Ավարտելով ԱԺ խմբակցությունների հետ իր հանդիպումները՝ ՀՀ նախագահի կողմից ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված թեկնածու Գեւորգ Կոստանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Մասնավորապես, ասաց՝ որ տեղյակ չի, թե իրենից հետո ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, եւ զինդատախազությունը լքելուց հետո չի պատրաստվում «որեւէ բան համբուրել»՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե արդյոք Աղվան Հովսեփյանի ոճո՞վ է լքելու ներկայիս աշխատավայրը:
Ասաց, որ մեծ հարգանքով է վերաբերվում Աղվան Հովսեփյանին՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված, եւ չի անդրադարձել մամուլում շրջանառվող պնդումներին՝ իր եւ Աղվան Հովսեփյանի միջեւ լարված հարաբերությունների մասին, քանի որ նպատակահարմար չի գտնում մամուլում տարածվող ապատեղեկատվության հերքումներով հանդես գալը դարձնել գործելաոճ:
Հարցին, թե ինչ կադրային փոփոխություններ է պատրաստվում անել դատախազությունում՝ հաշվի առնելով, որ զինդատախազությունում որոշ դատախազների է աշխատանքից ազատել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ այլ պատճառներով, պարոն Կոստանյանն ասաց, որ նրանք, ովքեր կաշխատեն օրինականության սահմաններում եւ արդյունավետ, կաշխատեն միշտ:
Կարդացեք նաև
Իսկ տարբեր խմբակցությունների կողմից հնչած դիտարկմանը, որ որքան էլ Կոստանյանը դրական կադր լինի, խնդիրը համակարգային է, եւ նա միայնակ չի կարողանա լուծել բոլոր հարցերը, պարոն Կոստանյանը պատասխանեց. «Համակարգի մաս կամ համակարգից առանձին դիտվելու անհրաժեշտություն չի եղել, որովհետեւ այդ համակարգը անձանցից է կազմված, եւ համակարգի նկատմամբ վերաբերմունքը անձանց գործողություններով է պայմանավորված, եւ մենք ունենք միասնական սկզբունքներ՝ գործելաոճի եւ մեր պարտականությունների կատարման առումով, իսկ այդ սկզբունքները թե ինձ համար եւ թե համակարգի բոլոր անդամների համար նույնն են՝ օրինականություն, արդարություն եւ օրենքի առաջ բոլորի հավասարություն: Եվ դա, կրկնեմ, ինչպես իմ սկզբունքներն են եղել եւ կլինեն, այնպես էլ՝ դատախազության ամբողջ համակարգում ներառված դատախազների եւ այլ պաշտոնյաների: Հետեւաբար, երաշխավորել, որ այդ սկզբունքները կկիրառվեն, այդ սկզբունքները երաշխավորված կիրառվում են, այլ հարց է, որ դրանք իրավակիրառական պրակտիկայում կարող են ունենալ այլ դրսեւորումներ՚»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ