Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

Սեպտեմբեր 27,2013 17:36

Սեպտեմբերի 27-ին նիստեր գումարեցին ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովըԴավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց երեք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Արտակ Դավթյանի, Դավիթ Հարությունյանի, Նաիրա Կարապետյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանված չափով հանրային աշխատանքներ կատարելու հնարավորություն տալ այն դատապարտյալներին, ովքեր չունեն սահմանված տուգանքը կամ դրա մի մասը վճարելու հնարավորություն: Նախագիծը միտված է վերացնելու ՀՀ քրեական օրենսգրքում առկա իրավակարգավորիչ անհամաչափ միջոցները՝ բացառելով դատապարտյալ անձանց վիճակի անհիմն վատթարացումը:

Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Արտակ Դավթյանի, Նաիրա Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որը վերաբերում է համատեղ սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման հարցին: Օրինագծի ընդունման դեպքում համատեղ սեփականություն հանդիսացող գույքը կտնօրինվի համատեղ սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությամբ, եթե համասեփականատերերի իրավունքները պետական գրանցում են ստացել եւ սեփականության իրավունքի գրանցման վկայականում հստակ նշված է, որ գույքը պատկանում է կոնկրետ սեփականատերերի՝ համասեփականության իրավունքով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը քննարկման ներկայացրեց ՀՀ Վարչական դատավարության նոր օրենսգիրքը՝ բաղկացած 220 հոդվածից: Փոխնախարարի խոսքով, օրինագծի ընդունման արդյունքում առավել ամբողջական եւ համապարփակ կկարգավորվեն վարչական դատավարության ընթացքում ծագող իրավահարաբերությունները, վարչական դատարանը կձերբազատվի մեծ ծավալի մեխանիկական աշխատանքից, կվերացվեն բազմաթիվ հակասությունները եւ այլն:

Մինչեւ 1 տարով հետաձգվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Հանձնաժողովի որոշմամբ հոկտեմբերի 17-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Պատգամավորի վարքագծի կանոնների վերաբերյալ» թեմայով:

Նույն օրը գումարվեց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովիհերթական նիստը՝ Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 1995 թվականին, հասարակական զարգացումների հետեւանքով շատ դրույթներ ներկա իրավահարաբերություններին համապատասխանեցնելու, Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու եւ նոր պահանջներ սահմանելու նպատակով մշակվել է նոր օրենքի նախագիծ: Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը լիովին կկարգավորի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացները, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ՝ մոտեցնելով միջազգային նորմերին եւ ստանդարտներին, միաժամանակ կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը: Հանձնաժողովի դրական եզրակացություն ստացած օրինագծերի փաթեթը կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգ:

Արամ Հարությունյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց նաեւ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրինագծով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները եւ խնդիրները, կենսանվտանգության ոլորտում ՀՀ կառավարության, լիազորված պետական կառավարման մարմինների իրավասություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաեւ ԳՁՕ-ների գործածությամբ զբաղվել ցանկացողների իրավունքներն ու պարտավորությունները եւ հանրության իրազեկման մեխանիզմները: Օրինագծի նպատակն է` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության հետ կապված ռիսկերի կառավարումը եւ անվտանգության ապահովումը` բացառելով կամ նվազագույնի հասցնելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:

Քննարկված փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես ներկայացրեց բնապահպանության նախարարը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց նախագծի հեղինակ Միքայել Մելքումյանը:

Նա տեղեկացրեց, որ oրենքով սահմանված է, որ 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի դեպքում ԱԱՀ-ի երեք տարով հետաձգման դրույթով նախատեսված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության իրավունքը վերապահված է կառավարությանը:

Ելնելով հետճգնաժամային ներկա փուլում ստեղծված իրավիճակից եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման, նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունից՝ օրենքի նախագծով առաջարկվում է 6.1 հոդվածի 3-րդ պարբերության մեջ 300 մլն դրամը դարձնել 200 մլն դրամ, որը լուրջ խթան կհանդիսանա ՀՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծման եւ ներդրումային նախագծերի իրականացման համար:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Համաձայն գործող օրենքի` անձը, որից տուգանքի, մաքսային վճարների գանձումն ապահովելու նպատակով վերցվել են ապրանքներ` անկախ սեփականության պատկանելությունից, կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների եւ պարտավորությունների կատարումից հետո տասնհինգօրյա ժամկետում:

Առաջարկվում է տասնհինգօրյա ժամկետը փոխարինել մեկ աշխատանքային օրով:

ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը ներկայացրեց իր հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքի 3-րդ հոդվածում? հնարավորություն տալով ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպություններին սահմանված կարգով եւս համարվելու ԱԱՀ վճարող:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ Վարդան Այվազյանի ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ՀՀ-ում խաղային բիզնեսի բնագավառի զարգացման, ինչպես նաեւ պետական բյուջեի եկամուտների ավելացման նպատակ ունի:

Քննարկված բոլոր օրինագծերը դրական եզրակացություն ստացան նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, իսկ ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

Ոչ դրական եզրակացություն ստացավ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ԱԺ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30