Զանգվածային որոշ լրատվամիջոցներով տարածված լուրերի առնչությամբ, թե իբր որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների թույլ չեն տվել ներկա գտնվել Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի նիստին, հարկ ենք համարում տեղեկացնել, որ նիստի լուսաբանման համար Երևանի քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանման նպատակով հավատարմագրված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր նունիսկ մինչև 5 րոպե ուշացումով՝ մինչև նիստի սկսելը ներկայացել են, հնարավորություն են ունեցել մասնակցելու նիստին և լուսաբանելու աշխատանքների ընթացքը:
Նիստին ներկա են եղել շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Առնվազն տարօրինակ է լրատվամիջոցներից մեկի դժգոհությունն այս առնչությամբ այն դեպքում, երբ նրա ներկայացուցիչը ժամանակին ներկայացել և ներկա է գտնվել նիստի ամբողջ ընթացքին: Ավելին, լրատվամիջոցներից մեկը հնարավորություն է ունեցել համաժամանակյա ռեժիմով, առցանց հեռարձակել նիստի ամբողջ ընթացքը: Լրատվամիջոցների մեջ խտրականություն դնող մեր գործընկերներին մեկ անգամ ևս հարկ ենք համարում հիշեցնել, որ Երևանի քաղաքապետարանը որևէ տարբերակում չի դնում և բաց է բոլոր լրատվամիջոցների համար: Պարզապես ցանկալի է, որ հարգենք միմյանց աշխատանքն ու առաջնորդվենք սահմանված կարգով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն