Լրահոս
Օրվա լրահոսը

Արդի փուլում նախագահ Սարգսյանի քաղաքականությունը Հայաստանի համար այլընտրանք չունի

Սեպտեմբեր 27,2013 14:07

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 Կամ՝ գերտերությունները պետք է վերանայեն տարածաշրջանում իրենց մարտավարությունը

Վերջին շրջանում հանրային թեժ քննարկումների առանցքում է հայտնվել մեր արտաքին քաղաքական գերակայությունների խնդիրը: Բազմավեկտոր արտաքին քաղաքականության պարագայում վերջինիս  եվրոպական (արեւմտյան) եւ ռուսական բաղադրիչների կարեւորությունն ու նշանակությունը մեր երկրի անվտանգ եւ դինամիկ զարգացման խնդրում մշտապես եղել են քաղաքական բանավեճերի եւ փորձագիտական վերլուծությունների գլխավոր թեմաները: Սակայն այս տարվա սեպտեմբերի 3-ից հետո, երբ Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը վերահաստատեց  Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի  մտադրությունը, այդ քննարկումները նոր լիցք ստացան: Ընդ որում, քննարկումների ներկա փուլում քաղաքական կրքերը բորբոքում է այն հանգամանքը, որ հանրապետության նախագահի այդ որոշումը հրապարակվեց այն բանից հետո, երբ  Հայաստանը հաջողությամբ ավարտել էր Եվրամիության հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ առեւտրի պայմանագրերի շուրջ մի քանի տարի տեւած բանակցությունները:

Եվ թեպետ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը  բազմիցս հայտարարել էր մեր երկրի համար զարգացումների արդի շրջանում Եվրամիության եւ ԱՊՀ երկրների հետ  տնտեսական համագործակցության սերտացման գործընթացների համատեղելիության դոկտրինալ կարեւորությունը՝ եւ այդ հանգամանքով պայմանավորված՝ նշված բանակցություններին զուգահեռ դեռեւս անցյալ տարվանից մեկնարկել էին ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում Մաքսային միությանը Հայաստանի միանալու հնարավորությունների ուսումնասիրման հայ-ռուսական աշխատանքային խմբի աշխատանքները, այդուհանդերձ՝ ոմանք, առանց խնդրի մեջ խորանալու, իսկ մի մասն էլ զուտ քաղաքական նկատառումներով  շտապեցին հայտարարել, որ  Հայաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ կատարեցին Եվրոպայից դեպի Ռուսաստան՝ տեղի տալով վերջինիս ճնշումներին: Սկեպտիկներին չհամոզեց նաեւ նախագահ Սարգսյանի՝ Մոսկվայում արված այն հայտարարությունը, որ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունը, եւ Հայաստանը կշարունակի Բրյուսելի հետ իր հարաբերությունները զարգացնելու նպատակով բանակցությունները:

Հարկ է նշել նաեւ, որ սեպտեմբերի 3-ից հետո որոշ եվրոպական պաշտոնյաներ նույնպես շտապեցին իրենց տարակուսանքն ու ափսոսանքն արտահայտել  պաշտոնական Երեւանի որոշման  կապակցությամբ՝ միաժամանակ արձանագրելով, որ այդ որոշումը կայացվել է  Ռուսաստանի կողմից գործադրված ճնշման արդյունքում: Դրա հետ մեկտեղ եվրոպացի մեր գործընկերները, իհարկե առանձին բացառություններով, միակարծիք են  Հայաստանի հետ Եվրամիության համագործակցությունը շարունակելու  եւ  այդ նպատակով  համագործակցության նոր ձեւեր եւ  հնարավորություններ մշակելու հարցում:

Չնայած վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին նվիրված հրապարակումների եւ մեկնաբանությունների պակաս թե՛ հայրենական եւ թե՛ ռուսական ու արեւմտյան լրատվամիջոցներում չի զգացվում, այդուհանդերձ՝  որոշ հարցադրումներ, ըստ իս, ավելի խորքային վերլուծություն են պահանջում: Այսօր քաղաքական բանավեճերում եւ հրապարակային վերլուծություններում առավել հաճախ հնչում եւ մեկնաբանությունների կարիք են զգում հետեւյալ հարցերը.

– արդյոք սեպտեմբերի 3-ը պե՞տք է գնահատել որպես  Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխություն.

– ի՞նչ է տալու Հայաստանին Եվրամիության հետ տնտեսական եւ քաղաքական խորացված համագործակցությունը.

– ի՞նչ է տալու Հայաստանին Մաքսային միությանը անդամակցումը.

– արդյոք կարո՞ղ են համատեղելի ընդհանրություններ լինել  ԵՄ ասոցացված անդամի եւ Մաքսային միության անդամի  պարտավորությունների միջեւ, կամ Հայաստանի պարագայում որքանո՞վ են համատեղելի համագործակցության եվրոպական եւ ռուսական ուղղությունները.

– եւ վերջապես ամենագլխավորը՝ որքանո՞վ են այս գերակայությունները բխում մեր երկրի անվտանգ զարգացման համար կայուն եւ անշրջելի երաշխիքների ձեւավորման հրամայականի պահանջներից:

Իհարկե, քննարկումների ընթացքում կարող են ծագել եւ, ըստ էության, ծագում են նաեւ այլ հարցեր, որոնք շարժում են հանրության լայն խավերի հետաքրքրությունը, սակայն վերը նշված հարցերն են, այդուհանդերձ, ձեւավորում հանրային դիսկուրսի հիմնական հենքը:

Թեպետ շարադրված հարցերի վերաբերյալ սույն տողերի հեղինակը առիթներ ունեցել է հրապարակավ արտահայտվել թե՛ մամուլում, թե՛ հեռուստատեսությամբ եւ թե՛ «Ֆեյսբուքի» իր էջում, այնուամենայնիվ այս հոդվածը ընդամենը փորձ է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ներկայացնել  հեղինակի ավելի ամբողջական մոտեցումները:

Ակնհայտ իրողություն է այն, որ մեր անվտանգության հիմնական սպառնալիքը թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական տանդեմն է՝ իր ռազմաքաղաքական եւ տնտեսական բաղադրիչներով: Ընդ որում, այդ «հակահայ միությունում»  Հայաստանի դեմ ընթացիկ քաղաքականության ոլորտում  ամենաակտիվ եւ ագրեսիվ դերակատարումը վերապահված է Ադրբեջանին, որն իր նավթադոլարների շնորհիվ ոչ միայն ծավալել է սպառազինության տարածաշրջանի մասշտաբներով աննախադեպ մրցավազք, այլեւ անթաքույց սպառնում է հայկական երկու պետություններին պատերազմով: Կասկածից վեր է, որ եթե այսօր Ադրբեջանը ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունն իր օգտին լուծելու հնարավորություն ունենար՝ նա մեկ վայրկյան անգամ չէր հապաղի: Այսօր Ադրբեջանն այդ հնարավորությունը չունի նաեւ ի շնորհիվ Հայաստանի բանակի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման ու արդիականացման ուղղությամբ մեր երկրի բոլոր ժամանակների քաղաքական ղեկավարության կողմից իրականացվող ծավալուն եւ բազմապլան աշխատանքների: Արդյունքում հակամարտության կողմերի ռազմական կարողությունները, ըստ ռազմական փորձագետների գնահատականի, այսօր հավասարարժեք են: Ուստի  Հայոց բանակի հզորությունը այսօր զինադադարի ռեժիմի պահպանման հիմնական գրավականն է:

Հարկ է փաստել, որ բանակի մարտունակության պահպանման եւ ժամանակակից ռազմական տեխնիկայով հագեցման  խնդիրը ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում: Այսօր Ադրբեջանը  շնորհիվ իր էներգետիկ կարողությունների ի վիճակի է մի քանի անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ձեւավորել եւ ֆինանսական ներդրումներ կատարել  իր ռազմական կարողությունների  ավելացման գործում: Եթե Հայաստանի նկատմամբ  ֆինանսական ներդրումների այսօր արդեն նկատելի այդ գերազանցությունը տեւական ժամանակ շարունակվի, ապա ֆինանսական ներդրումների առավելությունը կարող է հանգել նաեւ ռազմական կարողությունների որակական առավելությունների` շոշափելի դարձնելով պատերազմի սպառնալիքը:

Սպառազինության սանձարձակ մրցավազքը արդյունք է նրա, որ այն կանխելու եւ պետությունների միլիտարիստական նկրտումները զսպելու նպատակով ընդունված միջազգային պայմանագրերը, այդ թվում ԵՍԶՈւ մասին պայմանագիրը, ըստ էության չեն գործում եւ միջազգային ընկերակցությունը, որքան էլ դա տարօրինակ է, կարծես թե հաշտվել է այդ իրողության հետ:

Իրավիճակի լիցքաթափմանը էապես կնպաստեր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջխաղացումը, որը, սակայն, ուղղակիորեն տորպեդահարվում է Ադրբեջանի կողմից` ռազմական առավելության հասնելու գնով խնդիրը իր օգտին լուծելու որեւէ հեռանկար չխոստացող նրա մարտավարությամբ:

Պատերազմի սպառնալիքը ամբողջությամբ չի կարող չեզոքացնել նաեւ ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում, թեպետ փորձագիտական շրջանակներում հաճախ հնչում է այն միտքը, որ այն էապես նպաստում է հակամարտող կողմերի միջեւ ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանմանը:  Չմերժելով մեր պարագայում արտաքին ռազմական սպառնալիքի դեպքում ռուսական ռազմական ներկայության զսպող դերակատարումը՝ այդուհանդերձ, հարկ է նշել, որ ռուսական պետության համար Հայաստանում տեղակայված իր զորամիավորման հիմնական առաքելությունը ոչ այնքան Հայաստանի անվտանգության ապահովումն է, որքան Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության եւ ռազմավարական շահերի, այլ կերպ ասած՝ Ռուսաստանի ազգային անվտանգության երաշխավորումն է հարավային ուղղությամբ (ուղղակի այդ գլխավոր ռազմավարական խնդրի հաջող լուծումը հնարավոր է միայն Հայաստանի անվտանգությունն ապահովելու միջոցով): Այսինքն՝ ռուսական ռազմաբազան հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության դե ֆակտո ձեւավորված համակարգի անբաժանելի բաղկացուցիչը եւ կոչված է դիմագրավելու Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական  կոնֆիգուրացիայի ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Ռուսաստանի ռազմավարական շահերը:

Ակնհայտ է նաեւ, որ հայկական երկու պետությունների անվտանգության հարցը մենք չենք կարող պայմանավորել Հայաստանում ռուսական զորամիավորման առկայությամբ, որը ամենապատասխանատու պահին կարող է ‹‹ընդամենը երեք ժամ ուշանալ:

Հետեւաբար Հայոց բանակի մարտունակության բարձրացման ու  ժամանակակից ռազմական տեխնիկայով հագեցման  համար անհրաժեշտ պետական ֆինանսական կարողությունների ձեւավորումը դուրս է գալիս առօրյա ֆինանսաբյուջետային քաղաքականության շրջանակներից, ձեռք է բերում երկրի ազգային անվտանգության ապահովման խնդրում  առանցքային նշանակություն, եւ մենք դատապարտված ենք այն լուծելու:

Իսկ ո՞րն է պետության ֆինանսական կարողությունների բազմապատկման ամենառացիոնալ ճանապարհը: Անշուշտ, բարձր տեմպերով դինամիկ զարգացող ազգային տնտեսության եւ առաջին հերթին արդյունաբերության ձեւավորումը: Ընդ որում, Հայաստանի պարագայում խոսքը պետք է գնա միայն արտահանմանը միտված, արտաքին շուկաներում մրցունակ արդյունաբերական պոտենցիալի ձեւավորման մասին՝ առավելագույնը առաջիկա 10-15 տարիների ընթացքում (պատմությունը, ցավոք, մեզ ավելի երկար ժամանակ չի ընձեռում): Սակայն օրինաչափ հարց է ծագում՝ արդյոք մենք,  արտադրություն կազմակերպելու մեր փորձառությամբ եւ հմտությամբ, արտադրական կարողությունների առկա մակարդակով (արտադրության ոլորտում հզորությունների 70-75%-ն ավելի քան 30 տարեկան է՝ ֆիզիկապես եւ բարոյապես մաշված եւ ոչ պիտանի) ունա՞կ ենք պատմական այդ կարճ ժամանակահատվածում ձեւավորել արտաքին շուկաներում մրցունակ արտադրանք թողարկող արդյունաբերական պոտենցիալ: Պատասխանը առավել քան ակնհայտ է՝ ո՛չ:

Ուրեմն ո՞րն է ելքը: Ելքը մեկն է, եւ այդ է հուշում Արեւելյան Ասիայի երկրների՝ Սինգապուրի, Հարավային Կորեայի, Մալայզիայի, Հոնկոնգի  փորձը: Անհրաժեշտ է  Հայաստան ներգրավել տրանսնացիոնալ կորպորացիաներ եւ միջազգային համարում ունեցող ընկերություններ: Միայն այդ կերպ մենք կկարողանանք  կարճ ժամանակահատվածում այդ ընկերությունների ներդրումներով Հայաստանում  հիմնել դրանց դուստր կառույցները՝  բարձր արտադրողական աշխատատեղերով հագեցած ժամանակակից արտադրական հզորությունների տեսքով: Տնտեսական նման ռազմավարության էֆեկտն  այն է, որ այդ կառույցները իրենց  արտադրանքի իրացման դժվարություններ չեն կարող ունենալ, որովհետեւ օգտագործելու են իրենց մայր ընկերությունների  ավանդական շուկաները՝ ապահովելով երկրի արտահանման ծավալների եւ տնտեսության ռեալ սեկտորի կտրուկ աճ:

 

Այս ամենը անշուշտ կհանգեցնի պետության ֆինանսական կարողությունների ավելացմանը, հետեւաբար եւ պետական ծախսերի, այդ թվում նաեւ անվտանգությանն ուղղվող ծախսերի ծավալների աճին:

Հետեւաբար Հայաստանը կանգնած է տնտեսական ճեղքում իրականացնելու պատմականորեն անխուսափելի պարտադրանքի առջեւ, եւ առաջիկա մի քանի տարիները պետք է դառնան նման ճեղքման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ նախադրյալների ձեւավորման տարիներ: Կառավարությունը պարտավոր է մշակել Հայաստանի տնտեսական ճեղքման ռազմավարությունը, որի առանցքում պետք է դրվի վերը նկարագրված եւ միջազգայնորեն իրեն արդարացրած մարտավարությունը: Սա հեշտ խնդիր չէ, իսկ ավելի ճիշտ՝ սա շատ դժվար խնդիր է, բայց մենք, կարծես թե, այլընտրանք չունենք:

Սակայն պարզվում է, որ մեր տնտեսական տարածքը օտարերկրյա ներդրումների համար հրապուրիչ դարձնելու համար միայն  լիբերալ հարկային եւ մաքսային ռեժիմները,  հոսանքի ցածր սակագները եւ աշխատավարձերի ցածր մակարդակը բավարար չեն: Անհրաժեշտ է ապահովել նաեւ տնտեսական ողջ համակարգի արդիականացումը՝ ներդաշնակեցնելով տնտեսության նորմատիվ–իրավական հենքը, առեւտրաարդյունաբերական ստանդարտներն ու ընթացակարգերը Եվրամիության տնտեսական տարածքում գործող նորմատիվ պահանջներին: Օգտագործելով հանրային կյանքի կազմակերպման եվրոպական փորձառությունը՝ հարկավոր է քայլ առ քայլ չեզոքացնել մեզանում կաշառակերությանը, հովանավորչությանը եւ անազնիվ մրցակցությանը նպաստող  համակարգային արատները: Եվ միայն տնտեսական-քաղաքական բարեփոխումների այս համալիրի հաջող իրականացման պարագայում Հայաստանում կարող են բիզնեսի համար ստեղծվել բարենպաստ միջավայր եւ օտարերկրյա ընկերություններին եւ ներդրողներին Հայաստան ներգրավելու լուրջ նախադրյալներ:

Ահա տնտեսության արդիականացման  եւ երկրորդ սերնդի քաղաքական բարեփոխումների այս կարեւոր  խնդիրների լուծման,  Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տնտեսական համագործակցության խթանման, 500 միլիոնանոց եվրոպական շուկան՝‹‹արտադրված է Հայաստանում›› նշագրումով, ապրանքների համար մատչելի դարձնելու եւ այդ ճանապարհով ներդրումների ներգրավման համար նպաստավոր նախադրյալներ ձեւավորելու  նպատակներին են  ծառայում Հայաստանի՝ Եվրամիության հետ բանակցված Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ առեւտրի պայմանագրերը:

Այսինքն՝ Եվրամիության հետ տնտեսական մերձեցումն ու ներդաշնակեցումը   Հայաստանին հնարավորություն կտա համեմատաբար կարճ ժամանակահատվածում ստեղծել տնտեսությունը արդիականացնելու, արտահանման մրցունակ  տնտեսական կարողություններ ձեւավորելու եւ երկարաժամկետ հատվածում դինամիկ զարգանալու համար անշրջելի ինստիտուցիոնալ նախադրյալներ: Դա երկրի ազգային անվտանգության տնտեսական բաղադրիչի կենսունակության ապահովման ամենառացիոնալ ճանապարհն է: Կասկածից վեր է, որ նման տնտեսական օրգանիզմը ավելի ունակ կլինի ստանձնել հայկական երկու պետությունների անվտանգության կարիքների բավարարման անընդհատ աճող  ֆինանսական բեռի ծանրությունը: .

Իհարկե, ողջամտությունն ու բանականությունը պահանջում են տնտեսական կարողությունների արարիչ եւ ստեղծագործ օգտագործում, սակայն Ադրբեջանը ռազմական առավելության հասնելու ճանապարհով ղարաբաղյան խնդիրը իր օգտին լուծելու անպտուղ քաղաքականությամբ՝   սպառազինության մրցավազքին որեւէ քաղաքական այլընտրանք չի թողնում:

Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը եւ հանրության հիմնական մասը  արտաքին քաղաքականության եվրոպական բաղադրիչը ընդունում են  որպես  երկարաժամկետ հատվածում խաղաղ զարգանալու եւ արարելու նոր հնարավորությունների աղբյուր: Եվ, ըստ իս, հենց այս հանգամանքով է պայմանավորված վերջին տարիներին նախագահ Սարգսյանի հետեւողականությունը արտաքին քաղաքական այս բնագավառում:

Միաժամանակ Հայաստանի պարագայում քաղաքական ողջամտությունն ու պրագմատիզմը պահանջում են եվրոպական ուղղությանը զուգահեռ պահպանել եւ զարգացնել նաեւ տնտեսական համագործակցությունը ԱՊՀ անդամ երկրների եւ առաջին հերթին Ռուսաստանի հետ: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր գլխավոր առեւտրային գործընկերներից մեկն է, եւ ռուսական շուկայի մատչելիությունը հանդիսանում է մեր տնտեսական աճի համար լուրջ խթան: Ռուսաստանի հետ մենք ունենք թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական եւ թե՛ մշակութային ընդհանրություններ: Եվ, որն ամենակարեւորն է,  Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները ուղղակիորեն առնչվում են մեր անվտանգությանը: Եվ պատահական չէ, որ նախագահ Սարգսյանը կարեւորելով արտաքին քաղաքականության եվրոպական բաղադրիչը՝ դրան զուգահեռ մշտապես առանձնահատուկ կարեւորություն է տվել Ռուսաստանի գեոտնտեսական նախաձեռնություններին Հայաստանի առնչություններին, մասնավորապես Մաքսային միության հետ սերտ համագործակցությանը: Ընդ որում, բազմիցս  հայտարարելով, որ Հայաստանի համար համագործակցության եվրոպական եւ ռուսական ուղղությունները միանգամայն համատեղելի են եւ ինչ-որ առումով նաեւ միմյանց լրացնող:

Ավելին, պետք է փաստել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու եւ դիվերսիֆիկացնելու խնդիրներին, այդ թվում ընդհանուր սահմանի բացակայության պարագայում Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու հարցին նախագահ Սարգսյանի  գործնական վերաբերմունքը միշտ եղել է համաչափ ԵՄ-ի հետ ասոցացման բանակցություններում արձանագրվող առաջընթացին: Պատահական չէ, որ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում ռուսական հայտնի լրատվամիջոցի հետ հարցազրույցում  մեր երկրի ղեկավարը շատ բաց տեքստով արտահայտվեց Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի մտադրության մասին, եւ մոսկովյան այդ այցելության արդյունքում ստեղծվեց հայ-ռուսական աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրեր եւ երկու երկրների նախագահներին ներկայացներ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հնարավորությունները:

Իսկ ի՞նչ կարող է տալ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը մեր տնտեսությանը եւ քաղաքացիներին: Մի բան ակնհայտ է, որ այդ պարագայում Մաքսային միության տնտեսական տարածքը դառնում է հայկական արտադրության ապրանքների եւ ծառայությունների համար ավելի մատչելի, քանի որ դուրս են գալու սահմանի վրա այսօր գործող բոլոր մաքսային եւ հարկային վարչարարության պահանջներն ու սահմանափակումները, ինչը իր դրական ազդեցությունը կունենա ապրանքների եւ ծառայությունների գնագոյացման վրա, այդ թվում՝ ներկրվող գազի սակագնի վրա (եթե գազի սակագինը չիջնի, ապա անկասկած չի թանկանա): Անշուշտ, Մաքսային միության շրջանակներում գործելու են դրսից ՄՄ տարածք ներկրվող ապրանքների նկատմամբ միասնական մաքսատուրքեր, եւ միության անդամ պետությունները սեփական արտադրությունը խթանելու նպատակով փորձում են սահմանել հովանավորչական մաքսատուրքեր ներմուծվող որոշ ապրանքային խմբերի նկատմամբ: Նման պարագայում չի բացառվում, որ որոշ ապրանքների մասով մենք կունենանք այսօր ձեւավորված գների համեմատ որոշակի բարձրացում: Սակայն տնտեսական քաղաքականության այդ նույն գործիքակազմի կիրառմամբ կարելի է ապահովել նաեւ հայաստանյան ծագում ունեցող որոշ ապրանքային խմբերի համար արտադրության եւ միության տարածքում իրացման նպաստավոր խթաններ: Այդպիսի ապրանքային խմբերի շարքին կարող են դասվել մեր գյուղմթերքը, վերամշակող եւ թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունների արտադրանքը եւ այլն: Բոլոր դեպքերում մի բան ակնհայտ է` Մաքսային միությանը անդամակցելով՝ Հայաստանը ներկայանում է իր  երեք միլիոնանոց սպառողական շուկայով, որը որեւէ պարագայում լուրջ տնտեսական հետաքրքրություն չի կարող  ներկայացնել միության անդամ պետությունների համար, փոխարենը ստանալով շուրջ երկու հարյուր հիսուն միլիոնանոց շուկայից անարգել օգտվելու հնարավորություն: Որքանով այն կծառայի մեր տնտեսության զարգացմանը՝ պայմանավորված կլինի բացառապես մեր կառավարության գործունեությամբ:

Սակայն կա երկու հանգամանք, որոնք Մաքսային միությանը անդամակցելու առումով առանձնահատուկ կարեւորություն են ստանում: Մեկը այն է, որ այդ անդամակցությունը, այդուհանդերձ, ենթադրում է տնտեսական իշխանության որոշակի զիջում Մաքսային միության վերազգային կառույցներին` հատկապես մաքսային քաղաքականության ոլորտում: Այս հանգամանքը հավելյալ ուսումնասիրության եւ վերլուծության կարիք է զգում: Եվ երկրորդը, որ Մաքսային միությանը անդամակցությունը եւ, մասնավորապես,  ՌԴ-ի հետ  ընդհանուր մաքսային տարածք ձեւավորելը էապես բարձրացնում է Հայաստանի անվտանգության մակարդակը եւ հայկական տնտեսական տարածքը ներդրումների համար դարձնում առավելագույնս   նվազ ռիսկային: Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայումս Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանը անդամակցելու իր մտադրության մասին, իսկ անդամակցության իրական գործընթացը կսկսվի միության ներկայիս անդամ պետությունների համաձայնությունը ունենալու պարագայում, որը կարող է որոշ հանգամանքների բերումով նույնիսկ ձգձգվել:

Բայց եթե վեր կանգնենք վերջին վերապահումից, ապա ամփոփելով՝ կարելի է պնդել, որ այն, ինչ Հայաստանին կարող է տալ Մաքսային միությանը անդամակցությունը, չի կարող առաջարկել Եվրամիության հետ համագործակցությունը (համենայնդեպս՝ այս փուլում), եւ ճիշտ հակառակը՝ այն, ինչ մենք կարող ենք ստանալ Եվրամիության հետ համագործակցությունից, չենք կարող ունենալ Մաքսային միությանը անդամակցության արդյունքում: Եվ ամենաէականն այն է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը իր արտաքին քաղաքական այս երկու գերակայություններում մշտապես առաջնորդվել է այն համոզվածությամբ, որ  համագործակցության այս երկու ուղղությունները, ըստ էության,  համատեղելի են, իսկ որոշակի պայմաններում կարող են նույնիսկ միմյանց լրացնել: Ահա այն պարզ, հասկանալի եւ երկակի մեկնաբանության չենթարկվող դրույթը, որը ձեւավորում է մեր արտաքին քաղաքական դոկտրինի արեւմուտք-հյուսիս չափման հենքը:

Ուստի, հաշվի առնելով վերը շարադրվածը, արդյոք կարելի՞ է պնդել, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանը կտրուկ եւ, որը ոչ պակաս կարեւոր է,  իր գործընկերների համար անսպասելի շրջադարձ կատարեց Եվրոպայից դեպի Ռուսաստան: Պատասխանը մեկն է՝ ո՛չ, նման պնդումը որեւէ հիմք չունի: Հայաստանը իր գործընկերների հետ համագործակցության մեջ եղել է միշտ անկեղծ եւ շատ պատասխանատու՝ իր ստանձնած պարտավորություններում: Մի՞թե այդ մասին չի վկայում այն, որ նախագահ Սարգսյանը՝ ի պատասխան իր եվրոպացի գործընկերների պնդմանը, որ Հայաստանը պարտավոր է ընտրություն կատարել Եվրամիության եւ Մաքսային միության հետ համագործակցության, իրենց համոզմամբ, անհամատեղելի ուղղությունների միջեւ, ամենատարբեր առիթներով կատարել է մեկնաբանությունների կարիք չունեցող արձանագրում առ այն, որ քաղաքական զարգացումների նման ընթացքը չի կարող խոստումնալից լինել, եւ եթե Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ ընտրություն կատարելու արհեստածին պարտադրանքի առջեւ, ապա դժվար չէ կռահել այդ ընտրության արդյունքը: Մի՞թե այս ամենից հետո կարելի է խոսել, որ  սեպտեմբերի 3-ի որոշումը  անսպասելի էր: Իհարկե՝ ոչ:  Պաշտոնական Երեւանը  երբեք չի փորձել իր արտաքին քաղաքական որեւէ ուղղությամբ միակողմանի օգուտներ կորզել մեկ այլ ուղղությամբ իր գործընկերների շահերը վտանգելու  հաշվին   (փոքր պետությունների պարագայում նման վարքագիծը, որպես կանոն, կործանարար հետեւանքներ է ունենում): Հայաստանը միշտ հետեւողական է եղել իր արտաքին քաղաքական գերակայություններում եւ  դրանցում առաջնորդվել է իր գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության անշրջելի երաշխիքներ ձեւավորելու սկզբունքով:

Բայց այս պարագայում օրինաչափ հարց է ծագում. ինչո՞ւ են  մեր գործընկերները՝ թե՛ Եվրոպայում եւ թե՛ Ռուսաստանում, համառորեն մերժում Արեւեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների հետ  իրենց տնտեսական-քաղաքական համագործակցության համատեղելիության որեւէ հնարավորություն: Մի՞թե միջազգային պրակտիկայում իսպառ բացակայում է միեւնույն կառույցին անդամակցելու կամ նրա հետ համագործակցելու տարբեր պետությունների համար տարբեր պայմանների սահմանման որեւէ նախադեպ:

Վերջին հարցին պատասխանելու համար շատ հեռուն պետք չէ գնալ: Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը յուրաքանչյուր պետություն անդամակցել է առանձին, միայն իրեն համար հաստատված սահմանափակումներով եւ պարտավորություններով, եւ այդ հանգամանքը չի խանգարում այդ կառույցի բնականոն գործունեությանը: Կամ՝ նույն Արեւելյան գործընկերության շրջանակներում Ադրբեջանի հետ բանակցվում է միայն Ասոցացման համաձայնագիրը (նա ԱՀԿ անդամ չէ), մինչդեռ ծրագրի մնացած մասնակիցների հետ բանակցվում էին  նաեւ ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ առեւտրի պայմանագրի պայմանները: Ավելին, նույնիսկ Եվրամիությանը ներկայումս անդամակցող պետությունների համար անդամակցության պահին տարբեր պահանջներ եւ պայմաններ են սահմանվել, որոնք գործում են առ այսօր: Հետեւաբար մեր պարագայում առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել, որ ոչինչ անհամատեղելի չէ կամ համատեղելիությանը անհաղթահարելի խոչընդոտներ, գոնե տնտեսական նպատակահարմարության համատեքստում, կարծես թե չկան:

Բայց եթե դա այդպես է, ապա առավել կարեւոր է դառնում  վերը հնչեցրած առաջին հարցը. ինչո՞ւ են թե՛ Եվրամիությունը եւ թե՛ Ռուսաստանը համառորեն մերժում Եվրամիության եւ Մաքսային միության հետ Արեւելյան գործընկերության ծրագրի երկրների, մասնավորապես Հայաստանի տնտեսական-քաղաքական համագործակցության համատեղելիության որեւէ հնարավորություն:

Ո՞րն է  ներկա փուլում թե՛ Եվրոպայի եւ թե՛ Ռուսաստանի՝ Հայաստանի հետ համագործակցության հիմնական նպատակը: Չէ՞ որ  երեք միլիոնանոց հայկական սպառողական շուկան, առավել եւս այսօրվա իր արտադրողական կարողություններով հայկական տնտեսությունը որեւէ պարագայում չեն կարող  Հայաստանի հանդեպ միջազգային խոշոր խաղացողների հետաքրքրությունների պատճառ դառնալ: Այսինքն՝ Հայաստանի նկատմամբ աշխարհի ուժեղների հետաքրքրությունը պայմանավորված չէ լոկ Հայաստանի տնտեսական հիմնախնդիրներով, թեպետ տնտեսական բաղադրիչը ամենից շատ է մատնանշվում: Այդ հետաքրքրությունը զարգացումների ներկա փուլում, ըստ իս, աշխարհատնտեսական էլ չէ, չնայած վերջնարդյունքները  նախ եւ առաջ իրենց  արտացոլումը կստանան տարածաշրջանի աշխարհատնտեսական ձեւավորվող  խճանկարում: Հետեւաբար ինչո՞ւ է պետք Հայաստանը միջազգային ազդեցիկ ֆակտորներին:

 

Շարունակությունը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30