Բելգիայում բացվել է լուսանկարիչ Արա Գյուլերի «Ստամբուլն իմ հուշերում» ցուցահանդեսը: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Ցուցահանդեսի համադրող Բեստե Գյուրսուն ասում է, որ Գյուլերն այնպիսի պատմություններ է լուսանկարել, որոնք հիշողության մեջ կմնան սերնդեսերունդ. «Արա Գյուլերը պատկերում է գունագեղ կյանքը և այս հսկա քաղաքի սոցիալ-մշակութային կողմը, որը միշտ ուշադիր է դիտարկվել իր հարուստ մշակույթի, արվեստի, տնտեսական և ռազմավարական կարևորության պատճառով: Իր անհատական լուսանկարչական տեսանկյունով նա պատկերացում է ստեղծում քաղաքի պատմության մասին», – ասում է Գյուրսուն:
Գյուլերը վարպետ է, որը ականատես է եղել Թուրքիայի պատմության 80 տարվա ժամանակաշրջանին: Իր մասին խոսելիս նա ասում է, որ ինքն իրեն հաջողակ է համարում, որ իր լուսանկարների իրադարձություններին հանդիպել է ճիշտ ժամանակին: Նկարագրելով կյանքը որպես մարդկանց տրված դատարկ ֆիլմի ժապավեն՝ Գյուլերը մեզ խորհուրդ է տալիս գերազանցապես լրացնել յուրաքանչյուր պահը, որը մեզ կառաջնորդի երկար տարիներ, գրում է թերթը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ