Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շատերին եմ հարցնում՝ ո՞վ է պատրաստ սենյակ մաքրել». Տուրընկերության ղեկավարները՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման մասին

Սեպտեմբեր 27,2013 18:40

321 279 զբոսաշրջիկներ 2013թ. հունվար-հունիսին  ամիսներին ժամանել  են Հայաստան: 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ զբոսաշրջության ցուցանիշը աճել է 14.3% -ով. սրանք էկոնոմիկայի նախարարության հաղորդած պաշտոնական տվյալներն են:

Այսօր զբոսաշրջության միջազգային տոնն է: Պարզելու համար, թե զբոսաշրջությունը որքանով է զարգացած Հայաստանում և արդյոք այն արդյունավետ ոլորտ է՝  «Առավոտ երիտասարդականը» զրուցել է տարբեր տուրիստական գործակալությունների ղեկավարների հետ:

«Թվերը վերաբերվում են  Հայաստանի յուրաքանչյուր այցելուին, այնքան էլ կապ չունեն զբոսաշրջիկների հետ: Ամեն դեպքում, որքան շատ է զբոսաշրջիկների  աճ լինում, ես որպես ՀՀ քաղաքացի,  ուրախանում եմ, որովհետև որքան էլ թիվը կասկածելի լինի, մեջտեղում ռեալ բաներ շատ կան»,- ասում է ANI RESORT հյուրանոցային համալիրի տնօրեն Ստեփան Մանթարյանը, ով նաև որպես դասախոս աշխատում է  Հայ-ռուսական (սլավոնական) և Երևանի պետական տնտեսագիտական համալսարաններում: Պատմում է.  «Կար ժամանակ, երբ գնացքը կանգնում էր, մարդիկ իջնում էին, Հայաստանի  հողը համբուրում, ապա շարունակում իրենց ճանապարհը: Անցել են այդ ժամանակները… Այսօրվա կարոտախտը հայ ազդի երիտասարդության համար արդեն հարազատ չէ:  Ես ուսանողներիս էլ եմ ասում՝ պետք է այնպիսի բաներ գտնել, որ Ամերիկայում և այլ տեղեր ապրող հայերին գրավենք: Միայն խորովածի փառատոնով չէ, որ պետք է գրավել զբոսաշրջիկներին»:  Հյուրանոցային համալիրի ղեկավարը զարմանում է, որ մարդիկ  ավելի շատ նախընտրում են Ծաղկաձոր այցելել. «Հիմա ձմեռ չէ, դահուկ չեն քշում, ինչու՞ են գնում»,-հարցնում է նա և տալիս իր հարցի պատասխանը.   «Որտեղ լավ գովազդ են անում, այնտեղ էլ ավելի շատ են գնում»:  Ստեփան Մանթարյանը համամիտ է այն կարծիքի հետ, որ Հայաստանում զբոսաշրջությունը զարգացած չէ: Ըստ նրա՝ դա պայմանավորված է նաև նրանով, որ մենք այնքան էլ չենք կարևորում ոլորտը.  «Մենք չենք գիտակցում, որ զբոսաշրջությամբ կարող ենք  լավ փող աշխատել: Երկիրը պետք  է լայն հնարավորություն տա, որ  ովքեր փող են ներդնում զբոսաշրջության զարգացման հարցում,  մի քիչ ազատ լինեն,  հարկային բեռը թեթև լինի: Ոչ մի կողմից շահագրգռվածություն չկա, իսկ մենք ասում ենք՝ զբոսաշրջությունը առաջնային ճյուղերից մեկն է»:

Մեր այն դիտարկմանը, որ օրվա կապակցությամբ միջոցառումներ  են անցկացվում մայրաքաղաքում՝ մասնավորապես Հյուսիսային պողոտայում, իսկ 18:00-ին Կոնգրես հյուրանոցում  պարգևատրումներ են հանձնելու ոլորտի լավագույն մասնագետներին, Ստեփան  Մանթարյանը պատասխանում է.  «Մենք դեռևս զբոսաշրջությամբ չենք ապրում,  սրանք ձևական բաներ են»:

 

Նա հույս  է հայտնում, որ մենք, վերջիվերջո,  կկարևորենք զբոսաշրջության զարգացումը, որ  ինչպես ինքն է ասում՝ Էլ պարսիկներին չենք լարի…«Ուրիշները համակերպվում են հայկական գռեհկություններին, բոլորը չեն, որ եվրոպական երկրներում իրենց շատ լավ են պահում, բայց մենք անմիջապես կտրում ենք բոլոր-բոլորի ճանապարհները  իրենց ոչ լավ դրսևորումների պատճառով»:

Ստեփան Մանթարյանի խոսքով՝ աշխարհում ընդունված է նաև ոչ միայն գիդի, այլև զբոսաշրջիկի մասնագիտությունը, երբ սեփականատերը վարձում է «զբոսաշրջիկ» մասնագետի, կարգադրում մեկնել որևէ երկիր կամ քաղաք, ներկայանալ  որպես զբոսաշրջիկ և այնտեղ ապրել մի քանի օր: Ընթացքում նա պետք է ուսումնասիրություններ անցկացնի, վերջում ներկայացնի իր ուսումնասիրությունը, դիտողությունները: Հարցին, թե Հայաստանում նման մեթոդը ընդունված է, պատասխանում է. «Մի անգամ զրուցում էի  «Արմենիա Մարիոթի» պատասխանատու մասնագետներից մեկի հետ: Կասկածներ ունեմ, որ իմ դեպքում նա կիրառել է դա»:

 

Հարցին, թե իր անձնական կարծիքով արդյո՞ք հայաստանյան բուհերը պարտաստում են տուրիզմի գծով լավ մասնագետներ, պարոն Մանթարյանը պատասխանում է.  «Այս ոլորտում մասնագետ դառնալու համար ոչ միայն կրթություն է պետք, այլև հոգի, ցանկություն… Ես շատերին եմ հարցնում՝ ո՞վ է պատրաստ սենյակ մաքրել, որովհետր դու կարող է ղեկավար լինես, բայց երբեմն գիշերվա հերթապահի  կամ սպասուհու պատճառաբանված բացակայության դեպքում ստիպված լինես ինքդ մաքրել սենյակը, քանի որ տվյալ խումբը պարտադիր պետք է ընդունես: Հավատացեք՝ ոչ բոլորն են պատրաստ սենյակ մաքրել: Միայն կրթությունը քիչ է, նույն նաև բժիշկի դեպքում, նա չի կարող մարդու միսը կտրելուց  ուշագնաց լինել»,-ասում է նա:

 

«Հայաստանում զբոսաշրջիկությունը զարգացած չէ». այս կարծիքը հայտնեցին նաև
«ԳԱՄՈ ՏՈՒՐ» և «ՆԵԴ ՏՈՒՐ» տուրիստական ընկերությունների ղեկավարները: Նրանց խոսքով՝ ոլորտի զարգացման համար հարկավոր  է պետբյուջեի կողմից ֆինանսավորում.  «Շատ երկրներում խոշոր գումարներ են տրամադրվում այս ոլորտի զարգացման համար, ոչ միայն վահանակներ, ցուցանակներ ստեղծելու, այլև լուրջ գործունեություն տարածելու համար: Շատ բաներ կան, որ թերի են և չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, օրինակ՝ մեր հյուրանոցների, հանգստյան տների համար նախատեսված ուղևորության արժեքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, սակայն միայն գների, ոչ թե որակի առումով»,-ասում է «ԳԱՄՈ ՏՈՒՐ» տուրիստական ընկերությունների ղեկավարը:  «ՆԵԴ ՏՈՒՐ» տուրիստական ընկերության տնօրեն Արթուր Վարդանյանը  ևս այն կարծիքին է, որ զբոսաշրջության զարգացման համար լուրջ քայլեր և ներդրումներ են հարկավոր.  «Մենք արդեն երեք տարի է, ինչ փորձում ենք զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրել Հայաստանի տարածքում՝ մասնավորապես Գեղարքունիքի մարզում ձիարշավության ոլորտի վրա: Երեք տարի շարունակ տարվա կտրվածքով ընդամենը երեք խումբ ենք ունենում, այդ ցուցանիշը երբեք չի փոխվում»,-ասում է նա: Հարցին, թե զբոսաշրջիկների շրջանում ամենից շատ օտարերկրացինր են, թե  Հայաստանի քաղաքացիների, պատասխանում է՝  հայեր:

Որքանո՞վ են օրատերկրացի զբոսաշրջիկները հետաքրքրված Հայաստանով …   «ԳԱՄՈ ՏՈՒՐ» տուրիստական ընկերության տնօրենը պատասխանում է. «Կան, որ բացարձակ տեղյակ չեն Հայաստանի մասին, բայց հիմնականում որոշակիորեն իրազեկ են: Վերջիններս պատմում են, որ իրենց շրջապատում  կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն մեր մասին՝ արդյոք մենք քրիստոյա երկիր ենք, ինչ պատմություն ունենք, որտեղ ենք գտնվում և այլն»:

Հայաստանի տարածքում օտարերկրացիներն ամենից շատ ո՞ր վայրերն են այցելում… «ՆԵԴ ՏՈՒՐ» տուրիստական ընկերության տնօրեն Արթուր Վարդանյանը պատասխանում է. «Հիմնականում գնում են  Գառնի, Գեղարդ, Տաթև, Դիլիջան, Խոր Վիրապ, առհասարակ Հայաստանի բոլոր սրբավայրերը ընդգրկված են լինում ցանկում»:

 

Նազենի Բաղդասարյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30