Հատված «Վեդի ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանի հարցազրույցից:
– Գործարարների զգալի մասը ողջունում է Մաքսային միությանն անդամակցությունը։ Այդ գործարքի դեմ ավելի շատ խոսում են քաղաքական ուժերը, ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված։ Ի դեպ, այդ նույն քաղաքական ուժերի պնդմամբ, ՄՄ-ն տնտեսական առումով խնդիրներ է ստեղծելու, եւ այս տրամադրվածությունը տարածվել է անգամ տաքսու վարորդների շրջանակներում։ Որքա՞ն է արդարացված նման կանխատեսումը։
– Քաղաքական ուժերը պարտավոր են ազատ արտահայտել իրենց կարծիքները։ Հնարավոր է նաեւ, որ ոմանք պատվեր են կատարում, ի՞նչ իմանաս։ Սակայն տնտեսության մասին խոսելիս պետք է իրատեսական լինել։
Խորհրդային ժամանակներում Հայաստանում զարգացած էին քիմիական, գունավոր մետալուրգիական եւ արդյունաբերական շատ ճյուղեր, այդ թվում գյուղատնտեսությունն ու վերամշակող ոլորտը։ Անկախությունից հետո արդյունաբերական գերհզոր ճյուղերը այլեւս չգործեցին։ Եվ այսօր շատ ավելի ակտիվ է գյուղատնտեսությունն իր վերամշակող ճյուղերով։ ՀՀ նախագահի հայտնի հայտարարությունից հետո գյուդմթերք վերամշակող կազմակերպությունները, գնելով խաղող, նպաստեցին, որ մոտ 10 մլրդ դրամ ներդրվի խաղողի արտադրության մեջ։ Եթե սեպտեմբերի 3-ին այդ հայտարարությունը չարվեր, ապա վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի կիլոգրամ խաղող չէր մթերվի, եւ ոլորտում եղած այսօրվա աշխուժությունը կվերածվեր քաոսի, գյուղացիները ճանապարհները կփակեին, բողոքի ցույցեր կանեին։
Կարդացեք նաև
– Այսինքն, ուզում եք ասել, որ հայկական խմիչքները Եվրոպայում պահանջ չէին ունենա, եւ դրա պատճառով վերամշակող ձեռնարկությունները խաղող չէի՞ն մթերի։
– Ռազմավարական առումով մենք պետք է աչքի առաջ ունենանք Իսրայելի Հանրապետության անցած ուղին։ Դրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ, որ մեր աչքի առջեւ կա Վրաստանի վերջին տասը տարվա ճանապարհը։ Վրաստանը մեր հարեւանն է, որի հետ կապված ենք ճակատագրով ու պարտավոր ենք մեկս մյուսին հարգել։ Աստված իրենց հետ, նրանց կողմնորոշումը Եվրոպան է, բայց արդյունքում ՌԴ-ի շուկայում արգելվեց վրացական գինիների եւ այլ արտադրատեսակների վաճառքը։ Վրաստանը սկսեց սուբսիդավորել խաղող մթերողներին, որ բունտ չլինի, քանի որ խաղողի իրացման լուրջ խնդիր կար։ Դա այն դեպքում, երբ վրացական գինիները քչից-շատից ավելի ճանաչված են Ուկրաինայում, Լեհաստանում։ Արդյո՞ք Հայաստանը խաղողագործությունը սուբսիդավորելու հնարավորություն ունի, եւ արդյո՞ք մեր գինիները ճանաչված են Եվրոպայում։ Իհարկե ոչ։ Լավագույն դեպքում Հայաստանը կկարողանա եվրոպական շուկայում իրացնել արտադրված կոնյակի ընդամենը 10 %-ը։
Ես չեմ ասում, որ մենք պետք է ընդհանրապես հրաժարվենք այլ շուկաներից եւ քաղաքակրթությունից։ Հակառակը, պետք է շատ լավ հարաբերություններ պահպանենք մեր հարևանների, Արևմուտքի, ԱՍՆ-ի, եթե հնարավոր է անգամ Չինաստանի, աֆրիկյան երկրների հետ։ Բայց հիմա մենք մեր տանն ենք, մենք 200 տարի է՝ այդ տանն ենք ապրում։
– Սա է խնդիրը, որ շատերը դժգոհում են, թե հարցը հանրաքվեի չդրվեց, այլ ՀՀ նախագահը միանձնյա որոշում կայացրեց։
– Դեռ ժամանակ կա, գուցե դա էլ արվի։ Համենայն դեպս, ՀՀ նախագահն այդ հարցին արդեն պատասխանել է, նշելով, որ 50 խոշոր հարկատու աշխատում է կամ ռուսական կապիտալով, կամ էլ իրենց իրացման շուկան Ռուսաստանն է։ Իսկ մեր բյուջեն ինչո՞վ է համալրվում, այդ շուկայում ապրանքների իրացումից առաջացած գումարներով։ Դրանից զատ, վստահ եմ, որ եթե հանրաքվե լինի, ապա մեր ժողովրդի 70-80 %-ը քվեարկելու է Մաքսային միության օգտին, եւ դա բնական է։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում