Մարդասիրական ճանապարհով մեր երկիր ներկրվող բոլոր դեղերը Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն, դեղերը ստացվում են վստահելի աղբյուրներից եւ համապատասխանում են ինչպես դոնոր, այնպես էլ ստացող երկրների որակի ստանդարտներին: «Առավոտի» հետ զրույցում այս մասին վստահեցրեց առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Մկրտչյանը: Նախարարության մասնագետը ներկայացնելով մարդասիրական օգնության դեղերի ստացման, հաշվառման եւ բաշխման կարգը՝ ասաց, որ մեր երկրում մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների հաշվառման եւ բաշխման գործընթացի նկատմամբ վերահuկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Հաշվի առնելով մեր երկրի տնտեսական վիճակը՝ շատ կարեւոր է մարդասիրական օգնության դերը Հայաստանի Հանրապետությունում: Թեեւ Հայաստանի կառավարությունը եւ առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում են՝ բնակչության առողջության խնդիրներն ավելի բարձր մակարդակով լուծելու համար, սակայն շատ կարեւորվում է նաեւ բարեգործական կազմակերպությունների, հովանավորների եւ անհատ անձանց կողմից տրամադրվող օգնությունը, որը զգալի թեթեւացնում է առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի շրջանակներում տրամադրվող դեղերի հատկացման գործընթացը»,- ասում է Ա. Մկրտչյանը: Նրա ներկայացմամբ՝ մարդասիրական օգնության շնորհիվ ՀՀ շատ քաղաքացիներ՝ անկախ սոցիալական խմբերից, անշահախնդիր օգտվում են մարդասիրական օգնությամբ ստացվող դեղերից, բժշկական նշանակության ապրանքներից: Նշենք, որ առողջապահության նախարարությանը մարդասիրական օգնության դեղեր տրամադրող ամենախոշոր բարեգործական կազմակերպությունը «Միացյալ հայկական հիմնադրամն» է, որն արդեն 20 տարի է՝ համագործակցում է մեր երկրի հետ: Հիմնադրամն էլ իր հերթին համագործակցում է այլ դոնոր կազմակերպությունների հետ:
Մարդասիրական օգնության դեղեր մեր երկիր ներկրվում են ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 14 32-Ն որոշմամբ, համաձայն որի էլ կանոնակարգվում է նաեւ այդ ստացվող դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձեւավորման, ստացման, հաշվառման եւ բաշխման գործընթացը: Ըստ տիկին Մկրտչյանի՝ դոնոր կազմակերպությունն իր առաջարկը ներկայացնում է առողջապահության նախարարություն, որտեղ համապատասխան ստորաբաժանման մասնագետի կողմից արդեն իրականացվում է առաջարկվող դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների մասնագիտական ուսումնասիրությունը. «Ճշտվում է՝ ինչ դեղեր են, որովհետեւ լինում են դեղեր, որոնք ՀՀ-ում պետական գրանցում չունեն, հետեւաբար մանրամասն ուսումնասիրվում է, թե տվյալ դեղն ինչ ազդեցություն ունի եւ ինչ հիվանդությունների համար է օգտագործվում: Ըստ այդմ, համապատասխանաբար, տվյալ դեղերի ցանկը ներկայացվում է առողջապահության նախարարության գլխավոր մասնագետներին, իսկ անհրաժեշտության դեպքում, եթե մեծ քանակի մասին է խոսքը, նաեւ տեղեկատվություն է ուղարկվում ՀՀ բոլոր մարզեր, որպեսզի մարզերն իրենք էլ որոշեն իրենց անհրաժեշտ դեղերը եւ անհրաժեշտ դեղերի քանակությունը: Այդ ամբողջ գործընթացը տեւում է 1-2 աշխատանքային օր: Կազմվում է եզրակացություն դեղերի անհրաժեշտության վերաբերյալ, որտեղ նշվում են դեղերի անվանումը, պիտանելիության ժամկետը, անհրաժեշտ քանակը եւ այլն: Այդ ամենից հետո կազմվում է պահանջարկ, որը նախարարության աշխատակազմի ղեկավարի հաստատմամբ՝ էլեկտրոնային հասցեով հետ է ուղարկվում տվյալ կազմակերպություն, որտեղից առաջարկը ստացվել է»:
Ա. Մկրտչյանի վստահեցմամբ՝ երբեմն նախարարությունը անհատական մոտեցում է ցուցաբերում, երբ ասենք՝ փոքր երեխաներին կամ մեծահասակներին անհրաժեշտ, բայց մեր երկրում չգրանցված եւ թանկարժեք դեղորայք է պետք լինում. «Մենք խնդրանքով դիմում ենք մեր դոնոր կազմակերպություններին, արձագանքը մինչ այժմ դրական է եղել»:
Կարդացեք նաև
Տիկին Մկրտչյանի տվյալներով՝ 2008-2009թթ.-ներին մարդասիրական օգնության ճանապարհով մեծ խմբաքանակով դեղեր են ներկրվել մեր երկիր՝ Հեպատիտ C-ով հիվանդ մոտ 200 մարդկանց բուժելու համար. «Այն բավականին ծանր հիվանդություն է, իսկ նրա բուժման կուրսը բավականին թանկ արժե»:
Կառավարության կարգում տեղի ունեցած փոփոխության համաձայն՝ մարդասիրական ճանապարհով Հայաստան ներկրվող դեղերի ցանկն ընդլայնվել է. եթե նախկինում դոնոր կազմակերպությունն էր առաջարկում այս կամ այն դեղը, ապա այժմ նաեւ նախարարության կողմից է ուղարկվում անհրաժեշտ դեղերի ցանկը. «Ամեն տարի մենք ուղարկում ենք կենտրոնացված կարգով գնվող դեղերի ցանկը, եւ եթե այդ դեղերը մարդասիրական ճանապարհով ուղարկվում են, տվյալ դեղերի գնում չի արվում եւ բյուջեի խնայում է տեղի ունենում: Ավելի ճիշտ՝ դրա փոխարեն անհրաժեշտ մեկ այլ դեղամիջոց է գնվում։ Բացի այդ, կան դեղեր, որոնք կենտրոնացված կարգով՝ 100 %-ով չեն ապահովվում, օրինակ՝ հակադիաբետիկ դեղերը, դրանց որոշ քանակություն ստանում ենք մարդասիրական ճանապարհով: Կամ՝ կան նոր դեղեր, որոնք ՀՀ-ում գրանցված չեն, սակայն ըստ մեր մասնագետների՝ դրանք եվրոպական երկրներում շատ մեծ տարածում ունեն եւ արդյունավետ են. դրանք նույնպես ստանում ենք մարդասիրական ճանապարհով, եւ բժշկի հիմնավորմամբ՝ դեղերը հատկացվում են մեր բնակչությանը»:
«Առավոտի» դիտարկմանը՝ կարծիք կա, որ մարդասիրական ճանապարհով եկող դեղերը ժամկետների հետ կապված խնդիրներ են ունենում, տիկին Մկրտչյանը պատասխանեց. «Պիտանելիության ժամկետ անցած դեղեր երբեւէ ՀՀ չեն ներմուծվել:
Մարդասիրական օգնության դեղերը մեր երկիր ներկրվելիս պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն, ոչ մի դեղ առանց լաբորատոր փորձաքննության հիվանդին չի հասնում: Հատկապես կան դեղեր, որոնք մեր երկրում գրանցված չեն եւ մեր բժիշկներին ծանոթ չեն: Որպեսզի այդ դեղերի նշանակման հետ կապված խնդիրներ չառաջանան եւ բժիշկները հիվանդին նշանակելու ժամանակ այդ տեղեկատվությանը տիրապետեն, նախարարությունը հոգում է, որպեսզի ներդիր թերթիկները հասկանալի լեզվով թարգմանվեն եւ դեղի հետ կցվեն»:
Մարդասիրական օգնության դեղերը բուժհաստատություններին տրվում են անհատույց: Ա. Մկրտչյանը նաեւ հայտնեց, որ այդ դեղերի բաշխման ժամանակ շեշտը դրվում է հատկապես սահմանամերձ մարզերի, գյուղերի վրա, որոնց նկատմամբ նախարարության ուշադրությունն առավել արտահայտված է: «Պոլիկլինիկ փրոջեքթ» ծրագրով էլ սահմանամերձ շրջաններում գտնվող յուրաքանչյուր մարզի 5-6 բժշկական ամբուլատորիաների, որոնք ավելի մեծ թվով բնակչության են սպասարկում, առողջապահության նախարարի հրամանով հատկացվում են առաջին օգնության դեղեր, բժշկական նյութեր եւ այլն:
Նշենք, որ սոցիալական նպաստի համակարգում ընդգրկված այն քաղաքացիները, որոնք, ի տարբերություն այլ սոցխմբերում ընդգրկված այլ քաղաքացիների, չեն օգտվում առաջնային բուժօգնության օղակի կողմից տրամադրվող անվճար դեղորայքից, կարող են օգտվել մարդասիրական օգնությամբ հատկացվող դեղերից:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ