Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարորդների միանման հագուստի հարցն անտեղի կազդի ուղեվարձի թանկացման վրա»

Սեպտեմբեր 27,2013 19:18

Երեւանի քաղաքապետարանում այսօր ընթացավ հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցը քննարկող հանձնաժողովի նիստը, որին ներկա են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տրանսպորտի եւ կապի նախարարությունից, Մարդու իրավունքների գրասենյակից:

IMG_0247

Նիստը վարող Վահե Նիկոյանը, որը Երեւանի քաղաքապետի տեղակալն է, ներկայացրեց այն չափորոշիչները, որոնց հաշվարկներից էլ հետագայում ձեւավորվելու է ուղեվարձը:

Նախ` սահմանվել է շարժակազմի տարիքային սահմանափակում. երթուղագիծը սպասարկող ավտոբուսը պետք է լինի 10 տարվա արտադրության, միկրոավտոբուսը՝

5 տարվա: Չափորոշիչներով սահմանվել է նաեւ թե երթուղագիծն ինչ մոդելի միկրոավտոբուսներ եւ ավտոբուսներ պետք է սպասարկեն: Ավտոբուսների դեպքում նախապատվությունը տրվել է չինական արտադրության ավտոբուսներին:

Անսարք մեքենաների՝ երթուղի դուրս գալը նույնպես չափորոշիչներից մեկն էր: Վահե Նիկոյանի խոսքերով, շարժակազմի տեխնիկական շահագործման համար կարգը պետք է պահպանվի: Ըստ նրա, յուրաքանչյուր շարժակազմ ամեն օր պետք է անցնի տեխնիկական զննում, վարորդների տեսքի, արտահագուստի հարցը նույնպես չափորոշիչների մեջ էր ընդգրկված, ըստ Վահե Նիկոյանի, բոլոր վարորդները պետք է ունենան միանման հագուստ, որպեսզի ունենաք բարեկեցիկ հասարակական տրանսպորտ: Հաշմանդամների տեղաշարժման հարցը նույնպես չափորոշիչներից մեկն է եւ ըստ Վահե Նիկոյանի, երթուղագծում նախատեսված է հաշմանդամ մարդուն հարմարեցված առայժմ մեկ ավտոբուս:

Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանն առաջարկեց չափորոշիչներում ընդգրկել նաեւ պահեստամասերի հարցը, որովհետեւ, ըստ նրա, պահեստամասերը, նույնպես, իրենց մասնաբաժինն ունեն ուղեվարձի գնի գոյացման համար:

Հանձնաժողովի նիստին մասնակցելու համար ինքնաառաջադրված քաղաքացի Ալբերտ Հովհաննիսյանը առաջարկեց չափորոշիչներից հանել վարորդների միանման արտահագուստի հարցը, քանի որ քաղաքացու կարծիքով, այդ չափորոշիչն «անտեղի գին է թանկացնելու»:

«Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով էլ, պետք է չափորոշիչներում ընդգրկել նաեւ երթուղագիծը սպասարկող փոխադրամիջոցների հավաքակայանների հարցը, ըստ նրա, կան 10-12 միկրոավտոբուսով երթուղագծեր, որոնց համար խնդիր է կայանատեղիի հարցը:

«Ունիսոն» հ/կ-ի տնօրենի տեղակալ Շուշանիկ Նահապետյանը գտնում էր, որ մեկ գծի վրա, մեկ մատչելի ավտոբուսը շատ քիչ կլինի հաշմանդամ մարդկանց սպասարկելու համար, քանի որ, եթե ավտոբուսը բաց թողնեն, ապա ստիպված են լինելու առնվազն մեկ-երկու ժամ սպասել մինչեւ կգա այդ ավտոբուսը, ինչը տիկին Նահապետյանի կարծիքով, լուրջ խնդիր կառաջացնի հաշմանդամի առողջության համար: Տիկին Շուշանիկը նաեւ հորդորեց ուղեվարձի հարցը քննարկելիս չմոռանան

Հաշմանդամներին, թոշակառուներին, գործազուրկներին: Ի պատասխան, Վահե Նիկոյանն ասաց, որ երկրորդ մատչելի ավտոբուսի ներդրումն այս պահին իրատեսական չէ եւ որ նշվել է մեկը, քանի որ կարճաժամկետ ծրագրով հենց մեկ ավտոբուսի հնարավորությունն է քննարկվել: Վ. Նիկոյանը վստահեցրեց, որ սոցիալական խմբերին էլ չեն մոռանա:

Սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը գտնում էր, որ չափորոշիչների մեջ անպայման պետք է ընդգրկել ուղեւորահոսքը: Ըստ պարոն Պողոսյանի, այն ուղղակիորեն ազդում է գնագոյացման վրա:

«Կարեւոր հանգամանք է ուղեւորահոսքը , ցանկալի կլինի դուք էլ ներկայացնեք, եթե կան ուսումնասիրություններ»,-ասաց Վահե Նիկոյանը:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն էլ առաջարկեց չափորոշիչները սահմանել կարճաժամկետ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30