Լրահոս
Օրվա լրահոսը

Ղահրամանյան-Տարասյան. «Պասերով, ապեր, պասերով»

Սեպտեմբեր 27,2013 14:13

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն՝ ԻԱԿ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածներով, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից, յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք, փորձել է ստանալ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ 2008թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագրի (մամուլում հայտնի է «Հաշտության համաձայնագիր» անվամբ) պատճենը: Եվ քանի որ «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ը զբաղվում է մոլիբդենի, պղնձի արտադրությամբ, նաեւ բազմամետաղ հանքավայրերի հետախուզմամբ ու շահագործմամբ, ԻԱԿ-ը հարցում է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: Այստեղից սկսվել է երգիծական հայտնի սերիալում հաճախ հնչող «պասերով, ապեր, պասերով» արտահայտության գործնական դրսեւորումը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը այս տարվա օգոստոսի 23-ին ԻԱԿ-ին գրավոր պատասխանել է, թե «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ 2008թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագիրը գաղտնի փաստաթուղթ է, հրապարակել չի կարելի: Փաստաթուղթն էլ պահվում է էկոնոմիկայի նախարարությունում: Ընդգծենք. ըստ էներգետիկայի նախարարության՝ համաձայնագիրը պահվում է էկոնոմիկայի նախարարությունում: Այս պատասխանից 1 շաբաթ անց ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը գրավոր տեղեկացրել է, որ հանքարդյունաբերության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: Հարցին պատասխանելու փոխարեն՝ պատասխան տալու պարտականությունը մեկը մյուսի վրա գցելու այս գործելաոճը նշանակում է, որ երկուսից մեկը սուտ է խոսում՝ թաքցնում է կամ փորձում է թաքցնել իրականությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կարելի է շատ բաներում մեղադրել, միայն ոչ՝ անթափանց աշխատելու: Սակայն եթե կառավարության առանձին միավորներ բաց աշխատելուն կողմնակից չեն, եւ նրանց թափանցիկությունն առանձնապես չի տպավորում, եթե պետական միանգամից 2 կառույց չգիտեն փաստաթղթի (թեկուզ գաղտնի փաստաթղթի) գտնվելու վայրը, ո՞ւմ են պետք եւ ո՞ւր  են գնում թափանցիկ աշխատելու վարչապետի ջանքերը:

Վիճարկելի է նաեւ փաստաթղթի գաղտնիությունը: «Էկոլոգիական հասարակական դաշինքի» փորձագիտական եզրակացության համաձայն՝ «պետության եւ մասնավոր ընկերության միջեւ դատական կարգով քննվող քաղաքացիաիրավական բնույթի (տվյալ դեպքում միջազգային արբիտրաժային դատավարությունը եւս համարվում է քաղաքացիաիրավական) վեճի շրջանակներում կողմերին վերապահված է գործի քննության ցանկացած փուլում կնքել հաշտության  համաձայնություն, ինչն էլ եւ տվյալ դեպքում արվել է: Հաշտության համաձայնությունը հաստատվում է դատարանի (արբիտրաժի) որոշմամբ, եթե դրանում չկան օրենսդրությանը, տվյալ դեպքում՝ նաեւ կողմերի համար պարտադիր իրավական ուժ ունեցող միջազգային իրավունքի աղբյուրների նորմերի  խախտումներով կազմված դրույթներ: Իր բնույթով քաղաքացիաիրավական հաշտության համաձայնությունը չի կարող բովանդակել պետական կամ ծառայողական գաղտնիք, քանզի այն վերաբերում է բացառապես արդեն իսկ հրապարակված պահանջներին եւ այդ առնչությամբ առարկությունների շրջանակներում կնքված հաշտության պայմաններին, այսինքն՝ պահանջներից որոնք են ընդունվում, որոնք՝ ոչ, որ պահանջներից է հայցվոր կողմը հրաժարվում, որ առարկություններն է ընդունում եւ այլն: Այլ կերպ ասած՝ դատարանը (արբիտրաժը) իրավասու չէ դուրս գալ հայցի շրջանակներից եւ հաստատել այնպիսի հաշտության համաձայնագիր, որը վերաբերում է նաեւ այնպիսի պահանջների, որոնք այս կամ այն կերպ կառնչվեն պետական եւ ծառայողական գաղտնիքի»:

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԻԱԿ-ը գերատեսչություններին կհանձնի թափանցիկ աշխատաոճի բնորոշիչ իր մրցանակները: Չգիտեմ, թե ինչ կստանան էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությունները: Բայց որ լավագույնի՝ բաց եւ թափանցիկ աշխատողի «Ոսկե բանալի» չեն ստանա՝ վստահ եմ:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30