«Փլեյ Սիթիում» կայացավ քաղաքների միջեւ բոուլինգի ինտերնետային անհատական եւ թիմային միջազգային մրցաշար, որին մասնակցեցին Հայաստանի երկու թիմեր՝ «Արարատը» եւ լրատվամիջոցների աշխատողներից բառացիորեն վերջերս կազմված «Մեդիա» սիրողական թիմը:
Մրցակիցները Մոսկվայի, համապատասխանաբար, ԲԿՄԱ եւ «Գալակտիկա» թիմերն էին: Անցկացվեց յոթ խաղ. չորս՝ թիմային եւ երեք՝ անհատական, որոնք բոլոր էլ անցան համառ պայքարում: «Արարտը» անհատական պայքարում պարտվեց ԲԿՄԱ-ին, սակայն թիմայինում հաղթեց, իսկ ահա «Մեդիան» միավորների չնչին տարբերությամբ երկուսում էլ տանուլ տվեց: Մրցաշարի ավարտին «Արարատի» ավագ, «Ինտերնետ բոուլինգ» միջազգային կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Աղաբաբյանը Aravot.am-ին ասաց. «Այս պարտության պատճառը մրցափորձի պակասն էր: Ասածս վերաբերում է հատկապես նորաստեղծ «Մեդիա» թիմին, որն ընդամենը մի քանի անգամ է մեկտեղ հավաքվել: Բոուլինգը Հայաստանում նոր է սկսում մասսայականություն վայելել ու զարգանալ՝ հատկապես վերջին շրջանում ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ կազմակերպված մի քանի մրցումների: Մինչդեռ, այս մարզաձեւը, մասնավորապես, Մոսկվայում շատ մեծ տարածում ունի եւ մարդիկ այնտեղ մշտապես երկար ժամանակ են անցկացնում բոուլինգի սրահներում: Սակայն,ĭինչպես ասում են, սա դեռ սկիզբն է: Ինտերնետային բոուլինգի միջազգային այս մրցաշարը նոր է մեկնարկել: Մենք երկու թիմերով մրցելու ենք տարբեր քաղաքների հետ: Համոզված եմ, որ խաղից՝ խաղ մեր խաղացողները, հատկապես, լրագրող մարզիկները, մրցափորձ ձեռք կբերեն ու տպավորիչ հաղթանակներ կտոնեն: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այստեղ ավելի մեծ ուշադրություն դարձվի բոուլինգին եւ գտնվեն մարդիկ ու կազմակերպություններ, որոնք թիկունք կկանգնեն ժամանցային այս գեղեցիկ մարզաձեւին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ