Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի վարույթում է գտնվում Կարեն Համլետի Մանուկյանի, Գրիգոր Հովհաննիսյանի, Արման Մարտիրոսյանի և Միխայել Բերեզովսկու դեմ հարուցված քրեական գործի վարույթը:
Կարեն Մանուկյանի, Գրիգոր Հովհաննիսյանի և Արման Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Միխայել Բերեզովսկու նկատմամբ կալանավորումը փոխարինվել է գրավով:
Կարեն Մանուկյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը մեզ տեղեկացրեց, որ օգոստոսի 24-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավոր Ա. Վարդապետյանի կողմից որոշում է կայացվել դատական նիստը հետաձգել՝ մինչև ամբաստանյալ Գրիգոր Հովհաննիսյանի մարմնական վնասվածք ստանալու մասին քրեական գործի վարույթի մասը կարճելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ս. Մխիթարյանի՝ 07. 08. 2013թ. որոշման դեմ պաշտպան Վ. Աթոյանի կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ որոշում կայացնելը:
Լիպարիտ Սիմոնյանը սեպտեմբերի 5-ին Գրիգոր Հովհաննիսյանի պաշտպան Վ. Աթոյանից տեղեկացել է, որ ներկայացված բողոքի վերաբերյալ ստացել է պատասխան, համաձայն որի՝ Երևանի դատախազի որոշմամբ քննիչ Ս. Մխիթարյանի 07.08.2013թ. որոշումը վերացվել է և քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազին` ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը քննարկելու համար: Փաստաբան Լ. Սիմոնյանի խնդրանքով նշված գրության պատճենը փաստաբան Վ. Աթոյանի կողմից տրամադրվել է նրան:
Կարդացեք նաև
«Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդապետյանին ներկայացնելով Երևան քաղաքի դատախազությունից ստացված գրությունը և նկատի ունենալով մեղադրվող անձի` անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքը, խնդրել եմ Կարեն Մանուկյանի և մյուսների վերաբերյալ գործով ողջամիտ ժամկետում նշանակել դատական նիստի օր, սակայն մինչ օրս դատական նիստ չի նշանակվել և դատական քննություն չի իրականացվում: Ինձ տրամադրված բանավոր տվյալներով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում այժմ հարուցվել է քրեական գործ (կամ նախապատրաստվում են նյութեր), որը կարող է ամիսներ տևել, իսկ դատավոր Ա. Վարդապետյանը հակված չէ մինչև Հատուկ քննչական ծառայության կողմից որոշում կայացնելն իր վարույթում գտնվող քրեական գործով դատաքննություն իրականացնել»,- ասում է փաստաբան Լ. Սիմոնյանը:
Փաստաբանի կարծիքով՝ դատավոր Ա. Վարդապետյանը խախտում է իր պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքը, որը հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Զրուցակիցս հղում է անում ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Իսկ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն էլ.
«Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասն էլ սահմանել է. «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
Փաստաբանի հղմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն էլ՝ յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք:
«Այսպիսով, ակնհայտ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ անորոշ ժամկետով, կամ այլ պետական մարմնի կողմից որոշակի գործողություններ կատարելու ավարտով պայմանավորված, դատական նիստերը հետաձգելու որևէ նորմ: Հետեւաբար, գտնում եմ, որ դատավոր Արմեն Վարդապետյանը, չպահպանելով իր վարույթում գտնվող գործի քննության ողջամիտ ժամկետները, թույլ է տալիս արդար դատաքննության իրավունքի խախտում, ինչպես նաև, առանց օրինական հիմքերի, ամբաստանյալներին պահում է շարունակական կալանքի տակ»,-նշում է Լ. Սիմոնյանը:
Նման իրավախախտման համար փաստաբանը մտադիր է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմել արդարադատության խորհուրդ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ