ԱՄՆ դեսպանը փաստում է, որ Հայաստանը մաքսային ոլորտում դեռ շատ անելիքներ ունի
«Բարեփոխումների հարցը մեզ հաճախ է տրվում, հաճախ են հարցնում, թե Միացյալ Նահանգները կամ արեւմտյան գործընկերները ինչու են փորձում բարեփոխումներ անել Հայաստանում եւ ի՞նչ օգուտ են ստանում դրանից։ Եթե անկեղծ լինեմ, ապա կասեմ`ոչ մի բան: Մենք այս բարեփոխումները չենք անում, որպեսզի ԱՄՆ-ն կամ Վաշինգտոնն օգուտ ստանան, այլ գործարար միջավայրի բարելավման համար ենք անում, Հայաստանում տնտեսական աճ ապահովելու համար»,-այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցած «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» թեմայով համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։
Նա անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանը միանալու հարցին, ասաց, որ Հայաստանն ինքն է որոշումներ կայացնում, եւ ԱՄՆ-ն, լինելով Հայաստանի բարեկամական գործընկերը, կշարունակի աշխատել նրա հետ:
Դեսպանը նաեւ նշեց, որ Հայաստանի մաքսային ոլորտում դեռեւս բազմաթիվ խնդիրներ կան ու բարեփոխումների անհրաժեշտություն կա: Կարեւորելով գիլյոտին ծրագիրը՝ Ջոն Հեֆերնը ասաց, որ հետաքրքրված են այդ ծրագրով եւ որ գործընթացը ընթացքի մեջ է:
Նշենք, որ միջոցառումը նախաձեռնել էր ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը եւ ՀՀ-ում Ամերիկայի առեւտրի պալատը: Համաժողովի ընթացքում անդրադարձան մաքսային խախտումներին, քաղաքացիական եւ ռազմական նպատակների համար կիրառվող ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանմանն ու ներկրմանը, փոստային առաքումներին եւ այլն:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ բարեփոխումները նպաստել են, որպեսզի
մաքսային մարմինները եկամուտներ հավաքագրող մարմնից վերածվեն եկամուտների վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների:
Կարդացեք նաև
ՊԵԿ-ի նախագահի տեղակալն էլ փաստեց, որ մաքսային վարչարարության առումով դեռեւս շատ անելիքներ կան մեր երկրում: Ըստ նրա, այդ ոլորտին առնչվող օրենքի նախագիծը առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում, որը վերաբերելու է մաքսային ժամկետների կրճատմանը: Նախագծում առաջարկվում է նաեւ ՀՀ-ում ներդնել լիազորված տնտեսական օպերատորի գաղափարը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ