Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲարՔեմփ Գյումրի-2013»-ն կանցկացվի սեպտեմբերի 28-29-ը

Սեպտեմբեր 27,2013 16:59

 2013 թ. սեպտեմբերի 28-29-ին BarCamp Gyumri թիմը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացնելու է տեղեկատվական և հաղորդակցական նորարարական տեխնոլոգիաներին, համացանցին և նոր մեդիաներին առնչվող «ԲարՔեմփ Գյումրի-2013» (Չ)կոնֆերանսը։ Այս տարվա Բարքեմփն անցկացվում է «Գյումրին՝ 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում՝ «Մշակույթը ու տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները» խորագրի ներքո։

«Առավոտ Երիտասարդականը» խոսել է «ԲարՔեմփ Գյումրի-2013» չկոնֆերանսի համակարգող Կարեն Տերտերյանի հետ և փորձել է պարզել, թե ինչպես է առաջացել հյուսիսային քաղաքում միջոցառումն անցկացնելու մտահղացումը, ինչ նպատակներ կան և վերջապես ինչով է տարբերվում սովորական կոնֆերանսը Չկոնֆերանսից։

«Երևանյան Բարքեմփի կազմակերպիչներից մի քանիսը  ծագումով գյումրեցիներ են, ու նրանց հետ ակտիվ շփումը գաղափարի առաջացման նախադրյալներից մեկն էր։ Հենց ամենաառաջին Բարքեմփից սկսած՝ գյումրեցիները ակտիվորեն մասնակցել ու զեկուցումներ են ունեցել։ Բարքեմփ կարող է կազմակերպել ցանկացած բնակավայրում առկա խումբ։ Երևի միակ պայմանն է, որ ունենա մարդկային այդ ներուժը բավարար չափով մասնակիցներ ու զեկուցողներ ապահովելու համար։ Այս դեպքում մերոնք արդեն մասնակցային փորձառություն ունեին», — ասում է միջոցառման համակարգող Կարեն Տերտերյանը և ավելացնում, որ բացի այդ՝ Գյումրին դիտվում է որպես ՏՏ ոլորտի հեռանկարային կենտրոն, ու մի տեսակ «աններելի» կլիներ բավականաչափ մասնագետների ու ընկերությունների առկայության պայմաններում այնտեղ չանցկացնել ոլորտի տարվա միջոցառումը։

Միջոցառման կազմակերպիչ թիմի հիմնական նպատակը Գյումրու տեղեկատվական հասարակության զարգացումն է։ «Խնդիրներից մեր առջև դրել ենք մայրաքաղաքից դեպի հյուսիսային տարածաշրջան ՏՏ ոլորտի ապակենտրոնացմանը, հանրային ակտիվ շերտի՝ տեղեկատվական գիտելիքների բարձրացմանն ու հմտությունների զարգացմանը և անհատների ու կազմակերպությունների փոխգործակցությանը նպաստելը», — նշում է Կարեն Տերտերյանը։

«ԲարՔեմփ Գյումրի-2013»-ի ժամանակ անցկացվելու են նաև ուորքշոփեր ու աշխատանքի տոնավաճառ։ «Սա երևի ամենաշոշափելի արդյունքներից է, երբ կազմակերպությունները, ընկերությունները ներկայացնում են իրենց, գտնում են երիտասարդ, համապատասխան աշխատողներ, կամ էլ հրավիրում են ուսուցման ու տեղավորում աշխատանքի։ Նման արդյունքները հաշվի առնելով՝ անցած տարի (մեր փորձը վերլուծելուց հետո — Կարեն Տերտերյան) որոշեցինք ծրագիրը դարձնել ամենամյա և օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ», — ասում է նա և հույս հայտնում, որ հաջորդ տարի կունենան նաև այլ երկրներից մասնակիցներ և զեկուցողներ։

Չի կարելի չնշել, որ ընդհանուր առմամբ «Բարքեմփ» միջոցառման նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունն աճել է։ Դա է ապացուցում այն, որ եթե 2009 թվականին առաջին անգամ կազմակերպած «Բարքեմփ Երևան»-ին մասնակցել էին 400 մարդ, ապա 2013 թվականին այդ թիվը հասել է մինչև 1400-ի։ Ըստ Կարեն Տերտերյանի՝ այդ հետաքրքրության հիմնական «պատճառներն» են ոչ ֆորմալ մթնոլորտը, գիտելիքի ազատ տարածման գաղափարը, ինչպես նաև՝ ցանկացած թեման ընտրելու և հենց այդ թեման լսելու հնարավորությունը։

Իսկ այն հարցին, թե վերջապես ինչով է տարբերվում կոնֆերանսը չկոնֆերանսից, նա պատասխանեց. «Եթե այլ կոնֆերանսների համար պարտադիր են, որ լինես մասնագետ, թեմադ նախապես հստակ լինի, անգամ պարտավոր ես ուղարկել դրա սեղմագիրը (handout/թերթոնը), ապա այս չկոնֆերանսի միակ պահանջն է լինել հետաքրքիր ու թեմայիդ մոտենալ ստեղծարար, այսինքն՝ յուրաքանչյուր մարդու, ով ցանկանում է ներկայացնել իր փորձը և գիտելիքը, հնարավորություն է տրված դա անելու»։

Կարեն Տերտերյանը բոլոր հետքրքրվողներին հորդորեց անպայման բաց չթողնել այս հնարավորությունը և հավելեց, որ ցանկացած մեկը եթե անգամ շատ աննշան գիտելիքներ ունի համացանցի հնարավորությունների մասին ու գրեթե չի էլ օգտվում դրանցից, էլի իրեն հարմար ու հետաքրքիր զեկուցումներ կգտնի այդ կոնֆերանսի ընթացքում։

Հիշեցնենք, որ կազմակերպիչների որոշմամբ միջոցառումը ստացել է ամենամյա բնույթ, և բացի ավանդական բարքեմփական թեմաներից՝ նախատեսված են նաև մշակույթի ու տեխնոլոգիաների առնչությունները ներկայացնող զեկուցումներ։

Դաթո Աբուլաձե

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30