Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Նանսենի 5/3 հասցեում տեղակայված արցախյան ազատամարտի մասնակից, «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուրի հարակից տարածք, որը օրերս է բարեկարգվել:
Տարածքի բարեկարգման հարցով ազատամարտիկի մայրը՝ տիկին Արաքսյան, Տարոն Մարգարյանին դիմել էր «Եռաբլուր» պանթեոնում, Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի օրը:
Քաղաքապետն, ինչպես և խոստացել էր, անձամբ է այցելել բակ՝ կատարված աշխատանքներին ծանոթանալու: Արաքսյա մայրիկը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին՝ իր խնդրանքին արագ արձագանքելու, ինչպես նաև ազատամարտիկների ծնողների հանդեպ դրսևորած մշտական հոգածության ու ջերմ վերաբերմունքի համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն ու ինքն անձամբ ուժերի և հնարավորությունների սահմանում շարունակելու է աջակցել արցախյան հերոսամարտի մասնակիցների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ընդգծելով, որ հայրենիքը կյանքի գնով պաշտպանած հայորդիների սխրանքը երբեք չի մոռացվի:
Կարդացեք նաև
Ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մարտական ընկերները վստահ են, որ բակի մի հատվածում ձևավորված փոքրիկ այս հանգստի գոտին իր յուրօրինակ խորհրդով հայրենիքը սիրելու պատգամ կլինի բակում մեծացող յուրաքանչյուր փոքրիկի համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն