«Հայելի» մամուլի ակումբում ասուլիսից հետո Aravot.am-ը ազատ ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանից եւ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանից հետաքրքրվեց, թե, այնուամենայնիվ, ո՞րն է ըմբշամարտում արձանագրվող հաջողությունների գաղտնիքը:
Արայիկ Բաղդադյան. «Որքան էլ տեղերում ու հավաքականներում մարզիչները լավ աշխատեն, ժամանակակից սպորտում առանց լուրջ ներդրումների անհնար է հաջողության հասնել: Այս առումով մեր բախտը բերել է: Այն պահից, երբ մեր ֆեդերացիան գլխավորեց Սամվել Կարապետյանը, հանրապետության ըմբիշները ոչ մի խնդիր չեն ունենում սկսած ուսումնամարզական հավաքների` ժամանակին կազմված ու հաստատված հավաքների կազմակերպումից, մրցաշարերի մասնակցությունից, անհրաժեշտ սննդից, մարզահագուստից, մարզիկների ու մարզիչների սոցիալական խնդիրները լուծելուց, վերջացրած տարվա ընթացքում առաջացող անհրաժեշտ նոր միջոցառումներն ապահովելուց»:
Հրանտ Ենոքյան. «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կայացած կազմակերպություն է: Պետությունը հնարավորությունների առավելագույն չափով ֆինանսավորում է, ՀԱՕԿ-ը մշտապես մեր կողքին է: Սակայն ըմբշամարտի հոգսերի առյուծի բաժինը հոգում է մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը: Այսօր աշխարհի տնտեսապես հարուստ ու կայացած շատ երկրներ երազում են մեր ֆեդերացիայի հզորությանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ