Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐ

Սեպտեմբեր 27,2013 10:38

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քսանմեկերորդ

ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐ

Եվ Հայկունին ժպտալով ասաց՝ «ես իմ գնահատականների տերն եմ. իմ գնահատականներն անփոփոխ են մնում», եւ Ջավախյանը ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «իմ տասնիննուկեսն էլ ա՞ անփոփոխ մնում, պարոն Հայկուն», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «բախտդ բերել ա, որ գնահատականներս փոփոխության  ենթակա չեն, թե չէ՝ ավելորդ ու շատ խոսալու համար կարելի էր քեզ մինչեւ վեց իջացնել», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «որ մինչեւ վեց իջացնեիր, Անանիային կհասնեի՞», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Անանիայի մասնագետն Աբոն ա», եւ Բարդուղը ժպտալով ինձ ասաց՝ «էս Ջավախյանն Անանիայից ավելի ա վախենում, քան՝ քեզանից», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Բարդուղին ասաց՝ «Արմոն Գինեսի՛ գծով ա. իրա վեպն աշխարհի ամենաերկար վեպն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «Անանիան էլ ա Գինեսի գծով», եւ Ջավախյանը զարմացած ինձ հարցրեց՝ «Անանիա՞ն ոնց ա Գինեսի գծով», եւ ես ժպտալով Ջավախյանին ասացի՝ «կստանա՝ կիմանաս», եւ Ջոնը փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «մի վատացի. Արմենը հանաք ա անում», եւ ես ժպտալով ասացի՝ «հեչ էլ հանաք չեմ անում. լրիվ լուրջ եմ ասում», եւ Ջոնը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչն ես լրիվ լուրջ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «Անանիայի ու Գինեսի ռեկորդի հաշվով լրիվ լուրջ եմ ասում» եւ ժպտալով  ավելացրի՝ «ընենց որ, դու էլ մի վատացի, Ջոն ջան», եւ Ջոնը զարմացած  ինձ հարցրեց՝ «ե՞ս ինչի պիտի վատանամ»,  եւ ես ժպտալով Ջոնին ասացի՝ «կարող ա չարաչար փոշմանես, որ Անանիային պերսոնալնի չես զանգել ու խաշի չես հրավիրել», եւ Հայկունին քմծիծաղով ասաց՝ «որ Անանիան Գինեսի գիրք մտնի, Ջոնն էդ առթիվ խաշ կդնի ու Անանիային էլ պերսոնալնի կհրավիրի», եւ Բարդուղը փռթկացնելով ասաց՝ «Ջոնը խաշ կդնի, եւ Անանիայի Գինեսն ու Ջավախյանի Նոբելը միասին կնշենք», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «ես համաձայն չեմ. դրանք առանձին-առանձին պիտի նշվեն», եւ Ջոնը ժպտալով ասաց՝ «խաշն իմ վրա, բայց Անանիան Գինեսի գիրք մտնելու ոչ մի վարիանտ չունի», եւ Անանիան ժպտալով Ջոնին հարցրեց՝ «ուզում ես ասես, որ Ջավախյանը Նոբելյանի վարիանտ ունի՞», եւ Ջոնը փռթկացնելով ասաց՝ «Ջավախյանի Նոբելյանը լրիվ ա ցնդաբանություն», եւ Հայկունին ժպտալով Ջոնին ասաց՝ «ամեն ինչ կանես, մենակ թե՝ մի անգամ էլ խաշ չդնես», եւ Ջոնը մի քիչ մտածեց, նայեց ինձ ու զարմացած հարցրեց՝ «ախր Անանիան ի՞նչ գծով պիտի Գինեսի գիրք մտնի», եւ ես Անանիային ժպտալով հարցրի՝ «ասե՞մ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «հարմարությանդ նայի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ Ջոնին էդքան հետաքրքրում ա, կարաս ասես»,  եւ Հայկունին ինձ ասաց՝ «դու կարաս ամենաերկար վեպի իմաստով Գինեսի գիրք մտնես, բայց Անանիա՞ն ինչ գծով պիտի մտնի», եւ ես ժպտալով ասացի՝ «իրա Գինեսը գրականության հետ ոչ մի կապ չունի», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ հետ կապ ունի», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «քննությունների», եւ Ջավախյանը թարս նայեց Անանիային ու ասաց՝ «մեր հացին վայիս էղար՝ քիչ ա, հիմի էլ տղերանց հացին ե՞ս վայիս ըլնում», եւ ես ժպտալով ասացի՝ «տղերանց հացի հետ էլ ոչ մի կապ չունի», եւ Ջավախյանն ինձ ասաց՝ «բա քննություններ ես ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «քաղծառայողի քննությունների գծով Անանիան հանգիստ կարա Գինեսի գիրք մտնի», եւ Ջավախյանն ասաց՝ «այսինքն», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքը հիսուն անգամ քաղծառայողի քննություն ա հանձնել», եւ Անանիան ժպտալով ինձ ուղղեց՝ «քառասունութ» եւ ժպտալով ավելացրեց՝ «հիսունը որ դզվի, նոր կմտածեմ», եւ Ջավախյանն անհանգստացած հարցրեց՝ «ի՞նչ պիտի մտածես», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Գինեսի գրքի հաշվով», եւ Հայկունին ասաց՝ «հաստատ ոչ մեկը հիսուն անգամ քաղծառայողի քննություն հանձնած չի ըլնի», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «առայժմ քառասունութ», եւ Արիկն ասաց՝ «կարող ա ինչ-որ մեկն էդ քննությունը հիսուն անգամ հանձնած ըլնի, բայց դժվար թե Անանիայի պես հիսուն անգամ գերազանց գնահատական ստացած ըլնեն», եւ Անանիան ժպտալով ճշտեց՝ «քառասունութ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիսունը որ լրանա, նոր կարող ա Գինեսի գրքի ուղղությամբ մտածեմ», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «վարիանտ չկա, որ ուրիշ մեկն էլ հիսուն անգամ գերազանց ստացած ըլնի», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային հարցրեց՝ «դու էլ ե՞ս տասնիննուկես ստացել, ադա», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ես մենակ քսան եմ ստանում» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով Հայկունուն ասաց՝ «բայց դու ամենակարեւորը հաշվի չես առնում», եւ Հայկունին  հարցրեց՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «քառասունութ անգամ քաղծառայողի քննությունից գերազանց եմ ստացել, բայց ոչ մի անգամ աշխատանքի չեն ընդունել», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «էդ արդեն լրիվ Գինեսի գործ ա», եւ Անանիան  մի քիչ  մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «սկզբում մտածում էի պրեզիդենտին բաց նամակ գրեմ, բայց հետո էս Գինեսի տարբերակը մտքովս անցավ» եւ մի քիչ էլ  մտածեց, նայեց ինձ ու ժպտալով ավելացրեց՝ «ճիշտն ասած՝ էդ Գինեսի տարբերակն Արմենը հուշեց», եւ Ջավախյանը թարս նայեց ինձ ու ասաց՝ «մեկն ըլնի՝ էդ Գինեսի տարբերակն Արմենին հուշի» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «ինքն աշխարհի ամենաերկար վեպն ա գրել, բայց ուրիշներին ա Գինեսի գծով խորհուրդներ տալի», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «դո՞ւ ինչի  վատացար, տղա ջան», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «ես վատանալու ոչ մի պատճառ չունեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վայթե էդ Գինեսի համար հեչ փող էլ չեն տալի» եւ մի քիչ էլ մտածեց, նայեց ինձ ու փռթկացնելով ասաց՝ «որ մեջը փող ըլներ, Արմոն արդեն ստացած կըլներ», եւ Հայկունին ասաց՝ «շատ դժվար ա ապացուցել, որ Արմենի վեպն աշխարհի ամենաերկար վեպն ա, բայց Անանիայինը մի քանի րոպեում կարան ճշտեն» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Անանիային հարցրեց՝ «բա ինչի՞ չես դիմում. ո՞ւմ ես սպասում», եւ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «էրկու հատ էլ կհանձնեմ, նոր կմտածեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիսունը սավսեմ ուրիշ թիվ ա. կլոր թիվ ա», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային ասաց՝ «որ Գինեսի գիրք մտնես, էդ վախտ Ջոնն իսկականից կփոշմանի», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «Ջո՞նն ինչի պիտի փոշմանի», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «կփոշմանի, որ ոչ թե քեզ ա պերսոնալնի խաշի հրավիրել, այլ՝ ինձ», եւ Անանիան ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «կարող ա՞ Գինեսը Նոբելից բարձր ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նաղդ Գինեսը հազար հատ նիսիա Նոբել արժի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «բայց իմ Գինեսն էլ առանձնապես նաղդ չի», եւ Ջավախյանը  մի քիչ  մտածեց ու Անանիային  ասաց՝ «հաստատ ուրիշ մեկն էդ զադից հիսուն անգամ հանձնած չի ըլնի», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «կարող ա հիսուն անգամ էդ զադից հանձնած ըլնեն, բայց հիսուն անգամ գերազանց ստացած չըլնեն», եւ ես ծիծաղելով ավելացրի՝ «կարող ա հիսուն անգամ գերազանց ստացած ըլնեն, բայց գոնե մի անգամ էդ գերազանցի հիման վրա աշխատանքի ընդունած ըլնեն», եւ Աբոն ժպտալով Անանիային հարցրեց՝ «բայց մի անգամ աշխատանքի ընդունել էին, չէ՞», եւ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «իմ գործի ընդունվելն ու աշխատելն ընդամենը մի շաբաթ տեւեց» եւ մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «երկրորդ շաբաթվա հենց առաջին օրն ազատեցին», եւ Հայկունին ժպտալով Անանիային հարցրեց՝ «ինչի՞ ազատեցին», եւ Աբոն ժպտալով Հայկունուն ասաց՝ «իբր թե չգիտես», եւ Հայկունին ասաց՝ «ազնիվ խոսք՝ չգիտեմ», եւ Արիկը ժպտալով Հայկունուն ասաց՝ «որովհետեւ վերջերս շատ ես բացակայում», եւ Հայկունին մեղավոր ժպտալով ասաց՝ «Անանիայի քաղծառայողական  ռեկորդների մասին տեղյակ եմ, բայց որ մի անգամ աշխատանքի ընդունել են, էդ մեկը չգիտեի», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «էդ մի անգամը կարող ա Գինեսի գործին խփի», եւ Բարդուղը  փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «դու էլ վռազ տղի վրա պիտնո գտար», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կարան ասեն՝ մի անգամ աշխատանքի ընդունվել ես», եւ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «իրանց ասելով չի» եւ մի քիչ  մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «հրամանս չեն էլ տվել» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ոչ էլ մի կոպեկ աշխատավարձ եմ ստացել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել