Սեպտեմբերի 26-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Նյու-Յորք։
Էդվարդ Նալբանդյանի օրակարգի առաջին կետը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Արևելյան գործընկերության նախաձեռնության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությունն էր։ Հանդիպման ընթացքում արծարծվեցին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Հայաստանի արտգործնախարարի և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրխալտերի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին 2014թ. ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության առաջնահերթությունները, մտքեր փոխանակվեցին կազմակերպության գործունեության վերաբերյալ։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրեց «Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան»։
Նույն օրը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահության շրջանակներում Նյու–Յորքում տեղի ունեցավ ՍՏԾՀ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը վարում էր կազմակերպությունը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ Սևծովյան տնտեսական համագործակցության տնտեսական նոր օրակարգի 2013-2015թթ. Գործողությունների ծրագրի իրականացմանը, կազմակերպության արդյունավետության և տեսանելիության բարձրացմանը, Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին առնչվող հարցեր։ Հանդիպման մասնակիցները անդրադարձան նաև ս.թ. հոկտեմբերի 4-ին Երևանում կայանալիք տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով բարձրաստիճան հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Չիլիի արտգործնախարար Ալֆրեդո Մորենոյի հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, երկուստեք կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության հաստատումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների հաստատումը։
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ էր։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Նույն օրը ՄԱԿ-ում՝ ՀՀ մշտական ներկայացուցչությունում, Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նիպակե Նատապեիի հետ։ Երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարությունը։ Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։
Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ հանդիպման ժամանակ վերջինս Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ հաշտեցման գործընթացը։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:
Էնվեր Հոջայը երախտագիտություն հայտնեց Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայության համար։
Հանդիպումների տեսանյութը կարելի է ներբեռնել հետևյալ կայքէջից :
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ