Այսօր «Փաստարկ» ակումբում Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ մեր ապրանքների 19-20 տոկոսն արտահանվում է ՌԴ: Բայց երբ նայում ես արտահանման կառուցվածքը՝ հանքահումքային նյութերն են, որոնք չեն խոսում նրա մասին, որ մեր մոտ կա արդյունաբերություն: Բնական բարիքներն են միայն. «Մենք ժամանակին ունեցել ենք կաբելի գործարան, որոնք պղնձից լարեր են արտադրել: Տնտեսության հեռանկարը հիմա չի երեւում: Աճ ենք տեսնում, բայց ի՞նչն է աճել: Մենք արտադրում ենք չնչին քանակությամբ սնունդ եւ վերջ: Եթե երկիրը արտադրանքի եւ արտահանման մեջ ունի սնունդ, դա նվաճում չէ: Այդպիսի երկիր չկա, որ սնունդ չարտահանի: Դա ինքնախաբեություն է»:
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի տված հարկը կառավարությունը վերցրեց, բայց ոչ մի դրական բան չունեցանք. «Ոչ մետրո չունեցանք, ոչ մի լավ բան, միայն շենքեր ունեցանք»:
Նա դժգոհեց, որ ունենք ապաշնորհ կառավարություն, որ չի կարողանում լավ տնօրինել մեր ունեցածը. «Բացառիկ երկիր ենք, ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ, բայց չենք կարողանում դա օգտագործել ճիշտ: Մեր էլեկտրաէներգիան կարող էր ոչ միայն մեր հարեւաններին գնալ, այլ մեր հարեւանների հարեւաններին»:
Արմեն Պողոսյանը նշեց, որ դեպի ԵՄ ուղղությունն ավելի դրական կանդրադառնա մեր տնտեսության վրա, բայց ժամանակ է պետք՝ ստանդարտացման, արտահանվող ապրանքների չափանիշների հետ կապված, իսկ Մաքսային միություն մտնելը մեր ապրանքների քանակի առումով է լավ եւ արագ արդյունք կտա. «Ես բացարձակապես համոզված եմ, որ հատկապես մեր գյուղմթերքը մրցունակ է աշխարհում, բայց գյուղմթերքի արտահանման համար ինտելեկտուալ աշխատանք է պետք տանել: Դա բարդ է, բայց անհնար չէ»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Պողոսյանի, Եվրոպան մեզ կարող է դրախտային վիճակի բերել, բացի գնից: Մատչելիության խնդիրը չի լուծվում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ