Պոմիդորի ցեցն Արարատյան դաշտից տարածվել եւ արդեն հասել է Կոտայքի մարզի ջերմատները: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ջերմոցատնային ասոցիացիայի տնօրեն Պողոս Գեւորգյանը` մտահոգություն հայտնելով, որ, եթե Թուրքիայից ու Ադրբեջանից ապրանքներ ներկրվեն մեր երկիր, ապա ջերմոցային տնտեսությունների գոյությունը կվտանգվի:
Հիշեցնելով տարիներ առաջ Թուրքիայից ներկրված պոմիդորների պատմությունը, որոնք իրենց հետ ցեց էին բերել Հայաստան եւ մինչ օրս Արարատյան դաշտավայրի հողագործները չեն կարողանում ազատվել այդ միջատից, պարոն Գեւորգյանն ասաց.
«Այսօր պոմիդորի ցեցն է եկել, վաղը ինչ ցեց ասես հանգիստ կարող է գալ մեր երկիր, եթե շարունակենք թշնամի երկրներից ներկրել այդպիսի ապրանքները»: Ըստ նրա, եթե ցեցը Կոտայքից էլ տարածվի Գեղարքունիք, ապա գյուղացու հարցը լուրջ է:
Նշենք, որ Արարատյան դաշտավայրի բազմաթիվ գյուղացիներ, որոնց հողատարածքներում նույնպես տարածվել էր պոմիդորի ցեցը, ստիպված եղան հրաժարվել պոմիդոր, բիբար, սմբուկ եւ այլ համանման կուլտուրաներ ցանելուց եւ որպեսզի ցեցը վերանա, մասնագետների խորհրդով ցանում են սոխ, սխտոր ու կաղամբ:
Կարդացեք նաև
Պարոն Գեւորգյանը գտնում է, որ Թուրքիայից ներկրվող պոմիդորը կամ մեկ այլ ապրանք, շատ հնարավոր է՝ լինի գենետիկորեն մոդիֆիկացված. «Իսկ Հայաստանում մենք այդ լաբորատոր սարքավորումները չունենք, որ ստուգենք` տեսնենք ինչ կա այդ պոմիդորի մեջ: Այսինքն` ինչ ասես` կարան ուղարկեն Հայաստան: Կռիվ են անում, հրացանով են պայքարում, հիմա կբերեն կլցնեն ու մեզ կվերացնեն` կպրծնեն: Այս ամենի մասին պետք է ազգային անվտանգությունը մտածի, եթե 37 թիվը լիներ, տամոժնիի աշխատողից սկսած` կգնդակահարեին, եթե թույլ տային այդպիսի ապրանքների մուտքը: Ինձ ասում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք, եւ երկրների միջեւ պետք է այդպիսի առեւտուր լինի, ասում եմ` դե մի արկղ պոմիդոր վերցրու, տար ծախի Ադրբեջանում կամ Թուրքիայում, տես քեզ ինչ կանեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ