Պահեստազորային գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին կալանավորելու մեջ «Խաչակիր» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Սարուխանյանը հատուկ ծրագիր է տեսնում:
«Կամ հատուկ ծրագիր են իրականացնում կամ ի վիճակի չեն ղեկավարել երկիրը»,- այսօր Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկների կազմակերպած ասուլիսին ասաց պարոն Սարուխանյանը:
Նրա համոզմամբ, գնդապետի հետ կատարվածով իշխանությունները խրախուսում են դասալքությունը.«Եթե կաշառք տվողին չեն կալանավորում, ուրեմն իշխանությունները միայն Վոլոդյա Ավետիսյանից են ուզում ձերբազատվել : Միաժամանակ հաղորդագրություն են ուղարկում՝ կաշառք տվողներ, տվեք կաշառք, որովհետեւ կազատվեք: Իշխանավորը կաշառքը կվերցնի, ինչո՞ւ եք միջնորդի միջոցով անում: Հեռուստատեսությամբ ասում են՝ ով տուժել է ոմն գնդապետ Ավետիսյանից, դիմեք ոստիկանություն: Ես էլ ասում եմ՝ Ավետիսյանը ոմն չէ եւ ով տուժել է այսօրվա հանցավոր իշխանություններից, դիմեք Հանրապետության հրապարակ, միացեք Վոլոդյա Ավետիսյանի՝ ազնիվ մարդու ազատման գործընթացին: Վոլոդյայից ոչ մեկը չի տուժել, այս ծրագիրը շինծու գործ է: Կա անմեղության կանխավարկածի խախտում, իսկ դատարանը դեռ չի որոշել նրա մեղքը»:
Նրա խոսքերով, ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար պայքարող Ավետիսյանին կալանավորելը զգուշացում է նաեւ սոցիալական մյուս խմբերին, եթե երբեւէ որոշեն ինչ-որ հարցեր բարձրացնել. «Եթե վաղը սոցիալական մի խումբ բարձրանա հանրահավաքի եւ ասի, որ քսան հազար դրամը չի բավարարում, պետք է զգուշանան, որ իրենց էլ կարող են կալանավորել: Սա իշխանությունների զգուշացումն էր՝ սոցիալական հարցերով չմոտենաք, կկալանավորվեք, իսկ քաղաքական հարցերով ինչքան ուզում եք գոռգոռացեք, միեւնույնն է, չենք գնալու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ