10 տարի է հորեղբորս չեմ տեսել: Ամերիկայում է ապրում, Հոլիվուդում, այն քաղաքում, որտեղ ամենաամերիկյան ֆիլմերն են ծնվում, որտեղ միշտ արևոտ եղանակ է, որտեղ ամեն օր մարդիկ քայլում են Ջեքսոնի, Ուիթնի Հյուսթոնի փոշոտված աստղերի վրայով (հեռուստացույցով եմ տեսել): Միշտ զարմացել եմ նրանց անտարբերության վրա: Ես, օրինակ, ամեն օր կհաշվեի դրանք, հետո կգուշակեի, թե որ աստղը որ դերասանին է պատկանում… ես հաստատ անտարբեր չէի անցնի… Հորեղբայրս ընտանիքի հետ Երևանում էր ապրում, մենք՝ գյուղում: Նա տան միակ աշխատողն էր՝ ավտոմեքենաներ էր վերանորոգում: Հիշում եմ, որ տատիկս պարբերաբար կապոցներ էր ուղարկում Երևան, որ նրանք ծայրը ծայրին հասցնեն: Հորեղբորս ձեռքերը միշտ սևացած էին ու միշտ անհանգիստ կրծոտում էր մատերի ոսկորները: Տատիկս ասում էր «շատ է մտածում», այդ պատճառով էլ կրծոտում է մատերը, որ նրա վատ սովորության պատաճառը միայն կյանքի դժվարություններն են: Երևի իրավացի էր… Հորեղբայրս միշտ պնդում էր, որ Երևանում կյանքը չափազանց դժվար է, որ գյուղում մնալն ավելի ճիշտ տարբերակ է: Գուցե իրավացի՞ էր… Մենք բոլորս անակնկալի եկանք, երբ հորեղբայրս հայտնեց, որ ընտանիքով գրին քարտ են շահել ու Ամերիկա են գնում: Վերջապես գնում են գորշ Երևանից, որտեղ ամեն ինչ այնքան դժվար է ու որտեղ ամեն ինչի համար փող է պետք: Ես լավ չեմ հիշում, թե ինչպես հրաժեշտ տվեցինք նրանց (տխուր հիշողություններն իմ ուղեղից արագ են ջնջվում), բայց արդեն 10 տարի է անցել: Նորագույն տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս շարունակել շփվել հորեղբորս հետ, և երբ ամեն անգամ համակարգչի էկրանից այն կողմ հայտնվում է նա, մի տեսակ ուրիշ, մի տեսակ ամերիկյան ժպիտով, ու բարևում է մի տեսակ ուրիշ, մի տեսակ ամերիկյան տոնայնությամբ՝ ես հասկանում եմ, որ նա արդեն վաղուց մոռացել է Երևանը: Երևի դա ճիշտ տարբերակն էր: Երևանում նա անընդհատ էր աշխատում, բայց միևնույնն է կյանքն ավելի լավը չէր դառնում ու վերջին ժամանակներու մ, նրա միակ ցանկությունը Հայաստանից գնալն էր, ընդմիշտ, առանց հետ նայելու… Ամերիկայում, Հոլիվուդում՝ այն քաղաքում, որտեղ միշտ արև է և որտեղ մարդիկ այնքան անտարբեր են, հորեղբայրս տան միակ աշխատողն է, նորից մեքենաներ է վերանորոգում, բայց գիտե՞ք, ես մի բան եմ նկատել. նա էլ չի կրծոտում մատերի ոսկորները..
Մարի Խաչատրյան՝ mynews.am