Երկրի ներսում ինչո՞ւ են անկախ երկրի քաղաքացիներին կանգնեցնում ռուս սահմանապահները, սա միգուցե հենց Հայաստանի համապատասխան մարմինների բացթողումն է, որոնք ռուսների ներհանրապետական անելիքներն իրենք պետք է անեին ու այդպիսի իրավիճակ թույլ չտային` փոխգործակցության պայմանավորվածություն կա, չէ՞: Նույնիսկ այն դեպքում, երբ ռուս սահմանապահները հետախուզվող անձ են փնտրում, դա պետք է անեն մեր համապատասխան ծառայությունների հետ եւ ոչ թե ինքնադրսեւորվեն:
Ի՞նչ է սա. եթե սադրանք է` հատկապես ո՞ր, հայկական, թե՞ ռուսական կողմին է պետք եղել, անձերի՞, թե՞ ծառայությունների մակարդակով է սադրանքը ստեղծվել: Անկախ նրանից, որ երեկ մեր լրատվամիջոցները պաթոսով եւ արդարացի դատապարտում էին այն իրողությունը, թե` ինքնիշխան երկրի ներսում այլ պետություն ներկայացնող անձինք նվաստացրել են Հայաստան պետության քաղաքացիներին, փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է հնարավոր եղել նման բան:
Արդյո՞ք կարող են իրականությանը դույզն- ինչ մոտ լինել այն կանխատեսումները, որ ռազմավարական գործընկերը արդեն կենցաղային եւ այլ մակարդակներով կուզենա ցուցադրել իր ներկայությունը, այդպիսով շատ հարցերի հետ կապված հիշեցնելով իր մասին: Պարզ թյուրիմացությո՞ւն է, թե՞ լավ մտածված, դետալացված գործողություն: Եթե պարզ թյուրիմացություն է եղել, ապա սա շատ հեշտ կարելի է չեզոքացնել` պաշտոնական ներողությամբ ՀՀ-ից, ու հայկական կողմն էլ եթե պաշտոնապես գնահատական հնչեցնի: Այս դեպքում որպես եզակի դեպք, պատահականություն տեղի ունեցողը գուցե հարթվի-մոռացվի:
Սակայն եթե գոնե ռուս սահմանապահների մակարդակով ուժի ցուցադրում է եղել ՀՀ քաղաքացիների հանդեպ` սրանից մերոնք պետք է հետեւություններ անեն, թե արդյո՞ք Մաքսային միություն մտնելը կարող է այս պատահականություններն օրինաչափություն դարձնել, անկախ նրանից, որ ի վերջո տեղի ունեցողում գուցե դեր է ունեցել ընդդիմադիր պատգամավորի սովորաբար ակտիվ պահվածքը: Բոլոր դեպքերում չենք կարծում, որ մեր հանրությունն անտարբեր մնա այս տեսակ դրսեւորումների հանդեպ: Երկուշաբթի Ազգային ժողովում պարզաբանում պետք է պահանջվի տեղի ունեցածի վերաբերյալ, անգամ մի դատապարտող հայտարարություն ընդունվի: Իսկ մինչ այդ միգուցե ռուս սահմանապահների կողմից ինչ-որ պաշտոնական հայտարարություն կհնչի, ու ըստ այդմ տեղի ունեցողը շարունակություն կունենա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում