Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը սկսել էր ստուգումներ անցկացնել Գյումրու օդանավակայանում` կապված 122 տոննա դիզվառելիքի կորստի հետ: Այն բացահայտելու խնդրանքով ՀՀ ոստիկանությանը դիմել էր հենց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց նաև վերոհիշյալ ընկերության մամլո պատասխանատու Գևորգ Աբրահամյանը:
Քիչ առաջ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները պատրաստվում են Գյումրու օդանավակայանի անվտանգության և վառելիքաքսուկային բաժնի մի քանի աշխատակիցների տեղափոխել մայրաքաղաք` հարցաքննության:
Իսկ թե ինչպես է հայտնաբերվել վառելիքի կորուստը, «Շիրակ օդանավակայան» ՓԲԸ –ի ղեկավար Սեյրան Չուխաջյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ինքն է հայտնաբերել ավիավառելիքի կորուստը ամսի 2-ին: Նա հանձնաժողով է կազմել, հայտնաբերել ու արձանագրել է, որ 122 տոննա ավիավառելիքի կորուստ կա և անմիջապես դիմել է իր վերադասին: Վերադասն էլ իր հերթին դիմել է իրավապահներին:
Aravot.am-ը Սեյրան Չուխաջյանից հարցրեց, թե խոսքը ինչքա ՞ն գումարի է մասին է, վերջինս ասաց, որ ինքը գումարի չափ չի կարող ասել, պարզապես արձանագրել է, որ այդքան կորուստ կա:
Մեր այն հարցին էլ` փաստորեն ճիշտ չե՞ն այն լուրերը, թե վառելիքի կորուստը հայտնաբերել է արգենտինահայ գործարար Էռնեստո Էռենկյանին պատկանող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի վերահսկողության ծառայությունը` իր ցանցերի ներսում կատարած ստուգումների արդյունքում, Սեյրան Չուխաջյանն ասաց. «Ես հայտարարում եմ, որ այն հայտնաբերել է Սեյրան Չուխաջյանը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ