«Գնահատելով ներկա իրավիճակը՝ բացահայտվել է հանրային մասնակցության ոչ բավարար արդյունավետություն: Պետական կառավարման մարմինները սա պայմանավորում են նրանով, որ քաղաքացիական հասարակությունը ակտիվ չէ: Մինչդեռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ խնդիրը տեղեկատվության անմատչելիության, ինչպես նաև մասնագիտական կարողությունների սահմանափակումների մեջ է»,-այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց «Արազա» ԲՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանը՝ ամփոփելով «Հանրային ցանց»-ի նախաձեռնած «Օրինաստեղծ գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության առկա համակարգի բարելավման հեռանկարները» թեմայով հանրային քննարկման արդյունքները:
Այս թեմայով քննարկումներ են եղել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, ՀՀ կառավարության, նախարարությունների պաշտոնյաների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Թամարա Աբրահամյանը նշեց, որ հանրային մասնակցության խոչընդոտներից է տեղեկատվության պակասը, հետադարձ կապի բացակայությունը:
«Ավենյու Քոնսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության համահիմնադիր, անկախ փորձագետ Տիգրան Գրիգորյանը նշեց. «Քաղաքացիական հասարակությունն այսօր դեռ ի վիճակի չէ բարձր որակի կարգավորման գնահատում անել: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հիմնականում փոքր, կետային հարցեր են բարձրացնում բարձրագույն կառավարման օղակներում: Սա էլ է խնդիր: Երբ քաղհասարակությունը սկսի որակյալ կարծիք հայտնել, մեր պետական մարմիններն ավելի հեշտ կմտնեն երկխոսության մեջ»:
Թամարա Աբրահամյանը ցավով նշեց. «Սոցիալական և կրթության օրենքների վերաբերյալ գոնե հանրային ցանցից գնացել են առաջարկներ, բայց ոչ մի արձագանք: Սա բացասական ազդեցություն է ունենում քաղաքացիական հասարակության վարկանիշի վրա»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս են գնահատում ակտիվիստների վերջին շրջանի գործողություններն ու նրանց դեմ բռնությունները, Տիգրան Գրիգորյանը պատասխանեց. «Մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը, ի վերջո կա խոսքի ազատություն: Դրան նորմալ եմ վերաբերում և չեմ ընդունում բռնությունները: Սակայն ես էլ այն վիճակում չեմ, որ գնահատական տամ պետության կողմից ճի՞շտ են այդ միջոցառումները, թե՞ ոչ: Այո, եթե քաղաքացիական հասարակությունն ունի ինչ-որ բան ասելու և ընտրել է արտահայտման այդ ձևաչափը, ես նորմալ եմ վերաբերվում»:
Թամարա Աբրահամյանն այս կապակցությամբ ասաց. «Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալելու համար տարբեր աշխատաձևեր են ընտրում: Նման ակցիաները քաղաքացիական հասարակության դրսևորման ձևերից են, ոչ կողմ ոչ դեմ արտահայտվել չենք կարող դրան արտահայտվել, բայց կողմերը պետք է օրենքով սահմանված իրենց պարտականությունները պահպանեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ