ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ապահովել հանրակրթական ուսումնական հաստատություններում «ՀԷՑ»-ի կողմից իրականացվող էլեկտրաէներգիայի օգտագործման անվտանգության կանոնների մասին դասընթացների կազմակերպման ծրագրի շրջանակում համատեղ տեղեկացման, փոխգործակցության և գործողությունների համակարգման աշխատանքներ: Կարևորելով համաձայնագրի ստորագրումը` Արմեն Աշոտյանը նշել է, որ ծրագրի կարևորությունն անվտանգ դպրոցական միջավայր ստեղծելու, ինչպես նաև դպրոցից դուրս անվտանգության պահմանման կարևոր բաղադրիչներից մեկն է: “Խոշոր գործատուները նախարարության կարևորագույն գործընկերներ են. ցավոք, այդ մշակույթն ամբողջությամբ չի վարակել մեր բիզնես միջավայրը, որովհետև պետություն-մասնավոր հատված ձևաչափը կարևոր է ինչպես կրթության բովանդակային ապահովման և աշխատաշուկայի հետ սերտ հարաբերության, այնպես էլ ապագայում միասնական կրթական գործունեության ապահովման տեսակետից: Եթե դպրոցում և դրանից դուրս էլեկտրական հոսանքի օգտագործման հետ կապված կտրուկ նվազեն դժբախտ պատահարները և կանխվեն դրանք, եթե կարողանանք անգամ մեկ փոքրիկի բացատրել, որ ստացված գիտելիքն իրեն օգտակար կլինի ողջ կյանքում և փրկենք նրան` հնարավոր դժբախտ պատահարներից, կարծում եմ` ծրագիրն իմաստ ունի և հաջողությամբ կշարունակի իրականացվել”,-նշել է Ա. Աշոտյանը:
“Հայաստանի էլեկտրական ցանցերի” գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն իր հերթին նշել է, որ ծրագրի շրջանակում ցանցի աշխատակիցներն այցելել են հանրապետության մարզերի շուրջ 1200 դպրոց, անցկացրել համապատասխան դասընթացներ, որոնք լավ արդյունք են տվել: “Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարաշրջանում կարևոր է, որ երեխաները հնարավորիս վաղ հասակից պատկերացում կազմեն` ինչ է անվտանգությունը: Բացի այդ, մեր աշխատակիցներն անցնում են համապատասխան վերապատրաստում, որպեսզի կարողանան ավելի մատչելի բացատրել երեխաներին` էլեկտրաէներգիայի օգտագործման անվտանգության կանոնները”,-նշել է Եվգենի Բիբինը` հավելելով, որ “ՀԷՑ”-ի պատվերով “Մուլտիշոկ” մանկական ամսագրի ստեղծագործական անձնակազմը պատրաստել է նկարազարդումներով փոքրիկ ամսագիր, որը նախատեսված է 4-7-րդ դասարանների աշակերտների համար:
ՀՀ կրթության և գիտության նախարարը Եվգենի Բիբինի ուղեկցությամբ այցելել է “Հայաստանի էլեկտրական ցանցերի” ժամանակակից կրթական կենտրոն, որտեղ ցանցի աշխատակիցները մասնագիտական գիտելիքների կատարելագործման, վերապատրաստման դասընթացներ են անցնում:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն