«Հայելի» մամուլի ակումբում լրագրողներից մեկի հարցին, թե աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Դեւիդ Սաֆարյանն, այնուամենայնիվ, Ռուսաստանի դպրոցի ներկայացուցի՞չ է, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը պատասխանեց. «Հայկական ըմբշամարտի դպրոցը շատ հզոր է: Եվ դա գալիս է դեռ խորհրդային տարիներից, երբ ձեր ասած ռուսական դպրոցն էլ հայկականից շատ բան էր սովորում: Դրանք հավասարազոր դպրոցներ են: Դավիթ Սաֆարյանի հայրը, որից նա սովորել է ըմբշամարտի այբուբենը, հայկական դպրոցից է, նա եղել է Հայաստանի հավաքականի կազմում: Այնպես որ, չի կարելի ասել, որ Դեւիդը ռուսական դպրոցի ներկայացուցիչ է: Նա սկսել է այստեղ եւ շարունակել է Ռուսաստանում: Այլ բան է, որ Ռուսաստանն ավելի մեծ է ու այնտեղ մրցակիցների խնդիր չկա»:
Իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ավելացրեց. «Դեւիդ Սաֆարյանի ընտանիքը, ճիշտ է, բնակվում է Կրասնոդարում, սակայն նա Հայաստանի հավաքականում է 2009 թվականից: Նա մեր երկրի լիիրավ քաղաքացի է, Հայաստանի հավաքականի լիարժեք անդամ: Նա պարտադիր գալիս է մեր ընտրանու հավաքներին: Ավելին ասեմ: Ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շաբաթական երկու անգամ մարզվում է: Եվ երբ Սաֆարյանը ազատ ժամանակ է ունենում, գալիս է ու շատ հաճախ մարզվում հավաքականի հետ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ