Սեպտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցում էին միջոցառման նախապատրաստման և իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ:
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի կողմից այս տարվա օգոստոսի 8-ին հաստատված պլանի կետերի կատարողականներն ապահովելու նպատակով մինչ օրս իրականացված և ընթացքի մեջ գտնվող միջոցառումները ներկայացրեց ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը:
Միջոցառումը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու նպատակով Հունան Պողոսյանը պլանով նախատեսված ստորաբաժանումների ղեկավարներին տվեց կոնկրետ հանձնարարականներ:
Մասնավորապես, նախատեսվում է ոստիկանության կրթահամալիրում կազմակերպել հատուկ նշանակության վարչության ծառայողների հատուկ վարժանքների ցուցադրում, միջազգային համակարգման շտաբի օպերատիվ վարչության աշխատանքների կազմակերպման համար ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և այլն:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը խորհրդակցության ավարտին պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին:
ՀՀ ոստիկանություն

