Այսօր Ազգային ժողովում ԱԺ խմբակցությունների հետ հանդիպող ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդիպումը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չուզեց մեկնաբանել եւ պատմել. «Կոռեկտ չի լինի, եթե ես ներկայացնեմ մեր խմբակցության մյուս պատգամավորների բարձրացրած հարցերը»:
Իր կողմից տիկին Զոհրաբյանը բարձրացրել է արդարության դեֆիցիտի, իրավապահ մարմինների հանդեպ վստահության դեֆիցիտի հարցը, ինչպես նաեւ՝ քաղաքական հետապնդումներին է անդրադարձել: Տվյալ դեպքում խոսքը Վարդան Օսկանյանի եւ նրա «Սիվիլիթասի» մասին է:
Թե ինչպես կքվեարկի ԲՀԿ խմբակցությունը՝ Սերժ Սարգսյանի առաջարկին՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի նշանակման վերաբերյալ, տիկին Զոհրաբյանը դեռ չգիտի՝ «այժմ խմբակցության նիստ է տեղի ունենալու, կքննարկենք, երկուշաբթի էլ կքննարկենք եւ կորոշենք»: Այդուհանդերձ, տիկին Զոհրաբյանը կարծում է, որ խմբակցությունը կքվեարկի միասնական:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ