Լրահոս
Օրվա լրահոսը

Թամարա Աբրահամյան. «Պատգամավորներին կաշկանդում է կուսակցական պատկանելությունը» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2013 16:21

Հանրային մի շարք կառույցների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական հասարակությանը, հանրային ակտիվությանը վերաբերող հարցերով պարբերաբար քննարկումներ են կազմակերպվում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, ՀՀ կառավարության, նախարարությունների պաշտոնյաների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Aravot.am-ը այս ծրագրում ներգրավված «Արազա» ԲՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանի հետ զրույցում հետաքրքրվեց`ԱԺ պատգամավորին, որը երբևէ իր աշխատասենյակի դուռը չի բացել, կամ վիրավորում է լրագրողին, արդյոք կարո՞ղ է հասու լինել քաղաքացիական հասարակություն հասկացությունը: Նա պատասխանեց. «Մենք փորձում ենք բոլորին հասցնել, մեր ամսագիրը բոլոր պատգամավորներին ուղարկում ենք, բայց չենք կարող նրանց կարդալ պարտադրել»: Տիկին Աբրահամյանը նշեց, որ երբեմն դա անում են ԱԺ հանձնաժողովների լսումների, ընդմիջումների ժամանակ:

Իսկ որ պատգամավորը լրագրողին վիրավորում է, Թամարա Աբրահամյանը կարծում է, որ նա պիտի գրավոր դժգոհություն ներկայացնի, դիմի դատական ատյաններ, և պարտադիր չէ վիրավորանքին վիրավորանքով պատասխանել, կամ պիկետ ու ցույց անել:

Հետաքրքրվեցինք` շփումներն ի՞նչ են ցույց տալիս, մեր պատգամավորների մեծամասնությունը պատկերացնո՞ւմ է`ինչ ասել է քաղաքացիական հասարակություն: Թամարա Աբրահամյանը պատասխանեց. «Մեզնից յուրաքանչյուրը դա հասկանում է իր իրազեկվածության և իրավագիտակցության հարթությունից: Այդ համատեքստում սուբյեկտիվ ընկալումներ էլ ունենք: Շատերը քաղաքացիական հասարակությունը դեռ ընկալում են բարեգործության մակարդակի, որ ՀԿ-ն ընդամենը բարեգործությամբ պիտի զբաղվի: Կան երիտասարդ պատգամավորներ, որոնք որոշակի պատկերացումներ ունեն այդ մասին, քանի որ մուտքուելք են անում Գերմանիայի Բունդեսթագ և բնականաբար իրենց համար քաղաքացիական հասարակություն հասկացությունն ավելի տեսանելի է»:

Սակայն, միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ պատգամավորների այն հատվածը, որը քաղաքացիական հասարակության հետ աշխատանքում ակտիվ ու պրոակտիվ է, ավելի քիչ են, քան իներտները, որոնք դա համարում են ավելորդ աշխատածավալ ու գլխացավանք:

Ըստ մեր զրուցակցի`կուսակցական պատկանելությունը ևս կաշկանդում է պատգամավորներին. «ԱԺ-ում կուսակցական պատկանելություն ունեցող պատգամավորները մեծամասնություն են կազմում: Նրանք նախաձեռնող լինելու սահմանափակ հնարավորություններ ունեն: Իրենք դա պիտի համաձայնեցնեն խմբակցության հետ, ինչը բացասաբար է անդրադառնում քաղաքացիական հասարակության հետ իրենց ակտիվ մասնակցությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30