Մի քանի օր է` Գյումրու ռուսական Պետուշոկ կամ, որ նույնն է՝ 8-րդ թաղամասի (գյումրեցիներն ասում են`Վոսմոյ գարադոկ) բնակիչներն իրենց բնակարաններն անհապաղ, 10-օրյա ժամկետում ազատելու գրություն են ստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի պատասխանատուներից:
Երեկ Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությամբ շվարած բնակիչները իրենց զայրույթն էին հայտնում այս փաստի առթիվ` շեշտելով, որ իրենք այդ բնակարանները օդից չեն ստացել, այլ ընտանիքի անդամներից աշխատողներ ունեն ռուսական 102-րդ ռազմաբազայում: Նրանց տեղեկություններով, իրենց տեղահանում են ռուսական ռազմաբազան ընդլայնելու, ռուս նոր զինծառայողներով համալրելու համար:
Խոսքը չսեփականաշնորհված բնակարանների մասին, է, որոնց վրա հայ ընտանիքները մեծ գումարներ են ծախսել, ժամանակին էլ դիմել են սեփականաշնորհման ու մերժվել են: Ինչևէ, անօթևան դառնալու վտանգի առջև կանգնած բնակիչները զայրացած էին այն փաստից, որ ռուսը ինչպես ուզում, այնպես էլ իրենց հետ վարվում է հայկական հողի վրա:
Aravot.am-ը այս թեմայի շուրջ կարծիք հարցրեց Գյումրու անօթևանների խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանից: «Ես դեռևս մեկ տարի առաջ ասել էի, որ Գյումրիից մարդիկ էնքան կարտագաղթեն, որ կմնան ճիշտ այնքան ժողովուրդ, որքան անհրաժեշտ է ռուսական ռազմաբազային սպասարկելու, աշխատանքներ կատարելու համար»,- զրույցի սկզբում հիշեցրեց Վահան Թումասյանը:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, թե ռուսական ռազմաբազան սպասարկող հայերին են փաստացի դուրս անում իրենց բնակարաններից, հ/կ ղեկավարն ասաց. «Եթե չեմ սխալվում 1991 թվականին, երբ որ պայմանագիրը կնքվեց, հետո նորից վերակնքվեցին մի քանի նոր պայմանագրեր, հայկական կողմը պետք է հաշվի առներ այդ ռիսկերը, որ որոշ չափով դրամական փոխհատուցում է սպասելի սահմանապահ զորքերին , ինչպես նաև ռուսական զորքի ավելացման հետ կապված բնակարանային կամ կենցաղային խնդիրները ո՞վ պետք է լուծի և այլն: Իրենք պիտի հասկանային, որ նման խնդիրների առաջ կկանգնեին, հիմա էլ Մաքսային միություն և այլն…Իհարկե ցավալի է, երբ Գյումրիում կա անօթևանության հսկա բանակ, և մենք ավելացնում ենք տարեցտարի անօթևան ընտանիքների թիվը քաղաքում, սա անխոս մի քանի ծանր հետևանքներ կունենա. կնպաստի քաղաքից արտագաղթի ավելացմանը, աղքատությունը կավելացնի:
Իհարկե , այդտեղ խնդիրը մի քիչ այլ է, եթե չեմ սխալվում, այդ թաղամասը ի սկզբանե կառուցվել և նախատեսված է եղել ռուսական ռազմաբազայի սպաների համար, հետագայում ապրում էին նաև հայեր, եղան վերավաճառքներ: Իսկ մինչ այդ ապրում էին այն հայ ընտանիքները, որոնք ծառայում էին ռուսական ռազմաբազայում, իրենք բոլորն էլ ունեն ռուսական քաղաքացիություն: Ցավն այն է, որ մենք շատերին մերժեցինք բնակարան ստանալ, քանի որ նրանք ունեին ռուսական քաղաքացիություն, իսկ ռուսական կողմը իր քաղաքացիներին հանում է, բնականաբար ծառայողական բնակարաններից, սեփականաշնորհված բնակարանների դեպքում նման բան չի կարող անել: Նկատենք, որ մեր այդ քաղաքացիներից շատերը Ռուսաստանին ավելի նվիրված քաղաքացիներ են, քան բուն ռուսները, ովքեր ապրում են ՌԴ-ում: Ի՞նչ կարող ես անել, իրենց պատկանող սեփականություն է », -ասաց Վահան Թումասյանը:
Մեր այն հարցին, թե Ռուսաստանի այսպիսի պահանջատիրական կեցվածքի ու ռուսների թվաքանակի ավելացման դեպքում, հնարավո՞ր է մի օր Գյումրու անունը փոխեն նորից դարձնեն Ալեքսանդրապոլ, մեր զրուցակիցն ասաց. «Ուզում եմ լավատեսորեն մոտենալ այս խնդրին, և հուսալ, որ անպայման նորմալ լուծում կգտնի, բայց եթե կատակով մոտենանք ձեր ասածին, ինչո՞ւ Գյումրին դարձնել Ալեքսանդրապոլ հին ցարերի կանանց անունով, կանվանափոխեն Պուտինոգրադ` ժամանակակիցների անունով:
Մինչև դանակը ոսկորին չի հասնում, չենք հասկանում, որ չի կարելի վասալի կարգավիճակով ապրել, եթե մեր իշխանությունները նման կերպ շարունակեն հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը, հաստատ Պուտինոգրադ կդառնա մեր քաղաքը, բայց ես վստահ եմ, որ մենք թույլ չենք տա»,-ասաց մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ