Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Բաղդադյան. «Ոսկե մեդալն ու թիմային 9-րդ տեղը ֆեդերացիայի ու մարզիչների կատարած աշխատանքի արդյունքն է:

Սեպտեմբեր 27,2013 17:00

«Հայելի» մամուլի ակումբում այսօր ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, խոսելով աշխարհի առաջնությունում 66 կգ քաշային Դեւիդ Սաֆարյանի նվաճած ոսկե մեդալի եւ մեր մյուս ըմբիշների մրցելույթների մասին, ասաց. «Սաֆարյանի ոսկին եւ թիմային պայքարում մեր հավաքականի գրաված իններորդ տեղը մեր ֆեդերացիայի, մարզիչների կատարած աշխատանքի արդյունքն է, ինչի համար շնորհակալ եմ: Մենք ունեցանք աշխարհի չեմպիոն: Դա շատ սպասելի էր եւ ուրախացնող: Հայաստանը 11 տարի աշխարհի չեմպիոն չէր ունեցել: Վերջին անգամ այդ կոչումը 2002 թվականին նվաճել էր Արամ Մարգարյանը: Հիմա նորընծա չեմպիոն ունեցանք:

Դեւիդ Սաֆարյանն այս տարի նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, Համաշխարհային ուսանողական խաղերում գրավել 2-րդ տեղը:

Մյուս մարզիկներն էլ, կարող եմ ասել, լավ մասնակցություն ունեցան: 60 կգ քաշային կարգում Արթուր Առաքելյանը չորս հաղթանակով զբաղեցրեց 5-րդ տեղը:

Լավ մասնակցություն ունեցավ Գրիգոր Գրիգորյանը (74)` երկու հաղթանակ: Նա երիտասարդ ըմբիշ է, 21 տարեկան եւ նոր է երիտասարդականից տեղափոխվել մեծահասակների հավաքական: Վստահ եմ, որ Գրիգորը դեռ իր խոսքը կասի մրցագորգում:

84 կգ քաշային կարգում Մուսա Մուրթազալիեւը լավ մասնակցեց: Նա երկու հաղթանակից հետո պարտվեց ուկրաինացի ըմբիշին: Չեմ ուզում մեղքի բաժինն ամբողջությամբ գցել մրցավարների վրա, թեեւ այդ գոտեմարտում նրանք իրենց դերակատարությունն ունեցան: Բայց առաջին մեղավորն ինքն էր` մինչեւ վերջ չդիմացավ լարվածությանը: Մուսան ծաղկաձորյան հավաքի ժամանակ վնասվածք ուներ, լիարժեք չէր մարզվում , ինչն էլ դարձավ ձախողման հիմնական պատճառը:

Ինչ վերաբերում է Էդգար Ենոքյանին, ես դեռ մրցավայր մեկնելուց առաջ մեկ անգամ չէ, որ ասել եմ` նա եւ Դեւիդ Սաֆարյանը Բուդապեշտ մեկնում են վնասվածքով: Դեւիդը խելացի գոտեմարտեր վարելով դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Էդգարին մենք մեկ ամսից ավելի եւ բուժում էինք, եւ մարզում: Ուսահոդի վնասվածքը նրան խանգարեց պայքարել մեդալների համար:

Եվ վերջում Միհրան Ջաբուրյանի մասին: Նա առաջին շրջանում պարտվեց  վրացի Եվրոպայի չեմպիոնին, որն աշխարհի առաջնությունում ավելի լավ մարզավիճակում էր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30