Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարող եմ վերջին պոռնիկի մեջ սիրելի կին տեսնել»

Սեպտեմբեր 27,2013 14:10

Բանաստեղծ Հուսիկ Արան եւ իր չափանիշները

Վեց գրքի հեղինակ (4 պոեզիա, մեկական հրապարակախոսություն եւ վիպակ) Հուսիկ Արան Ավ. Իսահակյանի, Մ. Նալբանդյանի անվան եւ այլ մրցանակների դափնեկիր է։ Նրա գրքերի վերնագրերը հուշում են գրողի թեմաները, մոտեցումները եւ ընդհանրապես` գրական աշխարհայացքը։ Օրինակ՝ «Լուսանցքի մարդիկ», «Անիծվածները», «Միայնակ շան լուսնահաչը», «Աստծո հետ խոսելու ժամանակը» եւ այլն։ Հուսիկ Արայի երկերը մասնագետները հաճախ բնորոշում են հակիրճ ու տպավորիչ, դրանցում տեսնում կարեկցանք՝ ուղղված մերօրյա մարդուն եւ վեճ ու ընդվզում։

Ինչո՞ւ նման ընկճող ու տխուր թեմաներն են շրջապատել արվեստագետին։ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Հուսիկ Արան ասաց. «Ի սկզբանե մարդն աշխարհում եղել է մենակ ու անպաշտպան։ Բնավ էլ նորություն չէ արվեստում եւ գրականության մեջ նման թեմաների շոշափումը։ Եվ քանի որ աշխարհի մեծ մասն այսօր թաղված է սոցիալական խնդիրների մեջ, իսկ մեր իրականությունը գոնե վերջին 20-25 տարում գրեթե ամբողջովին կարող ենք սոցիալական խնդիրների ժամանակաշրջան համարել, ինչպես նաեւ ընդվզման, արդարության հասնելու։ Սա փորձել եմ գրականությամբ ներկայացնել»։ Գրողը մանրամասնեց, որ իր առաջին գրքում՝ «Մարդու որդիներ» վերնագրով, արցախյան շարժումն է ու պատերազմը, «Լուսանցքի մարդիկ»-ում՝ հետպատերազմյան ընկճախտի մեջ ապրող մեր քաղաքներն են, հիմա էլ բողոքն է ¥նկատի ունի «Աստծո հետ խոսելու ժամանակը»)՝ ուղղված Բարձրյալին, երկրի վրա մարդուն միայնակ ու մոռացված թողնելու համար։

Դիտարկմանը՝ տպավորություն է, թե ձեր ստեղծագործություններով տառապում եք, եւ դա անխնա «փաթաթում» ընթերցողի վզին, գրողը պատասխանեց. «Բնավ էլ տառապանք չէ։ Դա մեր իրականությունն է, ինչն աղերսներ ունի գրեթե բոլոր ժամանակների հետ։ Իրական այն կերպարները, որոնց ես ներկայացնում եմ, օրինակ՝ «Լուսանցքի մարդիկ» գրքում, ապրում են մեր շուրջը։ Դա մուրացկանն է, հաշմանդամ-ազատամարտիկը, ով երկրից մոռացված՝ ողջ օրը մուրում է՝ օրվա վերջում մի բաժակ խմելու համար… Ի վերջո, հերոսս մեր քաղաքում մենության դատապարտված անհատն է, որը ոչ մեկին պետք չէ»։

Ռեպլիկին՝ այսուհանդերձ, ունեք սիրային պոեզիա… Հուսիկ Արան հայտնեց հետեւյալը. «Իհարկե, ունեմ ու մշտապես այդ թեմայով ստեղծագործել եմ։ Ասենք՝ «Թեթեւ տողեր՝ փողոցի աղջկան» շարքը, որը սիրո խոստովանություն է դրսում հայտնված պոռնիկին, ում թեեւ հասարակությունը անտեսում ու տրորում է, բայց նա իր պարզ ու մաքուր հայացքով, բարոյական չափանիշներով հաճախ բարձր է կանգնած այդ հասարակությունից, որը սահմանափակված է գաղջ ու արհեստական կանոնների մեջ»։ Մեր զրուցակիցը ասվածին հավելեց, թե սերը մշտապես մարդու մեջ է, եւ տարբեր տարիքում տարբեր դրսեւորումներ է ունենում ու հենց ամեն տարիք սիրելու իր բնորոշ հատկանիշն է թելադրում իրեն՝ ստեղծագործողին։ Կես կատակ-կես լուրջ հարցին էլ, թե՝ իր տարիքում ինչպե՞ս է սիրում, արվեստագետը պատասխանեց. «Սիրտը երբեք չի ենթարկվում որեւէ կանոնի ու թելադրանքի։ Այն անկանխատեսելի օրգան է եւ մշտապես իր բռնկումներն է ունենում՝ անկախ սեփական կամքից։ Իմ տարիքում կարելի է պատանեկան խենթությամբ սիրահարվել, սերը կդառնա ցպահանջ։ Ու որեւէ ակնկալիք, պարտադրանք չունես կնոջից, սիրում ես անվերապահ, իսկ կատարյալ սիրո դեպքում տալիս ես ամբողջը կամ ոչինչ։ Կոնկրետ իմ տարիքում ամբողջը տալ չեմ կարող, չէ՞ որ դա ժամանակին «հանձնել եմ» ուրիշներին։ Ուրեմն մնում է ոչինչը տալ եւ հենց այստեղ է, որ սերը դառնում է ցպահանջ… Ի դեպ, սերն ինձ համար շնանալը չէ, այլ այն, որ կարող եմ վերջին պոռնիկի մեջ սիրելի կին տեսնել…»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30