Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ուզում դառնալ Հայաստանի նախագահ – 3

Սեպտեմբեր 27,2013 12:35

 Նախորդ երկու հրապարակումներում անդրադառնալով Հայաստանի նախագահի պաշտոնի գրեթե բոլոր իրական ու երևութական հավակնորդներին` չանդրադարձանք հին գվարդիայի անդամներից երկուսին` Վանո Սիրադեղյանին ու Վազգեն Մանուկյանին:

«Ղարաբաղ» կոմիտեի տարիներից այս կողմ այնքան հորդ ու բազմազան ջրեր են հոսել, որ հիմա նույնիսկ դժվարությամբ ենք այս երկու նախկին թիմակիցների անունները կողք-կողքի գրում:

Նախ` անդրադառնանք Վազգեն Մանուկյանին, որովհետև նրա հարցն անհամեմատ պարզ է: Նախ` ցանկության հարցը: Եթե Մանուկյանը Հայաստանի նախագահ դառնալու ցանկություն ու հնարավորություն ունենար, դժվար թե հեռանար ակտիվ քաղաքականությունից և համաձայներ Հանրային խորհրդի նախագահ աշխատել: Փաստորեն Մանուկյանը, դեպքերի բերումով, նախընտրեց անհամեմատ հանգիստ ու խաղաղ կյանքը:

Վանո Սիրադեղյանն էլ է, փաստորեն, հեռացել ակտիվ քաղաքականությունից, բայց` ոչ իր ցանկությամբ: Այսուհանդերձ, շատերը ոչ միայն Վանոյի վերադարձն են փափագում, այլև նրա` քաղաքականություն վերադարձը: Եթե Վանոն Հայաստան վերադառնա, և եթե նույնիսկ ինքն իրեն քաղաքականությունից ու քաղաքական կյանքից հեռու պահի, միևնույն է, Հայաստանում իր ներկայությունն ու իր խոսքը կարող են կտրականապես ազդել իրավիճակի և ուժերի փոխհարաբերակցության վրա, իսկ եթե ինքն անձամբ ակտիվ քաղաքականության մեջ հայտնվի, հնարավոր է` միանգամայն նոր ու այլ իրավիճակներ ստեղծվեն:

Մինչ ենթադրություններ էինք անում, թե ով կցանկանա կամ ով հնարավորություն ունի հեռավոր կամ մոտ ապագայում դառնալ Հայաստանի նախագահ, Սերժ Սարգսյանը շատ բարդ իրավիճակում հայտնվեց: Մաքսային միության հանգամանքների հետ կապված` հիմա Հայաստանում գործող նախագահին անխնա քննադատում են և արևմտամետ ընդդիմադիրները, և ռուսամետները, ընդ որում` երկուսն էլ միանգամայն սրտանց են քննադատում:

Ռուսամետ ընդդիմադիրներն անհամեմատ շահեկան վիճակում են հայտնվել, որովհետև այն, ինչ իրենք պիտի անեին իշխանության գալու դեպքում, Սերժ Սարգսյանն արդեն արել է: Արևմտամետներն, ընդհակառակը, իշխանության գալու դեպքում աշխարհաքաղաքական իմաստով բավական դժվարություններ են ունենալու:

Այսուհանդերձ, մենք մշտապես նկատել ենք և մշտապես պիտի նկատի ունենանք, որ մեր քաղաքական գործիչների համար առաջնայինը ոչ թե արևմտամետությունն ու ռուսամետությունն են, այլ` իշխանության գալը: Երդվյալ արևմտամետներն ու երդվյալ ռուսամետները մեզանում անհամեմատ քիչ են, քան իշխանություն փափագողները: Մեր քաղաքական գործիչների մեծ մասը հանուն իշխանության կարող են ակնթարթորեն դառնալ ռուսամետ կամ հակառակը, չնայած նրանք բոլորն էլ սիրում են ասել ու մշտապես կրկնել, որ իրենք հայամետ են, այլ ոչ թե արևմտամետ կամ ռուսամետ: Եվ հատկապես ընտրությունների օրերին են սիրում էդ բանն ասել ու կրկնել, իսկ մնացած ժամանակ ճիգ են գործադրում ուղղորդվել կամ Արևմուտքից, կամ էլ` Ռուսաստանից:

Այդուհանդերձ, երդվյալ արևմտամետներ ու երդվյալ ռուսամետներ մեզանում կան` Երջանիկ Աբգարյանը, Արտաշես Գեղամյանն ու էլի ուրիշներ, բայց նրանք չեն ձգտում Հայաստանի նախագահ դառնալ:

Համենայն դեպս, հիմա` էս պահին չեն ձգտում:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Իսկ ո*վ չի ուզում: Կա նման հայ:Կառավարելում ապիկար, կառավարվելում `անկարող չե*ն:Կգա ժամանակը, որ այս նահանգում կկառավարի նա, ով չի ուզում դառնալ կառավարիչ, բայց պարտավոր է լինել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30