Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Տրանսպորտի հանձնաժողովը հիշեցնում է ՀՀԿ-ն». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2013 21:20

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետարանի ստեղծած` տրանսպորտի սակագինը քննարկող հանձնաժողովին, կարծիք հայտնեց, որ դա ստեղծվել է ընդամենը կոծկելու օրենքի խախտումները:

«Ես ուզում եմ հասկանալ` մյուս մարդիկ եկել են լրամշակելու ի՞նչը, կոպտագույն խախտումներով որոշումնե՞րը, որոնցից  մեկը վերաբերում է ավտոբուսի եւ միկրոավտոբուսի ուղեվարձի թանկացմանը, դա պետք է անվավեր ճանաչվի, իսկ մյուսը` տրոլեյբուսինը` առ ոչինչ: Այս հանձնաժողովը ստեղծվել է ընդամենը կոծկելու համար օրենքի այն խախտումները, որոնք տեղի են ունեցել որոշումները ընդունման պահին»,-ասաց «Բարեւ Երեւանի» անդամը:

Ինչ վերաբերում է հանձնաժողովին, ապա պարոն Սաֆարյանի խոսքերով` այդտեղ ընդգրկված մարդկանց մի մասը այն մարդիկ են, որոնք կանգնած են տրոլեյբուսի, միկրոավտոբուսների, ավտոբուսների ուղեվարձի թանկացման որոշման ակունքներում, այդ մարդիկ, ըստ պարոն Սաֆարյանի, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն է, քաղաքապետի տրանսպորտի հարցերով խորհրդականն է. «Այդ մարդիկ ուղղակի ծնել են այս որոշումը քաղաքապետի հետ միասին: Հանձնաժողովի մյուս անդամները, իհարկե, ես տեսնում եմ, որ մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել հասարակական գործունեությամբ, օրինակ` սպառողների միության Արմենը Պողոսյան, բայց, ընդհանուր առմամբ, ստեղծվել է մի հանձնաժողով, որն իր կազմով ոչ կոմպետենտ է: Նրա մասնագետների զգալի մասը ուղղակի կապ չունի տրանսպորտի ոլորտի հետ եւ այդ մարդկանց հեշտ է ապացուցել, որ Երեւանում 150 դրամ ուղեվարձը այլընտրանք չունի: Եթե սա հասարակության տեսակետն է ներկայացնում, ապա ես վստահ չեմ, որ ձեւավորված հանձնաժողովը ներկայացնում է երեւանցիներին` ամբողջությամբ»:

Հանձնաժողովը չի կարող երեւանցիներին ու նրանց տեսակետը ներկայացնել, քանի որ, Ստյոպա Սաֆարյանի խոսքերով` դա հիշեցնում է հանրապետական կուսակցությունն ու հանրապետականամերձ անձանց. «Երեւանցիներին լավագույն դեպքում կարող է ներկայացնել ավագանին, որը Երեւան քաղաքում ՏԻՄ բարձրագույն մարմինն է, հետեւաբար եթե անգամ մենք ուզենայինք հասարակական կարծիք հայտնող մարդկանց միջոցով քննարկում անող հանձնաժողով ունենալ, ապա դա կարող էր լինել Երեւանի ավագանու կազմում ստեղծված հանձնաժողով, որը կքննարկեր այս խնդիրները: Բայց Երեւան քաղաքում տրանսպորտի խնդիրներն այնքան աղետալի են, որ անգամ այսօր գոյություն ունեցող տրանսպորտի վիճակին համարժեք այսօրվա 100 դրամ ուղեվարձն էլ շատ է: Տրանսպորտի ոլորտի խնդիրները քննարկեու համար պրոֆեսիոնալ հանձնաժողով է պետք, չեմ բացառում արտերկրից հրավիրված մասնագետ լինեին»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ երթուղագծերը սպասարկող ընկերությունների ղեկավարները վստահեցնում են, որ 150 դրամն անհրաժեշտ է, որպեսզի կարողանան նոր մեքենաներով հագեցնել իրենց պարկն ու բարելավել սպասարկումը, պարոն Սաֆարյանն ասաց. «Իմ տրամադրության տակ եղած 48 երթուղիների վերաբերյալ չներկայացված հայտերն են եւ դրանցից որեւէ մեկում նշված չեն, որ ուղեւորափոխադրող ընկերությունները 150 դրամ ուղեվարձով սպասարկումն իրականացնելու են նորագույն ավտոմեքենաներով եւ անհամեմատ ավելի որակյալ ծառայություններ են մատուցելու: Այն, ինչ այսօր Երեւանի քաղաքապետարանն ասում է ծառայությունների բարելավելու վերաբերյալ, ակնհայտ սուտ է, քանի որ որեւէ ուղեւվորափոխադրող հայտում նման բան չի ասել: Ավելին, նշել են` պահեստամասներն ու քսայուղերը թանկացել են, նրանք չեն կարողանում իրենց պարկը սպասարկել, հետեւաբար քաղաքապետարանի կողմից արվող հայտարարությունները կեղծիք են»:

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30