Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ խմբակցությունը Գեւորգ Կոստանյանին ավելի բարձր է գնահատում, քան Աղվան Հովսեփյանին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2013 13:50

«Անմեղության կանխավարկածից» ելնելով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չի կարող ասել, թե ինչպիսի գլխավոր դատախազ կդառնա Գեւորգ Կոստանյանը, ում նշանակումը նա համարում է արդեն որոշված. «Մենք պատրանքներ չունենք, եւ հստակ է, որ նա կնշանակվի այդ պաշտոնում»: Այս մասին նա ասաց այսօր՝ ՀԱԿ-ում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպումից անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի թեկնածուն այսօր հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ: Իսկ առաջիկա քառօրյայում ԱԺ-ն պետք է քննարկի եւ քվեարկի ՀՀ նախագահի առաջարկը՝ այդ պաշտոնում պարոն Կոստանյանին նշանակելու մասին:

Ու չնայած «այս բռնապետական համակարգում, երկրի բռնապետ ղեկավարի պայմաններում» , ըստ պարոն Զուրաբյանի, անկախ նրանից, թե ով կնշանակվի այդ պաշտոնում, քիչ է հավանական, որ որեւէ բան կփոխվի, այդուհանդերձ, պարոն Զուրաբյանը համարում է, որ պետք է պարոն Կոստանյանին ժամանակ տալ՝ իրենց բարձրացրած հարցերի լուծման համար, հատկապես լսելով իր մոտեցումները եւ աշխատելու պատրաստակամությունը: «Ճիշտ չէր լինի, եթե մենք նրան այդ ժամանակը չտայինք»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը, սակայն նկատեց, որ դեռ խմբակցությունում չի քննարկվել եւ պարզ չի, թե ինչպես կքվեարկի իրենց խմբակցությունը Գեւորգ Կոստանյանի նշանակման վերաբերյալ:

Լեւոն Զուրաբյանը համարում է, որ Գեւորգ Կոստանյանը «բոլոր առումով եւ որակներով, ավելի ընդունելի է, քան Աղվան Հովսեփյանը» , թեեւ նորից կրկնեց, որ «այս միջավայրում նա չի կարող իրեն դրսեւորել որպես օրինականության պահապան»:

ՀԱԿ-ը գլխավոր դատախազի թեկնածուի առջեւ բարձրացրել է մի քանի հարցեր, որոնց Գեւորգ Կոստանյանը, Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ լինելով «լավ իրավաբան», ընդամենը պատասխանել է, որ դեռ պետք է ուսումնասիրի այդ հարցերը, քանի որ դրանցից տեղյակ է միայն մամուլից:

Իսկ հարցերը եղել են բազմազան՝ Մարտի 1, դրան հետեւած անօրինական դատավարություններ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյան, ՍԴՀԿ-Լյուդմիլա Սարգսյան դատավարական թնջուկ, կոռուպցիա եւ մասնավորապես՝ օֆշորային սկանդալն ու ԴԱՀԿ ղեկավարի հետ կապված կոռուպցիոն հարցեր եւ այլն:

ՀԱԿ խմբակցության հետ հանդիպումից հետո պարոն Կոստանյանը շտապեց հանդիպելու ԲՀԿ խմբակցության հետ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30