Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մասնակի բավարարել է որդու վարակման պատճառը պարզել ցանկացող մոր բողոքը

Սեպտեմբեր 27,2013 11:34

Հակառակ սրան` դատարաններում տուժողի իրավահաջորդ ճանաչված մոր ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է, որ դատարանը, ըստ էության, իր որոշումը կայացնելիս չի հիմնվել մինչ այդ ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշման վրա:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարել է շուրջ երեք տարի որդու` հեպատիտ B-ով վարակվելու պատճառը պարզել ցանկացող վանաձորցի Սուսաննա Անտոնյանի բողոքը:

Դատարանն իր մասնակի բավարարած որոշմամբ քրեական վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել սույն բողոքի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի այս տարվա փետրվարի 15-ի որոշմամբ արձանագրված դիմող Սուսաննա Անտոնյանի իրավունքների խախտումը:

Սուսաննա Անտոնյանը խնդրել էր վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Պողոսյանի` քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ 2012թ. մարտի 30-ին կայացրած որոշումը:

Շուրջ 3 տարի է՝ վանաձորցի Սուսաննա Անտոնյանը փորձում է պարզել որդու վարակման պատճառը:

Նրա որդին՝ Արման Անտոնյանը, մահացել է 2010 թվականին՝ սուր լյարդային անբավարարությունից՝ կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով՝ լյարդի օջախային մեռուկների առաջացումով:

Ինչպես նշում է նրա մայրը, մինչ այդ 29-ամյա որդին գտնվել է սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արթուր Բաղդասարյանի հսկողության տակ, ապա բուժման կուրս է անցել նրա մոտ: «Ուղիղ մեկ ամիս անց երեխուս վիճակը վատացավ, չէր կարողանում շարժվել, ջերմությունը բարձրացավ մինչեւ 40 աստիճան, գույնն էլ՝ դեղին: Քանի անգամ շտապօգնություն ենք կանչել, երկու անգամ եկան, թե՝ կարիք չկա անհանգստանալու, ուղղակի գրիպային վիճակ է: Հաջորդ օրը՝ մարտի 31-ին, երեխուս մարմինը փքվեց, ջերմությունն էլ չէր իջնում, տարանք հիվանդանոց»,- «Առավոտին» 29 տարեկանում մահացած որդու վերջին օրերի վիճակի մասին է պատմում մայրը:

Նա շարունակում է պնդել, որ որդին վարակվել է բուժման ժամանակ. մինչ այդ իր տղան կատարյալ առողջ է եղել, նախաքննական մարմինն էլ, առանց պարզելու, թե որտեղից է իր որդին ձեռք բերել վերոհիշյալ հիվանդությունը, առանց ճշտելու, թե տվյալ վարակը ինչ ճանապարհով է փոխանցվել որդուն, որոշում էր կայացրել կարճել քրգործի վարույթը, ինչը, ըստ նրա, չի բխում օրենքի շրջանակներից:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնում` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել էր՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Եվ չնայած նրան, որ թե առաջին ատյանի դատարանը, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էին որդու վարակման պատճառը պարզել ցանկացող մոր բողոքները՝ քննիչի կայացրած որոշումը թողնելով անփոփոխ, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ, նախորդ ատյանների՝ քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները բեկանվել էին, գործն էլ ուղարկվել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Չնայած նրան, որ վերջինս մասնակի բավարարել է Սուսաննա Անտոնյանի բողոքը, այնուամենայնիվ, դատարաններում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է, որ դատարանը, ըստ էության, իր որոշումը կայացնելիս չի հիմնվել մինչ այդ ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշման վրա:

«Ինչ է նշանակում մասնակի բավարարել: Որքանով է տրամաբանական, որ առաջին ատյանի դատարանը Վճռաբեկ դատարանի նախադեպային նշանակություն ունեցող որոշման վրա մասնակի հիմնվի: Դատարանը չի ապահովել Վճռաբեկ դատարանի կողմից տրված իրավական գնահատականները, եւ իր որոշմամբ չի ապահովել Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռի իրականացումը»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նա նշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման հիմքում ինքնին ընկած են բոլոր այն հիմնավորումները, որոնք իրենք ներկայացրել էին թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարաններում: «Նախաքննական մարմինը պարտավոր է այնպիսի քննություն իրականացնել, որ զոհի ընտանիքի կամ հարազատների մոտ չպատասխանված հարցեր չմնան: Այս դեպքում մենք բարձրացրել ենք 20-ից ավելի չպատասխանված էական հարցեր, որոնց պատասխանները չունենալով, բավականին մեծ կասկածներ ու մեծ հիմնավորումներ կան, որ ոչ ճիշտ միջամտությունը եղել է հենց սեքսապաթոլոգի կողմից»,- մեզ հետ զրույցում նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը՝ մասնավորեցնելով, որ տարիներ ձգձգվող գործի շրջանակներում Արմանի մորը՝ Սուսաննա Անտոնյանին չէին ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ, բացի այդ՝ քրեական գործի հարուցումն ամիսներով ձգձգվել է, ինչպես նաեւ տվյալ քննությունը հասանելի չի եղել տուժողի ընտանիքին:

«ՀՀ-ում կյանքի իրավունքի վերաբերյալ կատարվող նախաքննությունները իրականացվում են բազմաթիվ թերություններով եւ խախտումներով: Կոնկրետ մենք ունենք բազմաթիվ գործեր, որոնց շրջանակներում նախաքննությունը հասանելի չի լինում զոհի ընտանիքին, այսինքն՝ կատարվում է նախաքննություն, բայց տվյալ զոհի ընտանիքը, որը իրավունք ունի անմիջականորեն մասնակցելու եւ իր առաջարկությունները, դիմումները, բողոքները ներկայացնելու նախաքննական մարմնին, զրկված է լինում այդ իրավունքից: Կոնկրետ Արման Անտոնյանի գործով Վճռաբեկ դատարանն անդրադարձավ մեր բարձրացրած հիմնախնդիրներին՝ արձանագրելով նաեւ, որ տվյալ քննությունը հասանելի չի եղել տուժողի ընտանիքին»,- ասում է Արայիկ Զալյանը՝ նկատելով, սակայն, որ առաջին ատյանի կողմից մասնակի բավարարված վճիռը տրամաբանության մեջ չի տեղավորվում:

«Մենք ներկայացրել ենք մեկ պահանջ` վերացնել քննիչի կողմից կայացված` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Դատարանի կայացրած վճիռն անհասկանալի է այնքանով, որ ինքը որոշել է բողոքը բավարարել մասնակի: Մասնակի բավարարել ասածն անտրամաբանական է այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ քննությունը կատարվել է բազմաթիվ խախտումներով, հասանելի չի եղել զոհի ընտանիքին, չի հանգեցրել հանցագործություն կատարած անձանց պատասխանատվությանը, չեն տրվել բազմաթիվ հարցերի պատասխաններ, այս պարագայում ինչ է նշանակում բողոքը բավարարել մասնակի: Մասնակին ընկալելի կլիներ այն դեպքում, երբ ներկայացված լիներ երկու պահանջ, եւ բավարարվեր դրանցից մեկը: Այս պարագայում մասնակի բավարարելն անհասկանալի է»,-եզրափակում է Արայիկ Զալյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30