Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Բաղդասարյան. «Ղարաբաղի ճակատագիրը կարող է ավելի կարճ ժամանակում Մաքսային միություն մտնելու պես գաղտագողի որոշվել»

Սեպտեմբեր 27,2013 16:13

«Ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ քաղաքացիական հասարակությունը, երբ որոշումներն ընդունվում են քաղաքական ղեկավարության կողմից»,-այս հարցի պատասխանն են փորձել գտնել «Խաղաղության հեռանկարի մերձեցում. խաղաղարության 20 տարի՝ ղարաբաղյան հակամարտության համապատկերում» ուսումնասիրությունն իրականացնողները:

Ուսումնասիրությունը բաղկացած է երեք մասից՝ «Հայացք Ստեփանակերտից», «Հայացք Բաքվից» եւ «Հայացք Երեւանից»։ Այն կատարել են փորձագետներ Գեղամ Բաղդասարյանն ու Մասիս Մայիլյանն Արցախից, Միքայել Զոլյանը՝ Հայաստանից եւ Ավազ Հասանովն ու Գյուլշան Փաշաեւան՝ Ադրբեջանից։

Միքայել Զոլյանը նշեց, որ փորձագետների կարծիքներն ընդհանրություններ ունեն: Մասնավորապես, իրատեսական դիտարկում կա, որ այս պայմաններում քաղաքացիական հասարակության սահմանափակումները մեծ են: Ըստ Մ. Զոլյանի՝ երկու հասարակությունների շփումը թույլ չի տալիս, որ թշնամու կերպարին, որը կերտվում է, գոնե մի բան հակադրվի: Սակայն խնդիրն այն է, որ զբաղվող փորձագետները հիմնականում նույն մարդիկ են:

Խոսելով այն խնդրի մասին, թե նման երկխոսությանն ինչպես են վերաբերվում ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունները, Մ. Զոլյանն ասաց. «Մեր իշխանություններն ավելի լիբերալ են տրամադրված նման նախաձեռնություններին: Եթե չեն աջակցել, բայց գոնե չեն խոչընդոտել:Ադրբեջանում այլ դիրքորոշում է, այժմ գնալով իշխանության, վերաբերմունքը խստանում է:Պատրաստվում են արգելել համագործակցություն ցանկացած Հայաստանյան հ/կ-ի հետ: Սա հերքվեց, բայց հասկացվեց, որ այն ուներ լուրջ ուղերձ: Այնինչ, հայ-թուրքական հարաբերություններում այս խնդիրներն ավելի քիչ են առաջանում»:

Փորձագետ Գեղամ Բաղդասարյանը նշեց. «Տեղեկատվական պատերազմում խաղաղարարությամբ զբաղվելը կամիկաձեությամբ զբաղվելու նման մի բան է: Իսկապես շատ դժվար է խաղաղարարությամբ զբաղվելը, երբ չգիտես, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում, ինչ է դրված սեղանին ու կողմերն ինչ են քննարկում: Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե հինգ կամ վեց մարդ կա, որ տիրապետում է այս տեղեկություններին: Հիմա երևի թե նույնն է իրավիճակը: Եթե այսպես գաղտագողի որոշվեց Մաքսային միություն մտնել, բնականաբար Ղարաբաղի ճակատագիրը շատ ավելի կարճ ժամանակում կարող է գաղտագողի որոշվել»:

Փորձագետները լուրջ մտահոգություն համարեցին նաև հանրության՝ լուսանցքում գտնվելու առնչությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30