհատ,որոնց ԻՍԿԱԿԱՆ տերը ոմն ԳԵՐՄԱՆԱՑԻ է:Այսինքն՝ էդ գերմանացու քմահաճուքից է կախված Կապանի և հարավային Սյունիքի ապագան: Սա ԱՂԵՏ բա չէ՞ ու ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱՎՈՒՄ մի «արդար» հանքային խմբի կողմից:
Արդյունքն էլ, իհարկե, պիտի այն լինի, որ Սյունիքը վեր են ածել մի մեծ-սև հանքի ու սյունեցուն,ԿՈՊԵԿՆԵՐ վճարելով,ՍՏՐՈՒԿԻ պես աշխատեցնում են:Գումարած հանքային թունավորվածությունը ԱՄԵՆՈՒՐԵՔ: Ինչի սյունեցին ձեր ՀԱՐԻ՞ՖՆ է:
ՀՀԿ-ն սովորել է «արդար» ընտրություններ փախցնել ու մնալ ԱՆՊԱՏԻԺ:Բայց սրա վերջն էլ կգա:
Ես, ԱՌԱՆՑ մի գրամ անգամ կասկածելու, կընտրեի «Ժառանգության» թեկնածուին,որովհետև ԻՐԱՊԵՍ ապահով Սյունիք/Հայաստան «Ժառանգության» պես ազգային-առաջադիմական կուսակցությունները միայն կարող են կերտել:
Ամբողջովին համաձայն եմ, հաստատում եմ ձեր խոսքերը:Ես ինքս անձամբ ականատեսն եմ ձեր խոսքերին: