Լրահոս
Օրվա լրահոսը

Միխեիլ Սաակաշվիլու «վերջին ճիչը»

Սեպտեմբեր 27,2013 14:35

Հայ պատգամավորների պատասխանը Վրաստանի նախագահին

Թեեւ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացնելիս Հայաստանի նախագահի վրա ճնշումներ չեն եղել եւ տարատեսակ հղումներով փորձում են տպավորություն ստեղծել, թե Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացվել է բազմաթիվ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում, նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած իր ելույթում խոսելով Արեւելյան Եվրոպայի երկրների մասին, որոնք ձգտում են մաս կազմել եվրոպական ընտանիքին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ նրանք ճնշումների են ենթարկվում: «Հայաստանն անկյուն է քշվել եւ հարկադրված է եղել ստորագրել Մաքսային միության փաստաթուղթը, որն այդ ազգի եւ տարածաշրջանի շահերից չի բխում: Մոլդովան շրջափակման է ենթարկվում, Ուկրաինան հարձակման տակ է, Ադրբեջանը մեծ ճնշման տակ է, իսկ Վրաստանը՝ օկուպացված»,- ասել է հարեւան Վրաստանի նախագահը: «Առավոտի» դիտարկմանը՝ փաստորեն, Հայաստանի վրա ճնշումն այնքան ակնհայտ է եղել, որ ոչ միայն հայաստանցիներն են նկատել, այլ նաեւ այլոք, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հակադարձեց. «Մեր հարեւան, բարեկամ, շատ սիրելի ու հարգելի ժողովուրդ ներկայացնող երկրի քաղաքական փոքրամասնություն ներկայացնող նախագահին կխնդրեի հիշել, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, անկախ պետություն է եւ իր որոշումները կայացնում է՝ հիմնվելով սեփական շահի վրա»: Թե Մաքսային միությանն անդամակցության որոշումը որքանո՞վ է հիմնված ՀՀ քաղաքացիների շահերի վրա, ԲՀԿ-ական պատգամավորն ինքը առայժմ դժվարանում է ասել՝ հասկանալի պատճառներով. «Որովհետեւ ինքներս սպասում ենք հիմնավորումներին, բայց, առհասարակ, հարեւան երկրի քաղաքական փոքրամասնությունը ներկայացնող նախագահի խոսքերի պատասխանը ես տվեցի»:

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ հակադարձելով մեր դիտարկմանը՝ ասաց. «Ես չեմ կարծում, որ ՀՀ-ի վրա ճնշումների ակնհայտությունը պետք է երեւա Միխեիլ Սաակաշվիլու հայտարարություններից: Սաակաշվիլին այս պահին գոնե կամ դեռեւս ղեկավարում է Վրաստանի Հանրապետությունը՝ որպես նախագահ, եւ ազատ է իր կարծիքը հայտնելու կամ տեսակետներ հնչեցնելու՝ ելնելով իր երկրի որոշակի խնդիրներից, դիրքորոշումներից, հեռանկարներից եւ մի շարք այլ գործոններից: Չեմ կարծում, որ Սաակաշվիլիի հայտարարությունը պետք է որեւէ մեկի համար հիմք հանդիսանա, առավել եւս Հայաստանի վրա՝ իբր գործարկված ճնշումների ակնհայտության: Մենք բազմիցս ասել ենք, որ որեւէ ճնշում չի եղել եւ չէր էլ կարող լինել»: Մեր զրուցակիցները հարեւան երկրի նախագահի այս ելույթը դիտարկում են նաեւ նրա պաշտոնավարման ժամկետի մոտալուտ ավարտի տեսանկյունից:

Շարունակելով՝ Միխեիլ Սաակաշվիլին նկատել է, որ ՌԴ-ն իր շուրջը կայուն երկրներ ունենալու շահ չունի: Այս համատեքստում ղարաբաղա-ադրբեջանական խնդիրները Վրաստանի նախագահն այսպես է մեկնաբանել. «Ոչ, նրանք չեն ցանկանում, որ որեւէ մեկը առավելության հասնի հակամարտությունում, քանի որ այն երկու ազգերին կախյալ է պահում եւ արգելափակում է եվրոպական տարածությունում ինտեգրվելու ցանկությունը»: Այս առիթով մեր հարցին էլ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես կցանկանայի, որ մեր հարեւան եւ բարեկամ պետությունների քաղաքական գործիչները, մասնավորապես ընդդիմադիր քաղաքական գործիչները, ինչպես տվյալ դեպքում նախագահ Սաակաշվիլին է, իրենց՝ այլ պետությունների գործիչների հարաբերությունների երանգավորումը չարտաբերեն ՀՀ-ի՝ այլ պետությունների հետ հարաբերությունների վրա»: Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցչի արձագանքն էլ այսպիսին է. «Միխեիլ Սաակաշվիլու ասածներից որոշ բաներ քաղաքագիտության մեջ կարող են որոշակիորեն ընկալելի լինել: Օրինակ՝ նույն ժողովրդավարություն հաստատելու քողի տակ արեւմտյան մի շարք երկրներ մտնում են այս կամ այն երկիր, փորձում են այնտեղ ինչ-որ խնդիրներ լուծել կամ գործընթացներ տանել: Կան երկրներ, որոնք չլուծված կոնֆլիկտների կարգավորման պատրվակով փորձում են ներկայացված լինել տարածաշրջանում: Կոնկրետ այս դեպքում ՌԴ-ն ներկայացված է ղարաբաղա-ադրբեջանական խնդրի կարգավորման ֆորմատում եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Բայց քանի որ կա վրաց-ռուսական խնդիրը, նաեւ այդ պրիզմայով հնչեցված կարծիքն ինձ համար չի կարող լինել մտահոգող կամ անկողմնակալ: Պետք է պարզապես մի փոքր ուշադրություն դարձնել, թե պարոն Սաակաշվիլին ե՞րբ, որտե՞ղ եւ ինչի՞ համար է անում այդ հայտարարությունները»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ապրես մեծն Ուրիխան,
    Դու Հայ ազգի քաջ պաշտպան,
    Ոչ մածուն ես, ոչ էլ թան,
    Ոչ էլ մատի փաթաթան:
    Քո խոսքերը իմաստուն,
    Մտքիտ թռիչքն են փաստում,
    Որ գործիչ ես հանճարեղ,
    Ազնվության դու կանթեղ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30