Երեկ երեկոյան «Արամ Խաչատրյան» Մեծ համերգասրահում «Երաժշտության շաբաթ» նախագծի շրջանակներում «Էմիլ Կարատի թոք-շոուն գրիմանոցում. մեծագույն դասական համերգներ» խորագրի տակ տեղի ունեցավ համերգ, նվիրված մեծ ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 140-ամյակին:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) կատարեց Ռախմանինովի «Ռապսոդիան Պագանինիի թեմայով», այնուհետև լեգենդար Երկրորդ համերգը:
Առաջին ստեղծագործության մենակատարն էր պատանի դաշնակահար, սակայն արդեն հասցրած՝ դառնալ Արամ Խաչատրյանի անվան երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային մրցույթի դափնեկիր (2011 թ.), Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանող Ժորա Սարգսյանը, իսկ Երկրորդ համերգի մենակատարն էր հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը:
…Այն, որ պատանի մենակատարը ջանք չխնայեց, որպեսզի նվաճի երևանյան դասական համերգների մշտական հանդիսականների համակրանքը, ինքնին հասկանալի է: Սակայն սույն տողերի հեղինակի համար, ով դեռ մի քսան տարի առաջ նույն այս դահլիճում, որը մութ ու ցուրտ պատերազմական տարիներին լույսի և ոգու մի կղզյակ էր, վայելել է Բաբախանյանի փայլուն կատարումները, կարելի է ասել՝ հաճելի անակնկալ դարձավ այն, որ նման մակարդակի կատարողը, տասնամյակներ անց էլ, նվագում էր նույն էմոցիայով, երիտասարդական եռանդով, որն էլ, ի դեպ, փոխանցել է իր ուսանող Ժորա Սարգսյանին:
Կարդացեք նաև
Հիացած դահլիճն իր շնորհակալությունն էր հայտնում նվագախմբին և մենակատարներին անվերջ «բռավո՛»-ներով, Արմեն Բաբախանյանն էլ «ստիպված» էր բազմաթիվ «բի՛ս»-երին արձագանքել «Աղոթք» անվանումով իսկապես չքնաղ մի գործով՝ ինչպես պարզվեց, իր իսկ կողմից հեղինակած:
Համերգից անմիջապես հետո հեղինակիս հետ զրույցում պրոֆեսոր Բաբախանյանը նշեց, որ Ռախմանինովը իր ամենասիրելի և առավել հաճախ կատարվող կոմպոզիտորներից մեկն է, և որ նա, ըստ էության, կատարել է մեծ կոմպոզիտորի բոլոր համերգները:
«Իսկ Երկրորդ համերգն ինձ հոգեհարազատ է մի շարք պատճառներով», ասաց պրն Բաբախանյանը:
Իր խոսքերով, հանրահայտ փաստ է այն, որ բոլոր ժամանակների և ժողովուրդների դասական երաժշտության այս գլուխգործոցը Սերգեյ Ռախմանինովը գրել է չորս տարվա խորը ընկճախտից՝ դեպրեսիայից հետո, որի ընթացքում և ո՛չ մի նոտա չի գրվել: «Ռախմանինովի զգացական այդ հոգեվիճակն ինձ մոտ է, այն շատ անկեղծ է, դրա համար էլ համերգը ստացվել է զարմանալիորեն ամբողջական, բնականոն՝ ամեն մի նոտա ներդաշնակորեն կապված է նախորդի հետ, և ես մշտապես աշխատում եմ առավելագույնս ճշգրիտ կերպով փոխանցել հանդիսականին այդ երաժշտության ամբողջ մաքրությունը և անկեղծությունը…»
Իսկ բավարարու՞մ է արդյոք Երիտասարդական նվագախմբի պատանի երաժիշտների մակարդակը բազմափորձ և պահանջկոտ կատարողին և մանկավարժին:
Արմեն Բաբախանյանի պատասխանը հետևյալն էր. «Ես շատ եմ սիրում մեր Երիտասարդականը, առաջին հերթին՝ այն նվիրումի¸կասեի նույնիսկ՝ ֆանատիզմի համար, որով աշխատում են մեր կոնսերվատորիայի շնորհալի սաները Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ…Գիտե՛ք, այսօրվա աշխարհում, երբ բավականին հաճախ կարելի է լսել նրանց ավագ կոլեգաների՝ կներե՛ք արտահայտությանս համար՝ «հոգնած» կատարումները, Երիտասարդական նվագախմբի երաժիշտների նման էնտուզիազմը իսկապես մի շատ թանկ բան է, և այստեղ, անկասկած, մեծ է մաեստրո Սմբատյանի ավանդը… »
Մաեստրո Բաբախանյանի համոզմամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որը վերջերս համալրվել է սեփական լիածավալ փողային խմբով, ընդամենը մեկ-երկու տարի հետո կունենա որակապես նոր, իր խոսքերով՝ առավելագույն կատարողական մակարդակ:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ևս գոհացրել էր իր հիմնադրած և ղեկավարած նվագախմբի երաժիշտների կատարումը, քանի որ, իր իսկ վկայությամբ, իր սաները հաջողությամբ կատարեցին իրենց առջև դրված բավականին լուրջ առաջադրանքը՝ առանց ընդմիջման նվագել Ռախմանինովի երկու բարդ գործերը:
Գուրգեն Ջ. ՉԱԽԱԼՅԱՆ