Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւանի դիտակետից

Սեպտեմբեր 27,2013 14:02

Մեր հարեւան երկրի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի 30-րոպեանոց ելույթը ՄԱԿ-ում ոչ միայն կարդացի, այլեւ դիտեցի՝ հետաքրքիր էր, թե ինչպես, ինչպիսի ինտոնացիայով է Վրաստանի նախագահը խոսում, ինչպես նաեւ՝ երբ եւ ինչպես էին ՌԴ ներկայացուցիչները լքում դահլիճը: Վերջին դրվագն առանձնապես տպավորիչ չէր՝ ռուս դիվանագետները դուրս եկան մոտավորապես 25-րդ րոպեին, երբ իրենց երկրի հասցեին կատաղի քննադատության մեծ մասն արդեն հնչել էր:

Իհարկե, Սաակաշվիլին հավասարակշիռ մարդ չէ՝ նա շատ է հուզվում, շնչակտուր է լինում՝ հատկապես, երբ խոսում է Ռուսաստանի մասին: Այնուամենայնիվ, որոշ դիտարկումներ ինձ միանգամայն արդարացի թվացին՝ Հայաստանը անկյուն քշվեց եւ ստիպված եղավ միանալ Մաքսային միությանը, Ռուսաստանը շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հակամարտության որեւէ կողմ շահի, որովհետեւ այդ դեպքում ՌԴ-ն կկորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանին չի հաջողվի ստեղծել նոր կայսրություն: Հատկապես իրավացի էր Վրաստանի նախագահը, երբ խոսում էր այն մասին, որ Ասոցացման պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարող երկրներում հատուկ քարոզչություն էր տարվում, որի նպատակն էր նույնականացնել եվրոպական արժեքները միասեռականության հետ եւ ներմուծել մեր երկրներ այն գաղափարը, թե իբր ԵՄ-ի նպատակն է ոչնչացնել մեր ազգային ինքնությունը, ավանդույթները, ընտանիքը, հավատը: Այդ քարոզչությունը, ինչպես իրավամբ կարծում է Սաակաշվիլին, համակարգվում էր Կրեմլից, եւ դրա ոչ ուղղակի ապացույցն այն է, որ Պուտինը, վերջերս ելույթ ունենալով Վալդայի ֆորումում, կրկնեց այդ քարոզչության հիմնական թեզերը:

Սակայն ընդհանուր «հայեցակարգը», որն ընկած է Վրաստանի նախագահի ելույթի հիմքում, ինձ համար անընդունելի է՝ դա, եթե կարճ ձեւակերպենք, «սեւի» եւ «սպիտակի» հայեցակարգն է: Ըստ այդմ՝ գոյություն ունի «սեւ»՝ ագրեսիվ, կոռումպացված, աշխարհի հետ թշնամացած Ռուսաստանը, եւ լուսավոր, ժողովրդավարական, բոլոր ազգերի բարեկամ Արեւմուտքը: Իրականում այն մեղադրանքների մեծ մասը, որոնք Սաակաշվիլին հնչեցրել է Ռուսաստանի հասցեին, նա կարող էր կրկնել ԵՄ երկրների եւ հատկապես ԱՄՆ-ի վերաբերյալ: Աֆղանցիները, իրաքցիները, սիրիացիները եւ շատ այլ ազգեր ամերիկացիների մասին մտածում են ճիշտ նույնը, ինչ վրացիները՝ ռուսների մասին: Ամեն մի գերտերություն «իրեն վստահված» տարածաշրջանում է խուլիգանություն անում:

Իհարկե, հարեւան երկրի ղեկավարը չափազանցում է նաեւ իր իշխանության օրոք Վրաստանի նվաճումները՝ կյանքի մակարդակի առումով մեր երկրների միջեւ շեշտակի տարբերություններ չկան: Բայց արդարության, կարգուկանոնի, կոռուպցիայի դեմ պայքարի եւ բիզնեսի ազատականացման առումով մեր հարեւաններն, անշուշտ, որոշակի հաջողությունների հասել են: Ենթադրում եմ՝ նաեւ Ռուսաստանից անկախանալու շնորհիվ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Ես նույնպես երեկ դիտեցի ելույթը: Համաձայն եմ ձեր այն դիտարկման հետ, որ Սահակաշվիլին ոչինչ չասաց արևմուտքի զավթողական քաղաքականության մասին երկրի այլ անկյուններում, հատկապես մերձավոր արևելքում: Իմ տպավորությամբ, ասում էր այն ինչ մտածում էր, առանց կարդալու, ինչը հաճելի տպավորություն թողեց: Պետք է նաև հիշել, որ Ռուսաստանի կողմից գրավյալ տարածքները Վրաստանի հիմնական գլխացավանքն է:

    Ինչ վերաբերում է Եվրոպան համասեռամոլների հետ նույնացնելուն, ապա նույն կարծիքի էր երեկ վախճանված սիրելի դերասան Սոս Սարգսյանը: Վարպետն իր վերջին հարցազրույցներից մեկում այն կարծիքն էր հայտնում, որ մենք բոլորս պիտի Սերժ Սարգսյանին թև թիկունք կանգնենք, իսկ դեմոկրատիան տանում է դեպի համասեռամոլական Եվրոպա ու դեպի կործանում: Ի տարբերություն Սահակաշվիլու, նա Ռուսաստանը տեսնում էր որպես հատուկ փրկիչ առաքելություն ունեցող երկիր, որից հայերս միշտ պիտի կառչենք:

    Իհարկե այս հնամաշ գաղափարները և նույն միակողմանիությունը կարելի է գտնել նույնիսկ մեծ Դոստոևսկու մոտ: Իրականությունն այնքան բարդ է ու բազմերանգ, որ ամենամեծ մտածողներն անգամ հեշտությամբ սայթաքում են այն մեկնաբանելիս:

    • Վալոդ says:

      Իսկ այն փաստարկը, թե ոտատակ կանցնենք եթե Ռուսաստանին չենթարկվենք, մի քիչ համոզիչ չէ: Նախ չեմ կարծում, որ Ռուսաստանը մեզ երբևէ օգնել է տարածքների հարցում: Այո, Սովետի օրոք տնտեսապես զարգացել ենք թե մենք թե ռուսները: Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այժմյան Ռուսաստանը նույնքան հակահայկական է, որքան հակաադրբեջանական կամ նույնիսկ ավելի: Այո, նրանք խոչընդոտում են մեր երկրի զարգացումը բոլոր հնարավոր միջոցներով, դրածո իշխանություն մեր վզին կապելուց մինչև հեռուստաագրեսիա:

      Մի՞թե մենք այնքան ներուժ ու եռանդ չունենք, որ փորձենք մենք մեր գլխի տերը լինենք առանց ուրիշներից կառչելու: Որքանո՞վ է այս կառչած ապրելակերպը ազնիվ հենց ռուսների հանդեպ: Մի՞թե մեզ երբևէ վիճակված չէ գլուխներս բարձր ապրել ու հպարտանալ մեր հայ լինելով, այլ ոչ թե ամաչելով կմկմալ երբ արտասահմանում մեզ հարցնում են մեր ազգությունը: Վերջապես, արդյո՞ք հիմա ավելի արագ տեմպերով ոտակակ չենք անցնում համատարած հիասթափության ու անելանելիության պայմաններում, որի հիմնական պատասխանատուներից մեկը հենց Ռուսաստանն է: Այստեղ են ասել. մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ` անմահություն:

  2. Hakob says:

    իսկ ձեզ չի, թվում՞ ոչ եթե Հայաստանը սկսի խոսալ ՄԱԿ-ի ամբիոնից Վրաստանի վրա եղած ճնշումներից ու ամենակարևորը- Վրաստանրի իշխանությունների ճնշումներից իրա հարևանների վար ու իր ներսի ազգերի վրա, ապա ՄԱԿ-ի “լացը կգա”:

    Սակայն երբևէ Հայատանը պետական մակարդամով, ինչ Նախագահ էլ ունեցել ենք, չի անցել դիվանագիտության ու պետական հարաբերություններում կոռեկտության սահմանը որևէ պետության հանդեպ- անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի:

    Ողբամ Վրաստանի ժողովուրդների վիճակը, որ սենց հոգեկան հիվանդ Նախագահ են պահել…
    Էս ելույթը հաստատա իրա ամերիկյան աշխատավաձի ստացման օրն ա եղել, դրա համար էր սենց ոգևորված բերանը սրբում 🙂

  3. Maxim says:

    Վրաստանի ժողովուրդների վիճակին ողբալը, որը կարծում եմ բխում է Հակոբի շատ թունդ հայրենասիրությունից, ոչնչով չի օգնում մեր երկրի ողորմելի ու անմխիթար վիճակին: Մեր երկիրը
    բոլոր առումներով գտնվում է մինչև ականջները աղբի մեջ, այդ իսկ պատճառով՝ ոչ լսում, ոչ էլ
    հասկանում է իրականությունը: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ ոմանք չեն կարող թալանի գայթակղությունից ետ կանգնել, ոմանք էլ ֆիզիկապես ուժ չունեն պայքարելու:
    Ես խոնարհվում եմ մեր տաղանդաշատ վարպետ՝ Սոս Սարգսյանին, սակայն հանճարեղ մարդու
    խոսքերը այն է,՝ որը ժամանակի ընթացքում չի կործնում իր արդիականությունը: Օրինակ՝ այսպիսի մի միտք են ասել մի քանի հանճարեղ մարդիք, և քանի որ ես ստույգ չեմ ցիտում նրանց, ուսիտի և
    չեմ մեջբերում նրանց անունները: Միտքը հետևյալն է, -որ յուրաքանչյուր երկիր, պետություն, ազգ,
    ընդանիք կործանվում է բարոյապես՝, երբեմն աննկատ, և ապա ոչնչանում՝ ֆիզիկապես: Եթե խորը
    վերլուծենք, ապա կհասկանանք, որ դա բացարձակ ճշմարտություն է, թեպետ կարծիք կա, որ ամեն ինչ հարաբերական է: ՄՄ թե՛ԵՄ, կարելի է ասել, որ երկու երնեկ մի տեղ չեն տալիս: Բայց ՄՄ-ը
    շատ ավելի մշուշոտ երնեկ է: Մի երկիր, որ Արցախի հրաշք հաղթանակից հետո կորցրեց իր դրմքը,
    կամքը, բնավորությունը և բռնեց երկրում՝ թալանի ճանապարը, ապա այդ երկրի հետ կվարվեն՝ ինչպես ուզում են: Այսօր, ևս մի հրեշավոր արատ է հայտնվել,՝ հասարակությանը առճակատման հանել այլախոհների դեմ, և սփյուքին էլ իբր գլխավորող, իսկ թաղի խուժանին, որպես հայրենասերներ կազմակերպել հրոսակային հարձակումներ նրանց դեմ, քանի որ ոստիկանությունը ի վիճակի չի բացահայտ կոտրելու ընդիմադիրների արդարութան պայքարի կամքը: Սրա հետվանքները դեռ շատ ծանր է անդրադառնալու յուրաքանչյուրիս վրա, քանի որ արդեն երկրում գործում է թաղի խուժանի ֆենոմենը: Այն՝ վերևից դրված է կայուն վերարտադրության ռելսի վրա:

    • Լավատես says:

      Միտքը հետևյալն է, -որ յուրաքանչյուր երկիր, պետություն, ազգ,
      ընդանիք կործանվում է բարոյապես՝, երբեմն աննկատ, և ապա ոչնչանում՝ ֆիզիկապես:

      Լավ միտք է:

      Ստացվում է, եթե բարոյապես հաղթում ես՝ ուժեղանում ես. ամեն մեկս իր մեջ բարոյական հաղթանակներ տանելով կուժեղացնի իրեն, իր ընտանիքը, իր ազգը, իր պետությունը: Անարդարության հանդուրժումը ու անվերջ բողոքները՝ դա բարոյական պարտություն է եւ որպես արդյունք՝ թուլացում իր անձի, իր ընտանիքի, իր ազգի, իր պետության:

  4. Grigor says:

    Իրոք հակաեվրոպական քարոզչությունն այն աստիճանի է հասել, որ թվում է թե Եվրոպայում միայն գեյեր ու տրանսսեքսուալներ են ապրում: Իսկ ի՞նչ է բռնապետական ռեժիմով երկրներում գեյեր չկան: Չեմ կարծում որ աշխարհում կգտնվի որեւէ մեկը, որ ասի թե ինքն է ընտրել իր սեռական կողմնորոշումը, չեմ ուզում հիմա խորանալ այս հարցի շուրջ: Այլ հարց է սեռական կողմնորոշման արտահայտման ձեւը: Պատկերցրեք մեկին, օրինակ Հս. Կորեայում, որ ասի ինքը գեյ է, ու ի՞նչ կպատահի նրա հետ: Իսկ Եվրոպան ասում է, որ պետությունը չպետք է օրենսդրական խտրականություն դնի իր քաղաքացիների միջեւ, ելնելով միայն նրանց սեռական կոշմնորոշումից:

  5. sergik says:

    գուցե ծիծաղելի թվա ասածս… մեզ այս պահին դադար է պետք, պետք չէ պահել պետությունը ազգային ինքնության, գենոֆոնի վերացման հաշվին, պիտի սպասենք հարմար պահի, հիմա քրդերնել պետություն չունեն , բայց քսան միլիոն են ու շուտով գուցե և պետությունել ունենան, բա հրեաները, ոնց կարողացան էտքան դարեր առանց պետության հրեա մնալ ու հարմար պահը բաց չթողեցին….մեզ այսօր ազգային գաղափարախոսություն է պետք, որ աղանդի նման ասենք ,,գնացեք ու տարածեք բոլոր հայերուն մեջ,,….

  6. Spartak says:

    Այո՛, գաղափարախոսություն, հանուն որի պետք է աշխատել, ապրել, պայքարել…Խորհրդային տարիներին մեկ գաղափարախոսություն կար՝ կոմունիզմը, որն ուրվականի նման կախվել էր խորհրդային ժողովրդի գլխին:Չլինելու, չհասնելու բան էր, բայց մանկապարտեզից սկսած մարդկանց ուղեղը լցնում էին սին ու դատարկ քարոզչությամբ:Որքան էլ այն սին ու դատարկ լիներ՝ դրան հասնելու ձգտում կար:Հիմա ինչի՞ ենք ձգտում:Իրար ձեռքից հաց փախցնելով՝ ապրում ենք: Օրվա խնդիր ենք լուծում:Ինչ-որ կետ կա՞, որին մենք՝ հայերս հասնելու ցանկություն պետք է ունենանք:Չկա՛:Դրանով էլ պայմանավորված է մեր կյանքի վայրիվերումները, կրթական համակարգի անորոշությունները, ազատ խոսքն ամենաթողության հետ շփոթելը և այլն…Անկախության այս քսան տարիների ընթացքում հայ մարդու մեջ պետք է համոզմունք ձևավորվեր՝ ինչ անում է միայն իր համար չի անում, անում է նաև հայրենիքի բարօրության համար: Դրա համար պետությունը պետք է անկեղծ լինի իր ժողովրդի նկատմամբ, սիրի իր ժողովրդին, որը չկա:Ճարպիկն իր գլուխն է պահում, մեկ ուրիշը սրան-նրան խաբելով հարստանում է, անճարներն էլ հաց հավաքելով գոյատևում են:Ինչ-որ բանի հասնելու համաժողովրդական ձգտումն ու հավատը չկա:Դրա համար էլ մարդիկ լքում են երկիրը:Համ անարդարության ու սովի մեջ են, համ՝ ապագայի նկատմամբ անհույս:Ի՞նչ անեն, որ չլքեն երկիրը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30