Երեկ առավոտյան, 07:05-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել: «Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20:50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 1963թ. ծնված Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը մեզ տեղեկացրեց. «Մենք Խոսրովի արգելոցում ունենք հատուկ ջոկատ, որը 24 ժամ հսկողություն է իրականացնում ողջ տարածքում, առավոտ լուսադեմին աշխատակիցները եկել են ներս մտնելու՝ տեսել են մեր տեսուչին սպանված, որը մեր Գառնիի տեղամասի ուղեփակոցի տեսուչն էր, ծառայության մեջ, հերթապահություն կատարելիս սպանվել է»:
… Ո՞վ կարող էր սպանել տեսուչին, առայժմ սպանության պատճառները մնում են անհայտ, չգիտեն՝ որսագողությո՞ւնն է եղել պատճառը, թե՞ անձնական թշնամանքը կամ գուցե մի երրո՞րդ պատճառ կա: «Ես այս կարող եմ ասել, որ տրամադրված եկել էին իրեն սպանելու, որովհետեւ ստեղ որսագողի բան չկա, տեսախցիկները դա չեն ֆիքսել, երեւում է, որ թփերի հետեւից կրակում են իրա վրա, այդքանը: Ոչ մի մեքենայի շարժ, ոչ մի ավելորդություն չկա, ես էլ ոստիկանների հետ դիտել եմ էդ ամբողջը: Հենց մեր ուղեփակոցի կողքից մի 10-15 մետրի վրա խփել են: Շունը հաչացել է, ինքը դուրս է եկել եւ էդ պահին՝ կրակոց: Ժամը 20:56 րոպեին դեպքը եղել է, եւ մինչեւ առավոտ, դիակի հայտնաբերելը, ոչ մի շարժ չի եղել, տեսախցիկներն ամեն ինչ ֆիքսել են: Քննություն է գնում, ավել բան չեմ կարող ասել, բայց փաստ է, որ իմ աշխատողին սպանել են:
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում