Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անվտանգության երաշխավո՞ր, թե՞ սպառնալիքների աղբյուր

Սեպտեմբեր 27,2013 14:33

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը՝ «ռազմավարական գործընկերոջ»՝ մեր շահերին հակասող գործնական քայլերի ու ծրագրերի մասին:

– Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտնեց Հայաստանի ցանկությունը՝ «միանալու Մաքսային միությանը եւ ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում»: Եթե Հայաստանն, այնուամենայնիվ, անդամակցի այդ կառույցին՝ դա ի՞նչ ճանապարհով է հնարավոր՝ հանրաքվեո՞վ, Սահմանադրության փոփոխման ոչ ենթակա կետերը փոխելո՞վ, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը վտանգելո՞վ։

– ՀՀ օրենսդրության համաձայն՝ հանրաքվե նշանակելու իրավունք ունեն ՀՀ նախագահը, Ազգային ժողովը եւ կառավարությունը: Այլ կերպ ասած՝ հանրաքվե անցկացնելը լիովին կախված է իշխանությունների ցանկությունից: Իշխանություններն էլ իրենց հերթին պնդում են, որ ՄՄ-ին անդամակցելը չի հակասում մեր Սահմանադրությանը, օրենսդրությանը եւ բացարձակապես չի վտանգում մեր անկախությունն ու ինքնիշխանությունը: Եվ անկախ նրանից, թե իրականում ինչ վտանգներ է իր մեջ պարունակում ՄՄ-ին մեր անդամակցելը, այս պահին քիչ հավանական եմ համարում որեւէ հանրաքվեի անցկացում: Այնպես որ՝ եթե ՄՄ-ի անդամակցության փաստաթղթերը ստորագրվեն, ապա դրանք կանցնեն միջազգային պայմանագրերի համար մեր օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով: Իրավիճակը կարող է փոխվել, եթե լինեն լուրջ ընդվզում այդ որոշման դեմ, քաղաքական ընդդիմության եւ հասարակության լայն շերտերի կողմից նախաձեռնված ճնշումներ, կամ եթե հենց իշխանությունը կամ իշխանության մի մասը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, որոշի ԱԺ-ի շրջանակներում կամ նույնիսկ հանրաքվեի միջոցով երկարաձգել կամ նույնիսկ տապալել այդ գործընթացը:

– Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, թե՝ մեր հարեւանների պաշտպանական կարողությունները հետզհետե վերածվում են հարձակողական կարողությունների, եւ այդ առումով «առանց Ռուսաստանի մեր անվտանգության ապահովումը չափազանց դժվար կլինի, եթե միայն Ադրբեջանը լիներ, մենք խնդիր չունեինք»։ ՄՄ-ի անդամակցության ցանկության վերաբերյալ հայտարարությունն արդարացնելու ֆոնին իշխող ՀՀԿ-ից վերջերս նույնպես լսում ենք «անվտանգության հարց է» պատճառաբանությունները: Մեր անվտանգությունը ո՞վ է ապահովում, ինչպե՞ս է ապահովում ու ինչպե՞ս  պետք է ապահովի սրանից հետո, եւ արդյոք դա ՄՄ-ին պարտադիր անդամակցելո՞վ է հնարավոր:

– Ակնհայտ է, որ ՄՄ-ին անդամակցելը հակասում է Հայաստանի Հանրապետության եւ մեր քաղաքացիների տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական շահերին: Հաշվի առնելով ՄՄ-ի բնույթը, աշխարհագրական ձեւաչափը եւ կազմը՝ կարող ենք նաեւ ասել, որ այդ կազմակերպության համար Հայաստանի անդամակցությունը, ի տարբերություն Ուկրաինայի, բացարձակապես նշանակություն չունի: Ուստիեւ ՀՀ այդ քայլը, որին Սերժ Սարգսյանը գնացել է ճնշման եւ շանտաժի արդյունքում, ընդ որում՝ այդ շանտաժի հիմնական առարկան, իմ համոզմամբ, եղել է Սարգսյանի պաշտոնավարման եւ անձնական անվտանգության խնդիրը, պայմանավորված է միայն ՌԴ-ի կայսերական ամբիցիաներով եւ ռազմաքաղաքական շահերով եւ ոչ՝ ՄՄ-ի, որպես տնտեսական կառույց, կայացման խնդրով, եւ առավել եւս՝ ոչ Հայաստանի շահերով: Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ՄՄ-ին անդամակցելը պայմանավորված չէ տնտեսական շահերով, եւ այդ որոշումը շարունակաբար հիմնավորվում է «անվտանգության» ապահովման, անվտանգության «սպառնալիքներին» դիմակայելու խնդրով: Ընդհանրապես, անվտանգության ապահովման եւ սպառնալիքների շահարկումը, իրական վտանգների եւ սպառնալիքների քողարկումը թվացյալ կամ քաղաքական նպատակներով ուռճացված, ինչպես նաեւ մտացածին վտանգներով,  տարբեր հարթություններում, ոլորտներում գտնվող եւ տարբեր կատեգորիաների պատկանող իրողությունների եւ դրանց պատճառահետեւանքային կապի միտումնավոր խեղաթյուրումը սեփական քայլերն արդարացնելու եւ հասարակությանը մոլորության մեջ պահելու նպատակով ամենատարածված երեւույթն է, մասնավորապես՝ Հայաստանի քաղաքական եւ  հասարակական կյանքում: Սակայն որոնք են իրականում մեր անվտանգության հիմնական  սպառնալիքները, արդյոք ինչքանո՞վ են դրանք համեմատական Ռուսաստանի հետ մեր ռազմական համագործակցության ծավալին, որակին եւ բովանդակությանը եւ հանուն այդ սպառնալիքներին դիմակայելու Հայաստանի կողմից` ի վնաս սեփական ինքնիշխանության, սեփական շահերի, այսօր ՌԴ-ին արվող զիջումներին եւ տրվող իրավասություններին: Միանգամից ասեմ, որ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների սպառնալիքը Հայաստանի դեմ ծայրահեղ չափազանցված է, եթե ոչ մտացածին` չկա ագրեսիայի դեպքում Թուրքիայի շահի տրամաբանական եւ պատճառաբանված  հիմնավորում, մինչդեռ ակնհայտ են այն ահռելի քաղաքական կորուստները, որ կկրի Թուրքիան դրա արդյունքում:

Մեր անվտանգության միակ իրական սպառնալիքներն այսօր պայմանավորված են ԼՂ հակամարտությամբ, եւ դրանց չեզոքացման առաջնային գրավականն է այդ հիմնահարցի կարգավորումը եւ կայուն խաղաղության հաստատումը, ինչն իր հերթին դրական ազդեցություն կունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա: Նաեւ շատ կարեւոր են վստահելի եւ կայուն, այլ երկրների շահերով չմիջնորդավորված հարաբերությունները Վրաստանի հետ: Այս զարգացումները ճանապարհ կբացեն տարածաշրջանային լիարժեք համագործակցության, միասնական տնտեսական տարածքի ստեղծման եւ հետագայում նույնիսկ հնարավոր է` նպատակահարմարության սահմաններում պահպանելով երկկողմ ռազմական համագործակցությունը նույն ՌԴ-ի հետ, երեք հարավկովկասյան պետություններով միեւնույն անվտանգության համակարգի մեջ ընդգրկվելուն, որն, ըստ իս, լավագույն տարբերակն է մեր անվտանգության ապահովման համար: Ակնհայտ է, որ նման զարգացումները հակասում են տարածաշրջանում ՌԴ շահերին, ում միակ «հենարանը» Հարավային Կովկասում Հայաստանն է, եւ ով միայն սպառնալիքների շահարկման, լարվածության եւ պատերազմական իրավիճակի պահպանման եւ Հայաստանի կախվածության խորացման, ընդհուպ մինչեւ գործնականում ինքնիշխանության վերացման մեջ է տեսնում տարածաշրջանում իր ազդեցության եւ լայնածավալ ներկայության գրավականը եւ անում է հնարավորը՝ այդ իրավիճակի պահպանման համար: Ադրբեջանին հարձակողական զինատեսակների շարունակական մատակարարում եւ սպառազինությունների մրցավազքի հրահրում, Գյումրիի ռազմակայանի ժամկետի երկարաձգում՝ զուգորդված անվտանգությանը վերաբերող ՀՀ որոշումների ընդունմանը մասնակցության իրավունքով եւ Վրաստանի տարածքով առանց վրացական իշխանությունների համաձայնության տարանցում իրականացնելու սպառնալիքով, ԼՂ-ի կողմից Ադրբեջանին որոշ տարածքներ վերադարձնելու դիմաց Ստեփանակերտի օդանավակայանը ռուսական ռազմակայան վերածելու եւ հայ-վրացական սահմանի վերահսկողությունը իրականացնելու քննարկվող ծրագրեր եւ՝ վերջապես ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կասեցում այն դեպքում, երբ դա ամենեւին չէր հակասում ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությանը` ահա մեր «ռազմավարական գործընկերոջ» գործնական քայլերի եւ ծրագրերի մի քանի թարմ օրինակ, որոնք ակնհայտորեն հակասում են մեր շահերին, ավելացնում լարվածությունը եւ մեր անվտանգության սպառնալիքները:

– ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս նշեց, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է եւ տրամադրված Հայաստանի հետ համագործակցության նոր ձեւեր որոնելու: Հայաստանի համար ԵՄ Ասոցացման գործընթացը վերջնականապես կորսվա՞ծ է, թե՞ ելքեր կարող են գտնվել այս ուղղությամբ առաջ ընթանալու:

– Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործընթացը՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, թե այլ ձեւաչափով, այս պահին դեռ կորսված չէ թեկուզ եւ այն պատճառով, որ ԵՄ հետաքրքրությունները մեր տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ձգտումը  չավարտվեցին ՄՄ-ին անդամակցելու մեր իշխանությունների որոշմամբ, եւ ԵՄ-ն դեռ կշարունակի նոր ձեւեր եւ ճանապարհներ որոնել եւ հնարավորությունների սահմանում իրականացնել ներգրավման քաղաքականություն: Բայց այդ քաղաքականության հաջողությունը, Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարը, ԵՄ ջանքերի ինտենսիվությունը եւ արդյունավետությունը այդ ուղղությամբ կախված են մեր ներքին պահանջարկից, Հայաստանի հասարակությունում եւ քաղաքական դաշտում ԵՄ-ի համար վստահելի, իրենց խոսքի եւ գործի համար պատասխանատվություն կրող եւ գործընկերների ձեւավորումից: Դրանք պետք է լինեն ուժեր, որոնց արժեհամակարգի, գաղափարախոսության եւ գործողությունների հենքը եւ նպատակը կլինեն Հայաստանի պետական շահը, ոչ թե այլ պետությունների շահի սպասարկումը, ՀՀ քաղաքացու շահը, անվտանգությունը եւ ապագան, եւ որոնք պատրաստ կլինեն ՀՀ անվտանգությունն ապահովել կայուն խաղաղության հաստատման եւ տարածաշրջանային համագործակցության միջոցով: Սակայն միշտ պետք է հաշվի առնել ժամանակի գործոնը` այն, ինչ նպատակահարմար է եւ հնարավոր դեռ այսօր, վաղը կարող է դառնալ անիմաստ եւ նույնիսկ անհնար՝ ինչպես Հայաստանի եվրաինտեգրումը ինքնիշխանության կորստի եւ այժմյան արտագաղթի ծավալի պայմաններում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob says:

    էնքան պրիմիտիվ են արդեն “լիբերռաները”, իջել են լրիվ պոլի աստիճան…
    մի հատ փաստարկ բերեք էլի՞ թե ինչու է տնտեսապես մեզ ոչ ձեռնատու Մաքսային Միությանը միանալը…
    ինչպես միշտ եղել է պոստսովետական “լիբեռալների” դեպքում, ընդամենը մերկապարանոց, փրփուրը բերանին, ագրեսիվ բառերի շարան կլսես իրանցից

  2. Ettentcchi says:

    Մեր անվտանգության միակ իրական սպառնալիքներն այսօր Ճիտ չէ կապել ոչ ԼՂ հակամարտությամբ, ոչ Ռուսաստանի և ոչ էլ ԱՄՆ-ի ոչ էլ եվրոպայի հետ: Մենք բոլորս էլ լավ գիտենք որ մեր անվտանգությանը միակ սպառնացողը մենք ենք, մեր կազմակերպած ընտրություններով, կաշառակեր և կոռումպացված իշխանավորներով, օֆշորային գործերի մեջ թաղված վարչապետով, դատաիրավական համակարգի բացառապես կոռումպացված իրավաբաններով: Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանությանը զավթելուց հետո մեր երկրում ոչ մի իշխանավոր բացի թալանելուց, երկիրը ոչնչացնելուց, ժողովրդին ստրկացնելուց ուրիշ գործով չեն զբաղվել և գնալով միայն կատարելագործել են այդ գործելավոճի մեթոդները:
    Այսքանից հետո ես չեմ պատկերացնում թե օտարներին ոնց ենք կարողանում մեղադրել, թե մեզ այս են պարտադրում, կամ այն են պարտադրում: Պարզվում է մեր շահերը ոչ թե մենք պետք է պաշտպանենք այլ օտարները` Պուտինը, Օբաման, Եվրախորհուրդը, Թուրքիան քիչ էլ քիչ էլ կհասնենք այտեղ որ կսքսենք նեղանալ թե ինչու Ալիևը ռազմատենչ հայտարարություններ է անում, 4 միլիարդի զենք է առնում, փոխանակ նստի ու մեր շահերի ու անվտանգության մասին մտածի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30