Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց

Սեպտեմբեր 27,2013 20:02

Սեպտեմբերի 26-ին 76 տարեկան հասակում անսպասելի կյանքից հեռացավ  երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Ազգային ժողովի պատվավոր մեդալակիր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Արաքսի Արծրունու Սարյանը:

Արաքսի Սարյանը հայ երաժշտագիտության մեծերից էր ու մանկավարժական գործի նվիրյալ: Երաժշտագետ, ով իր կյանքի և ստեղծագործական ուղով մարմնավորեց Մարտիրոս Սարյանի պատգամներից մեկը. «Չկորցնել իր բովանդակությունը, չկորցնել իր ժողովրդի հատկանիշները, հողի համը, իր լեզուն»: Այդ կերպ բյուրեղացավ Արաքսի Սարյանի` ամբողջական մարդու, անհատականության դիմանկարը: Նա  մասնակից էր մեր երկրի երաժշտական կյանքի բոլոր ոլորտներում կատարվող գործընթացներին։ Գործուն և սրտացավ մասնակցությամբ որակ ու խոր բովանդակություն էր հաղորդում դրանց։ Շուրջ հիսուն տարի ձգվող մանկավարժի, գիտնականի ու հասարակական գործչի հագեցած աշխատանքային ուղին ընթացավ երաժշտական դպրոցներում, Ռադիոկոմիտեում, Գիտությունների ազգային ակադեմիայում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երկար տարիներ ղեկավարեց ՀՀ պետական մրցանակի հանձնաժողովը` երաժշտական արվեստի բնագավառում։

Արաքսի Սարյանը ծնվել է ժողովրդական դերասան Արծրունի Հարությունյանի ընտանիքում, մանկության տարիներից ապրել է Լենինականի թատրոնի ոգեղեն լիցքով: Այդտեղ էլ ձևավորվեց նրա վերաբերմունքը հանդեպ արվեստը։ Երաժշտագետ դառնալու ճանապարհին նրա ղեկավարն էր ականավոր գիտնական, կոմիտասագետ Ռոբերտ Աթայանը: Հետագայում, իր ուսուցչի նման, Արաքսի Սարյանն էլ անցավ երաժշտագիտական լուրջ դպրոց` իր ուրույն հետքը թողնելով հայ երաժշության պատմության մեջ: Նրա գիտական հետաքրքրությունների գլխավոր թեման եղավ Հայ քաղաքային երգը: 1960-ականներին Ազգագրության ինստիտուտում սկսեց զբաղվել հայ երաժշտագիտության համար դեռևս չուսումնասիրված այս թեմայով: Իր գործունեությամբ լուսաբանեց ու հարթեց հայ կոմպոզիտորական, կատարողական արվեստի բազմաթիվ կնճիռներ: Այդ են վկայում տասը մենագրությունը, գրքերի թարգմանությունները, շուրջ հիսուն գիտական հոդվածները, բազմաթիվ հրապարակումները պարբերական մամուլում, զեկուցումները հայաստանյան և միջազգային գիտաժողովներում: Նրա անցած ուղում իր մշտական ներկայությունն ուներ նրա կյանքի ընկերը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը:

Այս ամենից զատ, Արաքսի Սարյանը մարդ էր, որ գործեց ինքնանվիրումի պայծառ լուսարձակումով, մարդկային որակների շռայլ բաշխումով, իր աշակերտներին ու ընկերներին ջերմորեն սիրելով։ Մարդ էր, որ թողնում է շատ, բայցև տանում է շատ՝ մասնագիտական բարձրագույն որակ, մարդկային բացառիկ նկարագիր, Սարյան մեծ  ընտանիքի շենշող շքեղություն։

Ինքն աներկբա կհղեր հավերժական մաղթանքը. «Յիշատակն արդարոց օրհնեալ եղիցի»։

Արաքսի  Սարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:30-ից, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 29-ին, ժամը 11:00-13:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:    

 

Կառավարական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30